«Կարծում եմ՝ կարճաժամկետ են փակել, չեն կարող ճանապարհը երկար փակ պահել». Գառնիկ Դավթյան

Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները, որոնք, ըստ տարբեր աղբյուրների, զինվորականներ են, «բնապահպանների» անվան տակ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ Չորս օր է՝ Արցախը կտրված է արտաքին աշխարհից, Ադրբեջանը, ճանապարհը փակելուց զատ, անջատել է նաև մատակարարվող գազը, ինչը հումանիտար ճգնաժամ է ստեղծել արցախահայության համար։

Ադրբեջանցիները Բերձորի ճանապարհը փակելով՝ երկարաժամկե՞տ, թե՞ կարճաժամկետ նպատակներ են հետապնդում, իրատեսակա՞ն է, որ բանակցությունների միջոցով Ադրբեջանը կբացի ճանապարհը, արդյո՞ք ռուս խաղաղապահները ճանապարհը բացելու համար սպասում են քաղաքական որոշման՝ լինի պաշտոնական Մոսկվայի, Երևանի թե Բաքվի կողմից։

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն անդրադառնալով այս հարցերին՝ նշեց, որ իբր «բնապահպանական» պահանջներ առաջ բերելով՝ Ադրբեջանը հետապնդում է հստակ նպատակ՝ առաջին հերթին վերահսկողություն Բերձորի միջանցքի նկատմամբ, կամ, օրինակ, Արցախում որևէ ձևով ներկայացուցչություն ունենալը, ինչն էլ նրան հնարավորություն կտա Արցախում ստեղծել հետախուզական ցանց և վերահսկողություն սահմանել։

«Հետևաբար՝ այդ «բնապահպանական» պահանջները քողարկված են, դրա ետևում թաքնված է Բերձորի միջանցքում մշտապես հսկողություն սահմանելու հանգամանքը։ Այդ ամենը ստանալուց հետո, նրանց համար «կանաչ լույս» կվառվի որոշ ժամանակ անց Արցախի նկատմամբ նոր պահանջներ առաջ քաշելու համար։ Ադրբեջանի նպատակն է նաև մինչև 2025 թվականը՝ ռուս խաղաղապահների ժամկետի լրանալը, ունենալ լավ բյուջե ինչպես ռազմական, այնպես էլ՝ քաղաքական տեսանկյունից»,- նշեց Գառնիկ Դավթյանը։

Կարդացեք նաև

Ըստ փորձագետի, եթե հայկական կողմը գնա զիջումների և Կաշենի հանքը հանձնի Ադրբեջանին, ապա դա ֆինանսական լուրջ խնդիրներ կստեղծի Արցախի համար, նաև լուրջ խնդիրներ կլինեն, եթե այնտեղ գան վերահսկող մարմիններ։ Քանի որ վերահսկող մարմինները նաև կարող են առաջ քաշել սեփական աշխատողների՝ հանքում աշխատելու պահանջը և փորձեն այնպես անել, որ կես-կես աշխատեն՝ արցախցիներն ու ադրբեջանցիները։

«Կարծում եմ՝ կարճաժամկետ են փակել՝ չեն կարող ճանապարհը երկար փակ պահել։ Եթե բացեն, այստեղ էլ այլ հարց կառաջանա, թե Բաքվին ի՞նչ է խոստացել Նիկոլ Փաշինյանը կամ Արցախի ղեկավարությունը։ Նաև չմոռանանք, որ Ադրբեջանն այս ճանապարհը փակել է Արցախը հայաթափելու ակնկալիքով, նաև ռուս խաղաղապահների հեղինակությանը հարված հասցնելու համար։

Այս փուլում Ադրբեջանը ցանկանում է ինչ-որ բան պոկել Հայաստանից կամ Արցախից, նա զուգահեռներ է անցկացնում Բերձորի միջանցքի ու «Զանգեզուրի միջանցքի» հետ, ինչը, բնականաբար, անտեղի է»,- ընդգծեց Գառնիկ Դավթյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ռուս խաղաղապահները կարող են այլ մեթոդներ կիրառել, օրինակ, Մարտակերտի ուղղությամբ փակել ճանապարհը, որտեղով ադրբեջանցիները բեռներ են տեղափոխում։

«Երեկ տեսանք, որ ի պատասխան ադրբեջանցիների նամազների ու միացրած երաժշտության՝ ռուս խաղաղապահները միացրել էին ռազմահայրենասիրական երգեր»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Տեսանյութեր

Լրահոս