Նիկոլ Փաշինյանի ստվերային բիզնեսը

Պետության արժանապատվությունը, որի բացակայության մասին հիմա շատ է խոսվում, ու խոսվում է միանգամայն հիմնավորված ու արդարացիորեն, ապրիորի կատեգորիա չէ։ Պայմանականորեն պետության արժանապատվությունը արժանապատվությունների տարբեր տեսակների ու արտահայտությունների հիերարխիայի վերին շերտն է կամ մակարդակը։ Այն ձևավորվում է տարբեր մակարդակներում արժանապատվության  ամենատարբեր դրսևորումներից և հանդես է գալիս հավաքական արժանապատվության կամ դրա բացակայության տեսքով։

Արժանապատվության այդ բազմաշերտ համակարգում կարևոր են դրա բոլոր տեսակները՝ սկսած անհատական, մարդկային արժանապատվությունից, մինչև քաղաքացիական, մասնագիտական, հեղինակությունից բխող արժանապատվություն։ Այսինքն՝ պետությունը հավաքականորեն կարող է լինել արժանապատիվ, եթե այն գոյացնող բոլոր մակարդակներում ու շերտերում դրսևորվում է արժանապատվության գոնե նվազագույն մակարդակ։ Նույն կերպ, անարժանապատիվ քաղաքացի ու առավել ևս նվաստացող պաշտոնյա ունեցող երկիրը չի կարող ունենալ պետական արժանապատվություն։

Այս խնդիրը միայն առաջին հայացքից է թվում տեսական, դատողական, իրականում այն ունի շատ գործնական, կիրառական նշանակություն և դրսևորվում է ամեն օր։ Օրինակ, կարո՞ղ է արդյոք պետությունն իրացնել համարժեք, արժանապատվություն ունեցող արտաքին քաղաքականություն, եթե դա մշակում ու դրա վերաբերյալ հրահանգներ են իջեցնում դիվանագիտության հետ անհամատեղելի մի քանի կասկածելի դեմքեր։

Կարդացեք նաև

Նրանք, ահա, նստում են բազմափորձ դիվանագետների սեղանի գլխին ու դեմքի անիմաստ արտահայտությամբ ցուցումներ են տալիս նրանց, ովքեր իրենց խոհանոցներում ծաղրում են ի պաշտոնե իրենց վերադասներին։

Բայց հանուն դեսպանի իրենց կարգավիճակի, այդ բազմափորձ դիվանագետները կատարում են հրահանգներ, որոնց կործանարարությունը պետության համար ամենաշատը և ամենախորը գիտակցում են հենց իրենք՝ կատարողները։ Ահա այսպիսի  պայմաններում է անձնական ու մասնագիտական արժանապատվության խնդիրը ստանում գործնական դրսևորում։

Հենց հիմա Հայաստանի հակահայկական արտաքին քաղաքականությունը գործնականում սպասարկում են ոչ միայն ուսապարկային անհայտությունները, այլ ավելի շատ բազմափորձ, պետության ակունքներում կանգնած դիվանագետները։ Գուցե ատամները կրճտացնելով, այդուհանդերձ սպասարկում են։ Ու նրանցից որևէ մեկը չի ցուցաբերում նախ՝ քաղաքացիական, ապա՝ մասնագիտական արժանապատվություն, որովհետև ցուցաբերելու դեպքում կարող է «ծեփվել պատերին»։ Ահա իրենց անձը ծեփումից պաշտպանելու ու ունեցած կարգավիճակից չզրկվելու համար, նրանք գերադասում են լռությամբ հետևել,  իսկ ավելի հաճախ՝ մասնակցել Հայաստանի՝ «պատերին ծեփման» գործընթացին։

Այս նույն երևույթն առկա է բոլոր ոլորտներում՝ բանակից ոչինչ չհասկացողին ենթարկվող պրոֆեսիոնալ գեներալներից՝ մինչև անհեթեթ առաքիչի հրահանգները կատարող «ուսյալ» տնտեսագետներ։ Նրանց բոլորին միավորում է անձնական ու մասնագիտական արժանապատվության իսպառ բացակայությունը, որը բարեհունչ հայերենով կոչվում է պատեհապաշտություն։

Ամենազզվելին այն է, որ բոլոր այդ կոնյունկտուրիստներն ունեն մի արդարացում՝ «մենք ծառայում ենք ոչ թե իշխանությանը, այլ պետությանը»։ Բայց այդպես արդարացողները շատ լավ գիտեն, որ դա բուլկի գողացած երրորդ դասարանցու չքմեղացում է, որովհետև իրենք կատարում են ոչ թե պետության, այլ իշխանության հրահանգները, որոնք կարող են ուղղված լինել և ե՛ն պետության դեմ։

Այս խավի մյուս արդարացումն այն է, որ եթե պաշտոնները չզբաղեցնեն իրենք՝ ուսյալներն ու բազմափորձները, ապա դրանցում կհայտնվեն թավշյա տգետներն ու անփորձները, և երկիրը ավելի արագ կկործանվի։ Սա, սակայն, ոչ թե արդարացում է, այլ ինքնախոստովանություն, որովհետև այդպես մոլորեցնողներն արձանագրում են, որ երկիրը, անկախ իրենցից, գնում է կործանման, և իրենք իրենց գիտելիքներով օգնում են, որ կործանումն ավելի «պրոֆեսիոնալ» փաթեթավորվի։

Իրենց ուսմասվարի առաջ ոտքի կանգնող աշակերտների նման պահող կառավարության անդամներ ու թամադայի պես իրենից ցածրին քծնող նախագահ ունեցող պետությունը չի կարող լինել արժանապատիվ։ Հայաստանի պետական կառավարման համակարգի հիմքում դրված է վերևից ներքև նվաստացման սուբլիմացիայի սկզբունքը, որն արդեն արտաքին աշխարհում վերափոխվում է պետության նվաստացման։

Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է «նվաստանալ աշխարհում, նվաստացնել Հայաստանում» սկզբունքով և հաջողության է հասնելու այնքան ժամանակ, քանի դեռ կարողանում է երկրի ներսում գնել մարդկային արժանապատվությունը նույնքան էժան, որքան վաճառում է Հայաստանինը՝ անբարոյականության միջազգային բորսաներում։ Դա Նիկոլ Փաշինյանի ստվերային, բայց, ըստ ամենայնի, ամենաեկամտաբեր բիզնեսն է, որի մասին տեղեկություններ հնարավոր չէ գտնել որևէ հայտարարագրում, բայց որի մասին վկայությունները դաջված են նրա գրեթե բոլոր պաշտոնյաների հայացքներում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս