«Գազ չլինելու պատճառով Ստեփանակերտում հացի խնդիր է առաջացել, բայց խուճապ չկա, սա մեր հո՛ղն է, ու մենք այստեղից դուրս չե՛նք գալու, երբե՛ք»․ արցախցի կին
Ավելի քան երկու օր է, ինչ թշնամի Ադրբեջանը Շուշի-Քարինտակ հատվածում փակել է Լաչինի միջանցքը, որը Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։
Թշնամին երեկ երեկոյան էլ դադարեցրեց դեպի Արցախ գազի մատակարարումը, ինչը նոր դժվարություններ է ստեղծել շրջափակման մեջ գտնվող արցախցիների համար։
«Առանց գազ շատ դժվար է, հատկապես, որ հոսանքը շատ թույլ է, պլիտաները տունը չեն տաքացնում։ Մեզ մոտ մի մանկապարտեզ կա, որտեղ հիմնականում զոհված զինծառայողների, բազմազավակ ընտանիքների և տեղահանվածների երեխաներն են գնում, հիմա նրանք էլ այսօրվանից չեն կարողանում մանկապարտեզ գնալ, քանի որ գազ չկա, ցուրտ է, չեն կարող ջեռուցել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչներից մի կին, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում։
Արցախցի կնոջ խոսքով՝ Ստեփանակերտում խուճապ չկա, բայց մարդիկ նաև սկսել են սովորականից ավելի շատ առևտուր անել՝ մտածելով, որ գուցե թշնամին ճանապարհը երկար փակ պահի, ինչի հետևանքով սննդի դեֆիցիտ կարող է լինել․
«Ճիշտ է՝ տրամադրություն չկա, բայց նաև չենք ընկճվում, խուճապ չկա, ուղղակի մարդիկ մտածում են՝ գուցե այս վիճակը երկար տևի, ու խանութից մեծ գնումներ են անում։ Հիմա խանութներ կան, որտեղ հերթեր են, մարդիկ մի ապրանքից ավելի շատ են առնում, որ հանկարծ էս վիճակը մի քիչ երկարի՝ սննդի խնդիր չունենան, բայց էլի եմ ասում, այս վիճակը վերահսկելի է, խուճապ չկա»։
Արցախցի կինը նաև ասաց, որ Ստեփանակերտում հիմնականում հացի արտադրամասերում էլ որոշակի խնդիրներ առաջացել են.
«Մեզ մոտ հաց թխողները հիմնականում գազով էին աշխատում, հիմա շատերը հաց չեն թխում, հացի խնդիր էլ է առաջացել։ Անորոշ վիճակ է, սպասում ենք, բայց մի բան հստակ է, սա մեր հողն է, ու մենք այստեղից դուրս չենք գալու, երբե՛ք»,- մեկ անգամ ևս հաստատելով իրենց վճռականությունը՝ ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում թշնամին խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները։