Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև Լաչինի միջանցքի արգելափակման մասին

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է դեկտեմբերի 13-ին «Քաղաքական բարեփոխված կուսակցություն», «Քրիստոնեական միություն», «Գյուղացի-քաղաքացի շարժում» և Սոցիալիստական կուսակցությունների խմբակցությունների կողմից ներկայացված միջնորդությունը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը: Այս մասին  տեղեկանում ենք Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության մամուլի հաղորդագրությունից:

Միջնորդության մեջ նշվում է, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններին, Ադրբեջանը փակել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը և դադարեցրել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը: Փաստաթղթում նաև նշվում է, որ «ռուս խաղաղապահները չեն միջամտում այդ տարածքում, ու որ այս իրավիճակը սպառնում է ստեղծել հումանիտար առումով արտակարգ իրավիճակ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»: Բացի այդ, կառավարությանը կոչ է արվում Եվրոպական խորհրդին հորդորել համատեղ կոչով դիմել Ադրբեջանին՝ դադարեցնել թշնամական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ և բացել միջանցքը։

Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունը ողջունել է միջնորդության ընդունումը Նիդերլանդների խորհրդարանի կողմից:

«Մենք ակնկալում ենք կառավարության արագ գործողությունները՝ վերջ դնելու Ալիևի դաժան բռնապետության կողմից ստեղծված հումանիտար աղետին, մասնավորապես՝ ճանապարհի ապաշրջափակման և շրջափակումը չկրկնելու համար միջազգային երաշխիքների ստեղծման, ինչպես նաև Եվրամիության կողմից Ստեփանակերտ օդային փոխադրումներ կազմակերպելու միջոցով», – նշված է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության մամուլի հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս