«ՀՀ իշխանությունները խնդիր ունեն լուծելու, իրենք Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու են»․ Մետաքսե Հակոբյան
«Արցախում ամեն բացվող օրվա հետ մարդկանց մոտ լարվածությունը մեծանում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 12-ից մինչ օրս թշնամի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու հանգամանքին և դրանից բխող հետևանքներին։
Պատգամավորի խոսքով՝ շրջափակման 24-րդ օրն արդեն առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ սպառվել են, դե, իսկ միրգ-բանջարեղենի մասին խոսելն ավելորդ է։
«Չնայած, որ 2 տարի շարունակ երկրի նախագահը ամպագոռգոռ հայտարարություններ էր անում, թե ինքը ոնց է զարկ տվել գյուղատնտեսության զարգացմանը, արդյունքը հիմա երևաց, որ որևէ բան էլ չի եղել, պաթոս ու սուտ է եղել, որն արդեն օրինաչափ է դարձել։
Բայց մարդիկ դրանից անհանգստացած չեն, որովհետև, երբ շփվում եմ նրանց հետ, առաջին երկու րոպեն են դրա մասին խոսում, հետո այլ հարցեր են լինում՝ մինչև ե՞րբ, ինչքա՞ն․․․
Ի վերջո, բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք այս պահին կիսված են, կան մոտ 300 անչափահաս երեխաներ, որոնք առանց ծնողների Հայաստանի տարբեր մասերում են, և հակառակը՝ երեխաներն են այստեղ, ծնողները՝ Հայաստանում, և առ այսօր չեն կարողանում վերադառնալ»։
Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այսօր Արցախի իշխանությունն իր լռությամբ անում է այն, ինչ թշնամուն չհաջողվեց անել անցնող 2 տարիների ընթացքում, արցախցիների մոտ խուճապ առաջացնել․
«Թշնամին 2 տարուց ավելի տարբեր միջոցներով փորձեց խուճապ առաջացնել, բայց այդպես էլ չհաջողվեց, այսօր դա հաջողվում է Արցախի իշխանություններին։ Այսօր իրենց պահվածքի արդյունքում մարդիկ կամաց-կամաց խուճապի մեջ են ընկնում, պայմանավորված նրանով, որ չեն լսում իշխանության ձայնը։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ մարդիկ ուզում են հասկանալ, թե իշխանություններն ի՞նչ են անում այսօր, ինչո՞վ են զբաղված, որովհետև այն հայտարարությունները, որ իբրև թե լուծվում են հումանիտար խնդիրները, որի մասին խոսում է նաև ՀՀ վարչապետը, դա արվում է նորից 44-օրյայի սցենարով, արվում է Հայաստանում և արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին մոլորեցնելու համար, որովհետև Արցախում մենք ենք և մենք շատ լավ գիտենք, որ որևէ հումանիտար օգնություն հնարավոր չէ իրականացնել, քանզի այսօր միջանցքը փակ է»։
Պատգամավորն ասաց, որ արդեն ռուս խաղաղապահներն ու Կարմիր խաչի աշխատակիցներն են դժվարությամբ անցնում ադրբեջանցիների կողմից փակված հատվածով․
«Կարմիր խաչն ունի բազմաթիվ խնդիրներ, նրանց մեքենաներն արդեն դժվարությամբ են կարողանում անցնել, այն էլ՝ ծայրահեղ դեպքում, երբ մարդն արդեն մահամերձ է, մի կերպ կարողանում են համաձայնեցնել։ Նույնիսկ Կարմիր խաչի աշխատակիցների հետ ենք մենք հանդիպել և հասկացանք, որ իրենք արդեն անհանգստացած են, որովհետև այնտեղ ագրեսիվ մի հոծ բազմություն է, որի համար միևնույն է, թե դա Կարմիր խաչի մեքենա՞ է, թե՞ ռուս խաղաղապահի։
Այս խնդիրները գնալով մեծանում են, բայց թե Հայաստանի, թե Արցախի իշխանություններն ուղղակի ստո՛ւմ են, երբ փորձում են ներկայացնել, թե իրենք հումանիտար խնդիրներ են լուծում։ Հումանիտար խնդիր ասելով՝ մենք նկատի ունենք նաև ընտանիքների միավորումը։ Մարդկանց մոտ անհանգստությունը շատ մեծ է ու ժամերի ընթացքում ավելի է մեծանում՝ պայմանավորված նրանով, որ Արցախի իշխանությունները լուռ են։
Բավականին երկար ժամանակ և անընդհատ ՀՀ վարչապետն ասում էր, որ ցանկացած քայլ անելուց առաջ ինքը խորհրդակցում է Արցախի նախագահի հետ, լսում նրա տեսակետը և առաջնորդվում դրանով, և այս կողմից հերքում չի եղել դա, և երբ մենք փաստել ենք, որ տիրոջ և ծառայի կարգավիճակում են Հայաստանի և Արցախի ղեկավարները, այստեղ միշտ փորձել են հակափաստարկներ բերել, որ հակառակը՝ գործընկերային հարաբերություններ ունեն, ուստի արդեն 20 օրից ավելի է՝ մենք հորդորում, կոչ ենք անում Արցախի իշխանություններին, որպեսզի հասցեական խոսեն, դնեն հստակ պահանջներ, որոնք են իրենց անելիքները, որոնք են ՀՀ ղեկավարության անելիքները և ի՞նչ պահանջներ կան ՀՀ ղեկավարությունից, քանի որ Նիկոլ Փաշինյանի խոսքից կարելի է եզրակացնել, որ իրենք որևէ բան չեն պատրաստվում անել և ամեն ինչ բերել են հումանիտար դաշտ՝ ներկայացնելով, որ իրենք լծված են հումանիտար խնդիրների լուծմանը, և որևէ բան չեն անում։
Ստացվում է՝ կամ կա հերթական սցենարը՝ պայմանավորվածություն Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև, որը էլի մեծ անակնկալ է լինելու բոլորիս համար, որովհետև այս լռությունը հենց դա է փաստում, կամ կա մի տարբերակ, որ ինչ-որ մի օր արցախցին ուղղակի չի դիմանա, և դա կօգնի, որպեսզի ՀՀ վարչապետը լեգիտիմացնի այն բոլոր պահանջների կատարումը, ինչ ներկայացրել է Ադրբեջանը, իսկ այդ պահանջներն Ալիևն ավելի քան բացահայտ է ասում, կարծում եմ՝ այդտեղ որևէ գաղտնիք չկա»։
Դիտարկմանը, որ ճանապարհը փակվելուց հետո տարբեր կարծիքներ են հնչում՝ Արցախը հայաթափելուց մինչև Ադրբեջանի հետ համատեղ կյանքի պատրաստել, արցախցի պատգամավորն այսպես արձագանքեց․
«Նպատակը մեկը չէ, մի քանիսն են։ Ադրբեջանն ունի կարևոր նպատակ, և դա ասում են առաջին դեմքի մակարդակով, որ լինելու է Զանգեզուրի միջանցք, Հայաստանի 8 գյուղերը պետք է լինեն Ադրբեջանի կազմում, և խաղաղության պայմանագիրը չի կարող լինել, եթե Ադրբեջանի պայմաններով չի։ Այս պահանջներն են Ադրբեջանի գլխավոր նպատակը։
Այստեղ չի երևում, որ Ադրբեջանը նպատակ ունի համակեցության կամ համատեղ ապրելու, բացարձակ, իրենց նպատակները շատ ավելի հեռուն են գնում, և այդ նպատակները դեռևս կապված են Հայաստանի Հանրապետության հետ, որովհետև Ալիևը չի շեղվում այն մտքից, որ ինքը պատերազմով Արցախի հարցը փակել է, և քանի դեռ դրան հակազդողը չկա, ինքը կարողանում է դա պնդել։
Իսկ ՀՀ իշխանությունները խնդիր ունեն լուծելու, ի վերջո այդ բոլոր պահանջներն իրենք կատարելու են, որովհետև այդ պահանջները կատարելու պայմանավորվածություններն իրենց մեջ կան, բայց պետք է այնպես արվի, որ մարդիկ ընկալեն, թե ինչու կատարեց, որովհետ ամեն դեպքում 2 տարի ՀՀ իշխանությունները պարտվողի հոգեվիճակը, խեղճի կերպարը փորձեցին կերտել մեր ժողովրդի մեջ և մասամբ հաջողել են վախ մտցնել մարդկանց մեջ և ստեղծել մի իրավիճակ, որտեղ ՀՀ վարչապետը կկարողանա արդեն հստակ ասել, որ միևնույն է, ինքը պետք է փրկեր 120.000 արցախցու և այդ պատճառով ինքը գնաց այդ զիջումներին։ Այսինքն՝ ինքն օրինականացնում է այն, ինչ ինքը պետք է անի։
Համակեցության մասով, դա 2018 թվականից Նիկոլ Փաշինյանի գլխավոր ծրագրերից մեկն է, դա էլ կարծում եմ՝ պայմանավորված է կոնկրետ իր անձով, իր սեփական ատելությամբ հայի նկատմամբ, մասնավորապես Արցախում բնակվող հայի նկատմամբ, դա անձնական խնդիր է, որն ինքը փորձում է լուծել»։
Խոսելով սփյուռքում իրականացվող շրջափակման մեջ գտնվող արցախցիներին աջակցող ակցիաների մասին, պատգամավորն ասաց, որ դրանք ավելի մասշտաբային պետք է լինեն, քանի որ խնդրի լուծումը նաև միասնության մեջ է։
«Կարծում եմ՝ ամենամեծ ներդրումը, որ սփյուռքն այս հարցում կարող է ունենալ, դրանք այն հարթակներն են, որոնք մեզ համար անհասանելի են, բայց իրենք կկարողանան օգտագործել։ Մեր հայրենակիցներից շատերն այնպիսի տեղերում են ներկայացված, որ կարող են մեր ձայնը լսելի դարձնել, անդադար օգտագործել այդ հարթակները, ակցիաներ, երթեր իրականացնել, անընդհատ խոսեն Արցախի մասին, քանի որ մենք ունենք շուրջ 10 միլիոնանոց սփյուռք, բայց մեր ձայնը լսելի չէ արտերկրում»։
Ամփոփելով զրույցը՝ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ խնդրի հայանպաստ հանգուցալուծումն ինքն այլևս չի կապում Հայաստանի և Արցախի իշխանությունների հետ․
«ՀՀ իշխանություններին ձեռք չի տալիս այս հարցի հանգուցալուծումն ի շահ մեզ, Արցախի իշխանություններն անկարող են, որովհետև իրենք ենթակա են ՀՀ իշխանություններին, հետևաբար՝ իրենք չունեն, չեն էլ կարող որևէ բան փոխել։ Իմ ակնկալիքները, արդեն 20 օրից ավելի է՝ մեր հայրենակիցներից է, ես բազմաթիվ քաղաքացիների հետ եմ խոսում, իմ բարեկամների, հարազատների, Արցախում և Հայաստանում բնակվողների հետ եմ խոսում ու անընդհատ ասում եմ՝ ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ առ այսօր 40.000-50.000 հայ չի հավաքվել ու չի եկել հասել Տեղ գյուղ, որտեղից, ես վստահ եմ, եթե իմ ասած 50.000-ը հավաքված լիներ, իրենք անխոչընդոտ գալու էին հասնեին, և որևէ մեկը չէր խոչընդոտելու, գալու էին հասնեին այն հատվածը, որտեղ փակել են իբրև թե բնապահպանները, և անմիջապես մենք էինք այստեղից արձագանքելու և տասնյակ-հազարներով գալու, և պատկերացրեք, եթե 50.000 հավաքվեր այդ կողմից, 50.000՝ այս կողմից, ադրբեջանցիները սրբվելու էին ու գնային, ու բոլորի սցենարներն ի չիք էին դառնալու։
Այսինքն՝ այն ղեկավարների, այն խաղացողների, որոնք ի վնաս մեզ են խաղում, ի վնաս մեզ են անում ամեն բան։ Ես կարծում եմ, որ այս պարագայում շատ անելիք ունի հենց ժողովուրդը, ու ինքը կարող է դա անել։ Այստեղ ընդունելի չեն պատճառաբանությունները՝ վստահում ենք այսինչին, չենք վստահում, բացարձակ, մենք բազմիցս փաստել ենք, որ այսօր չկա որևէ քաղաքական ուժ, քաղաքական որևէ դեմք, որն անվերապահ վստահություն ունի իր նկատմամբ, և հետևաբար՝ պետք էլ չի սպասել առաջնորդի, յուրաքանչյուրն իր առաջնորդը կարող է լինել, կարող է հենց քաղաքացիական հասարակությունն այդ ամենը նախաձեռնել, իսկ մենք այստեղից պատրաստ ենք, ու ցանկացած խենթության հասնող տարբերակ կաշխատի այս պարագայում»։