Ամեն մեկը պետք է հասկանա, թե ի՞նչ առաքելություն ունի կոնկրետ Հայաստանի և Արցախի դեպքում, և իր մասնագիտությամբ փորձի օգտակար լինել. Ֆրանսահայ պրոդյուսեր
Ֆրանսահայ պրոդյուսեր Նարե Թադևոսյանը 2022 թվականը գործնական առումով շատ լավ տարի է համարում, որովհետև հաջողվել է ներկայացնել «Հայաստան՝ սուրբ երկիր» («Armenia Terra Sacra») ֆիլմը: Այն Հայաստանի և Արցախի միջնադարյան ճարտարապետության մասին է, որտեղ ներկայացված են նաև Արցախի այն եկեղեցիները, ամրոցները, որոնք արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով թշնամին օկուպացրեց:
«Սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում 7 ցուցադրություն կազմակերպեցինք Փարիզում, ինչպես նաև շատ մեծ կամուրջներ ստեղծեցինք, որպեսզի կարողանանք հաջորդ տարվա ընթացքում ևս ցուցադրություններ կազմակերպել: Պետք է նշեմ, որ մեզ համար շատ կարևոր էին հայաստանյան ցուցադրությունները, որոնք լինելու են շարունակական: Մտադիր ենք այս տարվա հուլիս ամսին կրկին գալ Հայաստան և նկարահանել մեր 3-րդ ֆիլմը. Հայաստանն ու Արցախը՝ չորս եղանակների ժամանակ: Կատարելու ենք նաև եկեղեցիների, ամրոցների պրոֆեսիոնալ լուսանկարահանումներ, ու, եթե ֆինանսավորում գտնենք, կցուցադրենք աշխարհի տարբեր երկրներում»,- մեզ հետ զրույցում ասաց Նարե Թադևոսյանը՝ ընդգծելով, որ սամիայն մշակութային ձեռնարկ չէ:
«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում տիրող այս խառը ժամանակները՝ դա նաև քարոզչական և իրականությունը ներկայացնելու միջոց է, որն արվում է ոչ թե քաղաքականությամբ, այլ մշակույթի միջոցով, քանի որ ես և ֆիլմի ռեժիսոր Նարեկ Ոսկանյանը կարծում ենք, որ մեզանից յուրաքանչյուրն իր ձևովկարող է պայքարը մղել:Ամեն մեկը պետք է հասկանա, թե ի՞նչ առաքելություն ունի կոնկրետ Հայաստանի և Արցախի դեպքում, և իր մասնագիտությամբ փորձի օգտակար լինել: 44-օրյա պատերազմից հետո լիակատար և ուրախ Ամանոր չեմ կարողացել նշել:
Վստահ եմ, որ այդպես է բոլորի մոտ, յուրաքանչյուր գիտակցող հայ այդ նույն մտահոգությունների մեջ է եղել: Ցավալի է, որ երեք շաբաթ է, ինչ փակ է Բերձորի միջանցքը ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից: Երբ Հայաստանում էի, գնացի ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, հանդիպեցի իրենց բողոքի ձայնը բարձրացրած մեր հայրենակիցներին: Տեսա երեխաների, ովքեր ծնողներից մեկի հետ այստեղ էին մնացել, մայրն ու մյուս երեխան՝ Արցախում: Կային երեխաներ, ովքեր Երևանում էին մնացել ուսուցչուհու հետ: Դրա համար ամեն մեկս պետք է մտածենք, թե ինչ անենք, որ իրավիճակը շտկվի: Մենք դա կարող ենք, հայի ողնաշարը կոտրել չի լինի»,- ընդգծեց Նարե Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի: