«Խնդիրը ռուս խաղաղապահների մեջ չէ, խնդիրն Ադրբեջանի ու նրան սատարող Թուրքիայի մեջ է». Դավիթ Բաբայան
18-րդ օրն է՝ Արցախն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ։ Այս ամբողջ ընթացքում ՀՀ կառավարության բոլոր նիստերում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Արցախի շրջափակմանը՝ միայն հայտարարել է, որ Բերձորի ճանապարհի անվտանգության պատասխանատվությունը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում է։ Այսօր էլ հերթական նիստում գրեթե նույնը հայտարարեց՝ ընդգծելով, որ «Եթե Ռուսաստանի Դաշնությունն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ՝ ինքը պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի․․․»։
Արդյո՞ք Արցախը կիսում է ՀՀ այդ տեսակետը, որպեսզի ԼՂՀ-ում տեղակայվեն բազմազգ խաղաղապահներ, միայն միջազգային կառույցների կողմից Ադրբեջանի վրա ճնշումներ կատարելով հնարավո՞ր է բացել Բերձորի ճանապարհը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանն անդրադառնալով այս հարցերին՝ պատասխանեց.
«Խնդիրը ռուս խաղաղապահների մեջ չէ, խնդիրն Ադրբեջանի մեջ է։ Միջազգային հանրությունը պետք է ճնշի Ադրբեջանին, պետք է գործուն մեխանիզմներով ճնշի այդ երկրին։ Հիմա եթե իրենք ռուս խաղաղապահների հանդեպ են նման վերաբերմունք ցուցաբերում, նույնը և տասն անգամ ավելի շատ կանեն, օրինակ, սկանդինավների նկատմամբ։ Փաստորեն այս ամենին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն էլ է անդրադառնում, բայց սրանց համար միևնույն է։ Ուրեմն՝ խնդիրն Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի մեջ է, դրա համար ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ճնշումները լինեն Ադրբեջանի վրա։ Ես այսպես եմ մտածում, սա իմ անձնական կարծիքն է»։
Ըստ Դավիթ Բաբայանի, Ադրբեջանն իր սադրանքները շարունակում է և փորձում է շփոթմունք տարածել, որպեսզի հայությունը սխալ ճանապարհով գնա, ներքին պառակտում լինի, և այլն։
«Միջազգային հանրության ճնշումներով պետք է Ադրբեջանը կառուցողական դաշտ մտցվի, այլ տարբերակ չկա։ Այդ երկիրը բոլոր կանոնները խախտում է ու թքած ունի ամեն ինչի վրա՝ բառիս բուն իմաստով, ինչպե՞ս կարելի է սովամահ անել 120 հազար մարդու։ Հայտարարությունները շատ լավ են, բայց հայտարարությունների մակարդակով տեսնում ենք, որ սայլը տեղից չի շարժվում, հետևաբար՝ պետք է գործուն մեխանիզմներ լինեն, սանկցիաներ կիրառվեն։ Ադրբեջանը անհիմն ճանապարհ է փակում, բայց փոխարենը՝ իր նկատմամբ որևէ սանկցիա չի կիրառվում, սա է պատճառը, որ այդ սանկցիաները պետք է լինեն»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Հարցին՝ Ադրբեջանի արտգործնախարարը Բերձորի ճանապարհը փակելու ֆոնին խոսում է «ադրբեջանական գյուղերն Ադրբեջանին վերադարձնելու» մասին, արդյո՞ք այդ ճանապարհը չի փակում, որպեսզի հավելյալ ճնշումներ գործադրի նաև Հայաստանի վրա՝ հայկական տարածքներ վերցնելու համար, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ երբ Ադրբեջանը որևէ քայլ է անում, անպայման մի քանի նպատակ է հետապնդում։
«Այստեղ ամեն ինչ հաշվարկված է, եթե մի նպատակը չի ստացվի, այն մեկը կստացվի, և այլն։ Չի բացառվում, որ տարբեր նպատակներ է իր առջև դրել, և առհասարակ՝ սա ընդհանուր առմամբ հայության վրա ճնշում է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է։