«11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, պլանային վիրահատությունները դադարեցվել են». Արցախի ԱՆ խոսնակ

Ադրբեջանը շարունակում է փակ պահել Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ Դրան զուգահեռ՝ անջատել են նաև Արցախի գազի մատակարարումը, ինչը հումանիտար աղետ է ստեղծել Արցախում։

Այս պահին Արցախում անհետաձգելի բուժման կարիք ունեցող հիվանդներին չեն կարողանում տեղափոխել Հայաստան՝ վիրահատելու համար։

168.am-ի հետ զրույցում Արցախի առողջապահության նախարարի խոսնակ Անգելինա Իսախանյանն ասաց, որ այս պահին թեպետ Արցախում դեղորայքի խնդիր չկա, սակայն անհանգստացնող է, որ դեղորայք չի մատակարարվում։

«Մենք այս պահին դադարեցրել ենք պլանային վիրահատությունները, Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կա 11 բուժառու, որոնք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- տեղեկացրեց Անգելինա Իսախանյանը։

Կարդացեք նաև

Միաժամանակ նա փոխանցեց, որ այսօր բոլոր բուժհիմնարկներին տրամադրվել է հերթական դեղորայքային խմբաքանակը, սակայն այս ամենն առնչություն չունի ստեղծված իրավիճակի հետ։

«Մենք 3 կամ 6 ամիսը մեկ թողարկում ենք դեղորայքը՝ խոսքն այն դեղամիջոցների մասին է, որոնց չտրամադրելու դեպքում մարդու կյանքին կարող է վտանգ սպառնալ։ Այս պահին թողարկել ենք սեպտեմբեր, ինչպես նաև հունվար-փետրվար ամիսների համար։ Բնակչությանն իրազեկել ենք, որ ներկա պահին առաջին բուժօգնության դեղերի և բժշկական սարքավորումների, պարագաների պակաս չկա, սակայն անհանգստացնող է այն, որ դեղորայքի մատակարարումն անհնարին է դարձել»,- եզրափակեց Անգելինա Իսախանյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Տեսանյութեր

Լրահոս