
Ադրբեջանցի «բնապահպանները» քաղաքական պահանջներ են առաջ քաշել

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Շուշի-Ստեփանակերտ ճանապարհահատվածում արդեն 4 օր բողոքի ակցիայի դուրս եկած Ադրբեջանի «բնապահպանները» նոր նախապայմաններ են առաջ քաշել:
Բնապահպանական խնդիրների պատրվակով Ադրբեջանի իշխանությունների կողմից հովանավորվող ադրբեջանական ակցիայի մասնակիցները դժգոհել են, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում պայմանավորվածությունները չեն կատարվում:
Այնուհետ նրանք պահանջել են Հայաստանի հետ սահմանին՝ Լաչինի (Քաշաթաղի) շրջանում Ադրբեջանի սահմանապահ ծառայության և մաքսային կոմիտեի կետեր տեղակայել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանություններին մերձակա քաղաքագետ Ֆարխադ Մամեդովը դեռ նոյեմբերի 30-ին էր ասել, որ մինչև նոր տարի հնարավոր է որոշակի էսկալացիա:
«Լաչինի անցակետի հարցը լուծված է լինելու, որ Հայաստանը ոչ մի կերպ չկարողանա ազդեցություն գործել իրավիճակի վրա Ղարաբաղում»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում շեշտել էր ադրբեջանցի քաղաքագետը: