«Ադրբեջանի պահանջը հստակ է՝ ուզում են խեղդել Արցախը». Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանն այսօր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը ադրբեջանցիների կողմից փակելուն և հայտնեց, որ ճանապարհին ստեղծված իրավիճակը մնում է անփոփոխ։
«Ճանապարհը փակ է, գազամատակարարում չկա, ժողովուրդն էլ՝ պաշարված։ Սակայն կանգուն են, և կանգնելու ենք մինչև վերջ»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Թե ստեղծված իրավիճակով պայմանավորված ինչ քայլեր է պատրաստվում անել Արցախի իշխանությունը, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ իշխանությունը բարդ հարցերի առջև է կանգնած։
«Նախևառաջ այս ճգնաժամային իրավիճակում պետք է գոյատևել, ապրել ապահովել կարևորագույն կենսական պահանջները։ Իհարկե, նաև այս ճանապարհը բացելու համար աշխատանքներ են տարվում, մենք էլ տարբեր խողովակներով աշխատանքներ ենք տանում։
Ռուս խաղաղապահների կողմից կոնկրետ աշխատանք տանելու մասին խոսելը, կարծում եմ՝ ճիշտ չէ, ում հետ ենք խոսում, որտեղից ենք հանդիպում և այլն։ Սա ճիշտ չէ։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ռուս խաղաղապահներն էլ են շահագրգռված, որպեսզի ճանապարհը բացվի, քանի որ իմիջային հարված է նաև իրենց։ Ես միշտ դեմ եմ եղել, որպեսզի մտնենք անառողջ քննարկումների մեջ՝ ռուսամետ, արևմտամետ, այս մեկն է մեղավոր, այն մեկն է մեղավոր»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Նա ընդգծեց՝ այս ամենի պատասխանատուն Ադրբեջանն ու Թուրքիան են։
«Ադրբեջանի պահանջը հստակ է՝ ուզում են խեղդել Արցախը։ Սկզբում սկսում են Կաշենից, ուզում են, որպեսզի հանքը փակվի, ինչն Արցախ բյուջեի եկամուտներ ապահովողն է, եկամտի կարևոր աղբյուր, այնտեղ մոտ 1800 մարդ է աշխատում։ Հասկանալի է, չէ՞, որ ուզում են կաթվածահար անել։ Այդ հանքը մեր տարածքում է, Ադրբեջանի լիցենզիան մեզ պետք չէ»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ երեկվանից ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ անժամկետ նստացույց է անում Արցախի պետնախարարի խորհրդականը, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, նա նստացույցը կշարունակի այնքան, մինչև Բերձորի ճանապարհը չբացվի։