Մարդիկ կանգնած են սովի մատնվելու վտանգի առաջ, իսկ իշխանություններն ամանորյա հանդիսություններից, քեֆ-ուրախություններից աչք չեն բացում

Մինչ երրորդ շաբաթն է, ինչ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, սննդի, ղեղորայքի ու անհրաժեշտ այլ պարագաների մատակարարումները դադարեցված են, 120 հազար մարդ կանգնած է սովի մատնվելու վտանգի առաջ՝ Հայաստանի իշխանություններն ամանորյա պաշտոնական ընդունելություններից ու հանդիսություններից, քեֆ-ուրախություններից ու ճաշկերույթներից աչք չեն բացում։

Այնտեղ մարդիկ ուտելու բան չունեն, իսկ այստեղ իշխանությունները վայելքների մեջ են։

Այնպես են իրենց պահում, կարծես ոչինչ էլ չի եղել. ամանորյա ընդունելություններ ու տոնական միջոցառումներ են կազմակերպում, տարվա «ձեռքբերումներով» են հպարտանում ու փառաբանում իրենց կատարած աշխատանքը։

Մոռանում են, որ այն, ինչ կատարվում է Արցախում, ևս իրենց արածի հետևանքն է։

Ոչ միայն Արցախի ու արցախահայության, այլև Հայաստանի ու ընդհանրապես հայ ժողովրդի անվտանգությունն ու գոյությունն է սպառնալիքի տակ։

Այսպիսի պայմաններում ի՞նչ նշանակություն ունի, թե ինչպիսին են ձեռքբերումները, երբ երկիրն է վտանգի տակ։ Թեև անգամ այդքան թմբկահարվող ձեռքբերումներն են շինծու ու արհեստական։

Տնտեսության աննախադեպ աճերից են խոսում, երբ բոլորին է հայտնի, թե դրանք ինչի արդյունք են։ Պատահական գործոնները բերեցին նրան, որ Հայաստանը, իշխանությունների կամքից անկախ, հայտնվեց արտաքին դրական շոկերի մեջ։ Դրանք էլ դարձան տնտեսական աճի հիմնական պատճառը։ Բայց մյուս կողմից՝ այդ շոկերի հետևանքով տնտեսությունը հասցրել է այնպես շիկանալ, որ փչած փուչիկը շատ արագ կարող է պայթել։ Եվ ոչ միայն տնտեսության մեջ, այլև ֆինանսական համակարգում։

«Եթե ամփոփում ենք մեր ֆինանսական, բանկային համակարգի արդյունքները, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ աննախադեպ տարի ունենք. բոլոր ցուցանիշներով աճերն այնպիսին են, որոնք կարելի է բնութագրել մեկ բառով՝ աննախադեպ Երրորդ Հանրապետության պատմության մեջ»,- Կենտրոնական բանկում կազմակերպված ամանորյա տոնական ընդունելության ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

 

Իսկ գիտե՞ք, թե ինչով են պայմանավորված եղել այդ «աննախադեպ» աճերը, և ի՞նչ կապ ունեն դրանց հետ իշխանությունները։ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով մեծ քանակությամբ ֆինանսական միջոցներ են տեղափոխվել Հայաստան։ Դրանք անցել են բանկային համակարգով՝ հանգեցնելով ֆինանսական ու միջնորդական ծառայությունների աճերին։

Միայն տրանսֆերտների տեսքով ստացվել է 5 մլրդ դոլարից ավելի գումար։ Ու քանի որ բանկերը կտրուկ բարձրացրել են միջնորդության ու սպասարկման վճարները, մեծ շահույթներ են գեներացրել։ Բայց այդ շահույթները միայն օտարերկրացիների գրպանից չէ, որ դուրս են եկել։ Դրանք դուրս են եկել նաև մեր այն քաղաքացիների գրպանից, որոնք դրսից գումարներ են ուղարկում իրենց ընտանիքներին ու հարազատներին՝ գոյատևելու համար։

Նրանք ստիպված են եղել մի քանի անգամ ավելի շատ վճարել բանկերին՝ միջնորդավճարի տեսքով։

Այս մասին, բնականաբար, Նիկոլ Փաշինյանը չի խոսում։ Փոխարենը՝ բանկերի գովքն է անում, որ քաղաքացու գրպանի հաշվին աննախադեպ շահույթներ են ստացել. «Տարին աննախադեպ է նաև բանկային համակարգի շահույթների իմաստով: Այս տարի բանկային համակարգը շուրջ 187 միլիարդ դրամի շահույթ է գեներացրել: Այս թեմային տարբեր առիթներով անդրադառնալու պատճառներ ստեղծվում են, որովհետև ասվում է՝ դե ինչ կապ ունի, դա չկանխատեսված իրավիճակների արդյունք է: Հենց կառավարության, Կենտրոնական բանկի և ընդհանրապես ցանկացած համակարգի խնդիրն է՝ պատրաստ լինել և՛ լավագույն, և՛ վատագույն զարգացումներին, այնտեղ, որտեղ հարվածներն անխուսափելի են, վերցնել այդ հարվածները, տանել, հաղթահարել, իսկ այնտեղ, որտեղ հնարավորություն կա, օգտագործել այն»:

Իսկապես բանկերն օգտագործեցին ընձեռված հնարավորությունը և լիուլի քամեցին մարդկանց գրպանի պարունակությունը, ինչի արդյունքում էլ այդպիսի շահույթներ գեներացրին։

Ընդ որում՝ ոչ միայն դրսից կատարված փոխանցումների, այլև ներսում տարադրամի փոխանակումների, նաև կանխիկի սահմանակումների արդյունքում։

Կանխիկի սահմանափակումը, որը համառորեն առաջ է տանում կառավարությունը՝ առանց հետևանքները հաշվի առնելու, բխում է բանկերի շահերից։ Դրա համար ևս նրանք միջնորդավճարներ են գանձում։

Միջնորդավճարի կատարման պարտավորությունն արտաքուստ թողնված է տնտեսվարողի վրա, բայց պարզ չէ, որ իրականում դա ևս վճարում է քաղաքացին ու սպառողը՝ այս կամ այն ապրանքը գնելու կամ ծառայությունից օգտվելու դեպքում։ Այն բարձր գնաճը, որն ունենք, նաև դրա հետևանքն է։

«Այսօրվա դրությամբ մեր բանկային համակարգի ավանդային պորտֆելը 5 տրիլիոնի է հասնում, և սա շատ լուրջ ցուցանիշ է: Նաև պիտի արձանագրեմ, որ տնտեսության վարկավորման բավական լուրջ ու բարձր ցուցանիշ ունենք»,- ասում է Նիկոլ Փաշինյանը, բայց չի բացում փակագծերը։ Թե ինչո՞ւ, դժվար չէ կռահել։

Տնտեսության վարկավորման լուրջ ու բարձր ցուցանիշ ասվածը, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, չափազանցություն է։

Բանկերի ընդհանուր վարկային պորտֆելն այս տարի ավելացել է ընդամենը 150 մլրդ դրամով, իսկ միայն հիպոթեքային վարկերինը՝ 171 միլիարդով։

Դժվար չէ պատկերացնել, թե ի՞նչ է տեղի ունեցել մյուս վարկային շուկաներում։

Տնտեսության վարկավորման լուրջ ու բարձր աճերից են խոսում, երբ, ասենք՝ արդյունաբերության մեջ բանկերի վարկային պորտվելն այս տարի նվազել է։ Անցած տարվա վերջին 522 մլրդ էր, այս տարվա վերջին 514 միլիարդ է։

Ընդհանուր առմամբ բանկերի վարկային պորտֆելը տարվա ընթացքում ավելացել է ընդամենը 4,2 տոկոսով, այն էլ՝ գերազանցապես հիպոթեքային վարկերի հաշվին։

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այսօր մեր բանկային համակարգում ավանդների պորտֆելը 5 տրիլիոնի է հասնում, ինչը շատ լուրջ ցուցանիշ է։ Բայց միտումնավոր թաքցնում է, որ 5 տրիլիոն դրամ ավանդների դիմաց բանկերն ընդամենը 3,7 տրիլիոնի վարկեր են տեղաբաշխել, ինչն իսկապես աննախադեպ է բանկերի պատմության մեջ, երբ ավանդներն այդպիսի հսկայական ծավալով գերազանցում են վարկերին։

1,3 տրիլիոն կամ ավելի քան 3 մլրդ դոլար մնացել է կախված բանկերում և չի մտել տնտեսություն։

Այնքան են ծանրաբեռնել տնտեսությունը վարկերով, որ նոր միջոցներ ներգրավելու նրանց հնարավորություններն էապես սահմանափակվել են ու փողը մնացել է բանկերում քնած։ Դա ոչ թե 2020թ. կամ Քովիդի տարում իրականացված մեծածավալ վարկավորման արդյունքն է, ինչպես մեկնաբանում է Նիկոլ Փաշինյանը, այլ ուղղակի հետևանքը։

Սա վտանգավոր, նույնիսկ շատ վտանգավոր երևույթ է բանկային համակարգի համար, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը չգիտի, կամ գիտի, բայց չի խոսում։

Ավանդը ենթադրում է, որ դրա դիմաց պետք է տոկոսներ վճարվի։ Բայց որպեսզի բանկը կարողանա տոկոսներ վճարել, պետք է աշխատացնի այդ փողը, այլ կերպ՝ վերածի վարկերի և եկամուտներ ստանա։

Այնինչ՝ վարկ վերցնող չկա, հետևաբար՝ դրանք դառնում են անաշխատ գումարներ, որոնք կախվում են բանկերի վրա։

Այսօր այլ եկամուտների հաշվին սպասարկում են այդ գումարները։ Սակայն վաղը, երբ կրճատվեն կամ չլինեն այդ եկամուտները, բանկային համակարգը կարող է փաստի առաջ կանգնել։

Խնդիրը միայն ավանդները չեն. նույնպիսի լուրջ ռիսկեր են գոյացել նաև հիպոթեքային վարկերի պարագայում՝ սպառնալիքներ ստեղծելով ֆինանսական կայունության համար։ Բայց այդպիսի «մանր-մունր» բաներից Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, չի խոսում, շրջանցում է ու անտեսում։ Այլ բան, որ առիթը բաց չի թողնում հայտարարելու հերթական աննախադեպ աճերի մասին, անկախ նրանից, թե դրանք ինչի արդյունք են և ինչ հետևանքների կարող են հանգեցնել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս