Ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան Արցախից տեղափոխվել է Հայաստան
Արցախի «Արեւիկ» բուժմիավորման նորածնային եւ ռեանիմացիոն բաժանմունքներում գտնվող 11 երեխայից մեկը` 4 ամսական փոքրիկը, այսօր տեղափոխվել է Հայաստան։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց «Արեւիկ» բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը։
Նա հայտնեց, որ երեխային տեղափոխելու համար միջնորդել է Կարմիր խաչը. «Երեխան կարիք ունի անհապաղ բժշկական աջակցության։ Նրան ուղեկցում են ծնողները, անհրաժեշտ բժշկական անձնակազմը»,- ասաց նա։
Նշենք, որ երեխայի վիճակը ծանր է։
Հիշեցնենք՝ այսօր Արցախի շրջափակման 13-րդ օրն է։ Հազարից ավելի քաղաքացիներ, նրանց թվում հարյուրավոր երեխաներ, բաժանված են իրենց ընտանիքներից։ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով Արցախում հումանիտար ճգնաժամի ռիսկն օրեցօր մեծանում է։ Ամեն օր Հայաստանից 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։