«Եթե ՌԴ-ն չի կարողանում ԼՂ-ում կայունություն ապահովել, ապա պետք է դիմի ՄԱԿ-ին՝ ԼՂ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարցով»․ Նիկոլ Փաշինյան

«Լաչինի միջանցքի շուրջ 18 օր փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օր օրի սրվում է»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում։

«Առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի ու ավելի զգալի, խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվում, հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական լարված վիճակում։

Այս ամենը հաշվի առնելով, հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով, աշխատանքային խումբ ձևավորելու որոշում եմ կայացրել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, որի խնդիրը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելը և անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ»,- ասաց Փաշինյանը, ապա հավելեց, որ աշխատանքային խմբում ընդգրկվելու են նաև Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Կարդացեք նաև

Փաշինյանը հայտնեց, որ Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված է Լեռնային Ղարաբաղին 4 միլիարդ դրամի լրացուցիչ աջակցություն տրամադրելու մասին հարցը․

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անհրաժեշտ հումանիտար, սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելը բացարձակ անհրաժեշտություն է։ Հումանիտար ճգնաժամի միջազգային հանրահռչակումը նույնպես մեր ամենօրյա աշխատանքի մասը պիտի դառնա, գործընկեր պետությունները, միջազգային կազմակերպությունները պիտի մանրամասնորեն տեղեկացված լինեն հաստատված հումանիտար ճգնաժամի և իրավիճակի վատթարացման մասին»։

Շարունակելով խոսքը՝ Փաշինյանն ընդգծեց, որ Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպիտ խախտում է։

«Այս կետով պարտավորություն են կրում եռակողմ հայտարարության կողմերից երկուսը՝ ադրբեջանական հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը։
Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը, իսկ ՌԴ խաղաղապահ զորախումբը վերահսկողության տակ է պահում Լաչինի միջանցքը։

Միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից շրջանառվող այն դրույթը, թե Լաչինի միջանցքը բաց է երթևեկության համար, սի՛ն են և իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից, և սա նրա միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է։

Եթե նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանդիստական վարկածի վրա, թե Լաչինի միջանցքը փակել են էկոակտիվիստները, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով՝ Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկությունն ապահովելն Ադրբեջանի ուղիղ պարտավորությունն է։

Այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը և Ռուսաստանի Դաշնությունը, որն անվտանգային կոնկրետ պարտավորություններ է ստանձնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի առաջ։

Ո՞րն է իրադրության ՌԴ գնահատականը, ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու նրա պլանը և ճանապարհային քարտեզը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ՀՀ-ի և ԼՂ-ի հանրությունը սպասում է Ռուսաստանի Դաշնությունից, որը, հիշեցնեմ, նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։

Եթե Ռուսաստանի Դաշնությունն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ՝ ինքը պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս