Լաչինի միջանցքը փակվել է հանքերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնությունների պատճառով. Մարիա Զախարովա
Այսօր իր ավանդական բրիֆինգի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձավ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին: Նա նշեց, որ ՌԴ-ն անհանգստացած է Լաչինի միջանցքի շրջափակման փաստից:
«Այն հարուցված է կողմերի միջև հանքերի շահագործման հարցի շուրջ տարաձայնությունների պատճառով: ՌԴ ՊՆ-ն և ռուս խաղաղապահ կոնտինգենտը այս բոլոր օրերի ընթացքում ակտիվորեն աշխատում են իրավիճակի ապաէսկալացիայի ուղղությամբ: Հույս ունենք, որ տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի ամենամոտ ժամանակահատվածում: Կցանկանայի նաև ընդգծել, որ Լաչինի միջանցքն ապահովում է ԼՂ-ի կապը Հայաստանի հետ, գտնվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության ներքո, և ստորագրելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների կողմից՝ կողմերը համապատասխան պարտավորություններ են ստանձնել, որոնք պետք է անվերապահ պահպանվեն:
Անընդունելի է քաղաքացիական հասարակության կենսագործունեության համար խնդիրների ստեղծումը»,- նշել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև ասաց, որ առանձին ստիպված է մեկնաբանել ռուս խաղաղապահների հասցեին մեղադրանքները և սադրանքները, որտեղից էլ որ դրանք հնչեն:
«Մենք համարում ենք դրանք անընդունելի և ապակառուցողական: Ռուս խաղաղապահ կոնտինգենտն արդյունավետորեն իրականացնում է իր խնդիրները և հանդես է գալիս՝ որպես ռեգիոնի կայունության երաշխավոր»,- ասաց Զախարովան: