«Մեռնում ենք՝ միասին ենք մեռնում, ապրում ենք՝ միասին ապրենք, մեր հողը պաշտպանենք»․ Վանք գյուղի բնակիչ
«Շրջափակման մեջ ապրող ժողովուրդ ենք, անտեր ժողովուրդ ենք դարձել թուրքերի ձեռքին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ Ալյոշա Հակոբյանը։
Արդեն 3 շաբաթից ավելի շրջափակման մեջ գտնվող արցախցի տղամարդն ասաց՝ ստեղծված իրավիճակից միակ ելքը համախմբումն է․
«Ղարաբաղցիներս ուժեղ ենք, դիմանում ենք դեռ, տեսնենք՝ սրա վերջն ինչ է դառնում։ Բայց լավ կլիներ, որ Հայաստանն աչքաթող չաներ Արցախին, եթե Արցախը վաղը չլինի, մյուս օրը Գորիսը չի լինի, ու այդպես շարունակ։ Միաբան պետք է դառնանք, որ այս թուրքական, ռուսական լծի տակից դուրս գանք։ Հարկավոր է միացած, կամ մահ, կամ ազատություն, ուրիշ վիխըդ չունինք։ Միանալ ասելով՝ նկատի ունեմ՝ Հայաստան-Արցախ մի պետություն։ Մեռնում ենք՝ միասին ենք մեռնում, ապրում ենք՝ միասին ապրենք, վսյո։ Մեր հայ ազգի գիտությունը ոչ մինն ունի ոչ, բայց այսօր Հայաստանը ոչ մի բան չունի։
Մեզ համար լավ կլինի, որ Իրանի հետ հարաբերություններ կարգավորենք, դա մեզ համար ավելի շահավետ է, քան մյուս երկրները»։
Արդեն 26 օր է՝ շրջափակման մեջ եք գտնվում, հումանիտար ճգնաժամ է առաջացել, պարենի խնդիր կա, ներկա պահին իրավիճակն ինչպե՞ս է Վանք գյուղում, ի՞նչ խնդիրներ են առաջացել՝ հարցրեցինք արցախցի տղամարդուն․
«Ժողովուրդը լոխ սիգարետ քաշող են, բայց չկա, չեն կարողանում ծխել, տղամարդիկ հեն են լոխ գժված։ Պեսոկը կա ոչ, բանջարեղենն ընդհանրապես չկա, էն ա մի հաց ա մնացել, ժողովուրդն էլ անասուն են մորթում, տանում քաղաք, զոռով յոլա ենք գնում, կարտոշկա ընդհանրապես չկա։ Ծանոթներիցս մեկը, որ Ստեփանակերտում է ապրում, 5 փոքր երեխա ունի, Մոսկվա ռեյս է անում՝ գռուզ է տանում-բերում, հիմա եկել է Երևան, շրջափակման մեջ է մնացել, կարում չի գա, զանգ ա տվել ինձ, թե՝ Ալյոշա ձյաձյա, տանը կարտոշկա չկա, ասի՝ պրոբլեմ չկա, ախպեր, 2 կարտոշկա է, մինը ես կուտեմ, մյուսը կտանիմ կտամ իրենց, 10 կիլո կարտոշկա ունեինք, 5 կիլոն մուրաբաների հետ տարել եմ տվել, որ երեխաներին ուտելիք լինի, հատե էդ ձևի ենք, բայց մեր ազգը պառակտվել է, մի ձևի ենք դառալ, մունք 1991 թվին պատերազմել ենք ու հաղթություն տարել, բայց հիմա․․․
Ես ասում եմ, թող մեզ զենք տան, պարտիզանական ջոկատներ կազմենք, մեր հողը պաշտպանենք։ Հարկավոր է՝ ինչ գործ բռնում ենք, միասնական բռնենք, ոչ մի մարդ մեզ քյոմագ չի անելու, մունք պետք է մեր տեխնիկան զարգացնենք, պետք է վախեցնենք այլ ազգին, որ չհամարձակվի մեզ հետ սպառնալիքի լեզվով խոսա»։
Ամփոփելով զրույցը՝ Ալյոշա Հակոբյանն ասաց, որ բացի համախմբումը, նաև պետք է բանակցողը փոխվի.
«Իշխանափոխություն պետք է լինի, բա հո՞ւնց, էն մարդը պետք է նստի աթոռին, որը հայասե՛ր, որը ժողովրդասե՛ր է, որը մա՛րդ է․․․»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։