«Արցախցին չի տրտնջում, ավելի վատ օրեր էլ են եղել». 4 օր է՝ Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է

Դեկտեմբերի 12-ից Արցախն Ադրբեջանի կողմից ենթարկվել է շրջափակման։ 120.000 բնակիչ Ադրբեջանի գործողությունների հետևանքով կտրված է արտաքին աշխարհից, Ադրբեջանը կտրել է Արցախին մատակարարվող գազը, ինչի հետևանքով արցախցիներն անցել են վառելիքի խնայողությունների։

Ստեփանակերտցի մարզիչ Դավիթ Գրիգորյանը Բերձորի միջանցքը ադրբեջանցիների կողմից փակելուց առաջ՝ դեկտեմբերի 1-ին, արցախցի մարզիկների հետ մեկնել էր Ինդոնեզիա մրցումների։ Մրցումներն ավարտելուց հետո վերադարձել է հայրենիք, սակայն ճանապարհները փակ լինելու պատճառով չի կարողանում հասնել Ստեփանակերտ իր ընտանիքի մոտ, Ստեփանակերտում նրան սպասում են կինը և երկու երեխաները։

Դավիթ Գրիգորյանի կինը՝ Ալյոնա Գրիգորյանը, վստահ է, որ այս դժվարությունն էլ կանցնի, քանի որ 2020 թվականի պատերազմից հետո շատ լավ են գիտակցել, որ նման իրավիճակներ կարող են ստեղծվել, և ամեն ինչի պետք է պատրաստ լինեն։

«Հիմա Արցախում այնքան ընտանիքներ կան, որ առանց ամուսին են, որ նույնիսկ իրավունք էլ չունենք դժգոհելու։ Փառք Աստծո, հասցնում եմ, որևէ խնդիր չկա, համոզված եմ, վստահ, որ միևնույն է՝ սա էլ ենք հաղթահարելու։ Ամեն դժվարություն ժամանակավոր է, և սա էլ կանցնի»,- Արցախի Հանրային հեռուստաընկերության թղթակցին պատմել է Ալյոնա Գրիգորյանը։

Կարդացեք նաև

Դավիթ Գրիգորյանն ընտանիքի հետ կապ է հաստատում տեսազանգի միջոցով, այդպես է կարոտն առնում երեխաներից։

Արցախի Հանրապետության Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը՝ Բերձորի ճանապարհը փակ լինելու հետևանքով կտրված են նաև մայրաքաղաք Ստեփանակերտից, սակայն, ինչպես Մեծ շենի գյուղապետ Դավիթ Դավթյանն է ասել՝ այս ամենը չի վհատեցնում բերդաձորցիներին։

«Մեր գազամատակարարումը մինչ այս էլ այդքան լավ չէր, ճանապարհների հետ կապված, որ գիծը վնասվել է, մինչև հիմա դեռևս վերականգնված չէ»,- նշել է գյուղապետը։

Բերդաձորցիները ժամանակավորապես իրենց տներում տեղավորել են մի խումբ արցախցիների, որոնք ճանապարհը փակ լինելու պատճառով չեն կարողանում մուտք գործել Արցախ։

«Կարծում եմ՝ դեռ մեկ ամիս կդիմանանք, խնդիրը կարող է դեղորայքի հետ կապված լինել, որովհետև ծերերը, թոշակառուները դեղեր են օգտագործում, հո մարդիկ չէի՞ն կարող մեկ տարվա համար դեղ առնեին։ Մեր ոստիկանները խոստացել են, որ Գորիսից այդ դեղերը կբերեն կհասցնեն մեզ»,- ասել է գյուղապետը։

Ճանապարհին մնացած արցախցիներից 12-ը Մեծ Շենում են, մոտավորապես 30 հոգի էլ տեղափոխվել է Հին Շեն։

Արցախում դիզվառելիքի մատակարարումն արդեն իրականացվում է կենտրոնացված և կարգավորվելու է Օպերատիվ շտաբի կողմից. լցակայանները գործում ու սպասարկում են՝ ըստ անհրաժեշտության։

«Ֆլեշ պլյուս» ՓԲԸ  գործադիր տնօրեն Կարմեն Ասլանյանն Արցախի Հանրային հեռուստաընկերության թղթակցին ասել է, որ բուժհաստատությունները, ոստիկանությունը, նաև փրկարար ծառայությունը սպասարկվելու են առաջնահերթ։

«Օպերատիվ շտաբի կողմից տրամադրվելու են կտրոններ՝ իրենց կնիքներով, և որոշվելու է ժամ, և նշված ժամանակահատվածում տվյալ կազմակերպության մեքենաները կսպասարկվեն»,- նշել է նա։

Հեղուկ գազ լիցքավորելու համար գոյացած հերթում կանգնած արցախցի կինը պատմել է, որ փայտ ունեն, բայց քանի որ տանը փոքր երեխա ունեն՝ նաև հեղուկ գազի անհրաժեշտություն է լինում։

«Ուզում են, թող ամիսներով նստեն այնտեղ, փակեն Բերձորի ճանապարհը, մենք փայտով յոլա կգնանք, բայց մեկ է՝ հաղթելու ենք»։

Այդուհանդերձ Արցախից վստահեցնում են, որ անհանգստանալ պետք չէ՝ վառելիքի անհրաժեշտ պաշար կա։

Տեսանյութեր

Լրահոս