«ՌԴ խաղաղապահ ուժը դատապարտված է նորից բացելու Լաչինի ճանապարհը». Անդրանիկ Քոչարյանը հիմք է ընդունում Ադրբեջանի տեսակե՞տը
Լաչինի միջանցքի փակ լինելու հարցով հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշել է, թե ինչպես է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ միջանցքը փակ եղել, հետո բացվել:
«Եվ այդ միջանցքի փակությունը և նրա կենսական անհրաժեշտությունը մեր Ղարաբաղի ազգաբնակչության կոմունիկացիան պահելու համար էլ հենց եղել են այդ պատերազմական գործողությունները: Սկսվել է պատերազմ այդ միջանցքի համար: 1988-ին «Ղարաբաղ» կոմիտեի 2 անդամ՝ Բաբկեն Արարքցյանի և Վանո Սիրադեղյանի օգնությամբ առաջին հումանիտար օգնությունը փորձեցինք անցկացնել այդ միջանցքով Ստեփանակերտ, ես ինքս մասնակցել եմ: Փակ էր, Սովետական Միությունը կար, և այդ փակությունը գնաց նրան, որ այդ խնդիրը պետք է լուծվեր: Ադրբեջանն այս գործողությամբ նաև վնաս է պատճառում իրեն, որովհետև նմանատիպ գործողությունները բերեցին պատերազմի, պատերազմում իրենք պարտվեցին: Նմանատիպ գործողություններով, միջանցքը փակելով՝ Ադրբեջանը հրահրում է պատերազմ, մենք պատերազմ չենք ուզում: Մեր օրակարգը խաղաղությունն է, բայց միջանցքը փակելով՝ Ադրբեջանը ընկալելի է նորից դարձնում ղարաբաղյան թեման, մոռացել էին բոլորը: Միջազգային հանրությունը, բոլորը հիմա կհիշեն՝ ինչի համար սկսվեց էս ամենը: Մենք բանակցում էինք, ճոճանակը շարժվում էր, և շարժվելով հանդերձ՝ պիտի մի կետի կանգնի՝ դա խաղաղությունն է: Խաղաղության համար մեզ համերաշխություն է պետք»,- ասել է ՔՊ-ական պատգամավորը:
Այնուհետ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է խորհրդարանական ընդդիմությանը, որի առաջարկած հայտարարության տեքստն իշխանությունը մերժել է:
«Գնացին խրամատ փորելու, էստեղի խրամատը չաշխատեց: Շշեր նետեցին, պարզվեց՝ նռնակ նետել էլ չգիտեն, հիմա գնացել են կառավարության դեմ, բա հո չէի՞ն գնալու ապրելու Ստեփանակերտում: Առավոտյան լսում էի ՊԲ նախկին հրամանատարի հարցազրույցը՝ Մովսես Հակոբյանի, խայտառակություն: Ինքն ասում է, որ սրա վերջում Ղարաբաղի ժողովուրդը դուրս է գալու Ղարաբաղից: Պարոն Հակոբյան, առաջինը դուք եք դուրս եկել՝ շենքեր և ձեր առանձնատները կառուցելով Երևանում: Պետք է դուրս չգալ Արցախից: Իսկ միջանցքը կփակվի-կբացվի, գազը կանջատվի և նորից կմիացվի: Այս ընթացքում դա տեսել ենք»,- շարունակել է Անդրանիկ Քոչարյանը և հղում տալով Ադրբեջանին, որ ռուս խաղաղապահներն են փակել Լաչինի միջանցքը, շեշտել. «Ռուսական խաղաղապահ ուժը դատապարտված է նորից բացելու, որովհետև եթե շարասյուն գնաց, ինքը չի կարող «բնապահպանների» պահանջը դարձնել ճանապարհի փակման առարկա»:
Նշենք, որ 24news.am-ին տված հարցազրույցում գեներալ Մովսես Հակոբյանը բառացի նման բան չի ասել, այսինքն, Անդրանիկ Քոչարյանն աղավաղում է նրա խոսքը: Ստորև ներկայացնում ենք Կարպիս Փաշոյանի և Մովսես Հակոբյանի հարցուպատասխանի այդ հատվածը:
Կարպիս Փաշոյան- Հուսով եմ, հարցս որպես սրբապղծություն չի ընկալվի: Արդյո՞ք արդար է, որ Արցախում մարդիկ էդքան տանջվեն, ձմռանը մրսեն, անընդհատ թուրքի աղոթքի ձայները լսեն, որ ինադու ուզում են մարդկանց տեռորի ենթարկել էդ ոռնոցով: Արդյո՞ք ազնիվ չի լինի, որ էդ մարդիկ դուրս գան Արցախից, եթե չեն կարողանալու լուծել կարգավիճակի հարցը, ինքնորոշման հարցը, անվտանգության հարցը, արդյո՞ք ազնիվ չի լինի, որ դուրս գան, կորցնենք էդ տարածքը:
Մովսես Հակոբյան– Դա միակ հարցն է, որին չեմ պատասխանելու և չեմ կարող պատասխանել: Ինձ համար դժվար է էդ հարցին պատասխանելը: