Կիպրոսի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում Լեռնային Ղարաբաղում անհապաղ վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը
Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը: Այս մասին նշված է Կիպրոսի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Հայտարարությունը հայերեն թարգմանել և «Ֆեյսբուք»-ի էջում է հրապարակել նաև Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում ՀՀ դեսպանությյունը:
«Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը մտահոգված է Լաչինի միջանցքում երթևեկության խափանումների մասին ահազանգերից, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջափակմանը և դեպի տարածք տանող մատակարարման գծի խափանմանը։
Մտահոգությունն էլ ավելի է սրվում բնական գազի մատակարարման ընդհատման մասին տեղեկություններով։
Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ամբողջապես վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը` տարածաշրջանում հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: