Բանկային համակարգը՝ նոր մարտահրավերի առջև. ավանդների ու վարկերի միջև անդունդը խորանում է  

Հայաստանի բանկային համակարգում տրամաբանությունից դուրս երևույթներ են տեղի ունենում։ Բանկային համակարգում մեծ քանակությամբ փող է կուտակվել, որը դուրս է մնում տնտեսական պրոցեսներից։ Եվ դա տեղի է ունենում իշխանությունների ասած տնտեսական բումի պայմաններում, ինչը տարօրինակ է։

Երբ տնտեսությունը բում է ապրում, փողը չի կարող քնած մնալ բանկերում։

Այնինչ՝ տնտեսության մեջ ներդնելու փոխարեն, շատերը գերադասել են իրենց գումարները պահել բանկերում։

Այսպիսի իրավիճակում, ինչքան էլ իշխանությունները փառաբանեն իրենց վարած տնտեսական քաղաքականությունն ու այն, որ բիզնեսի համար ստեղծել են իդեալական պայմաններ, սա բոլորովին էլ այդ մասին չի խոսում. տնտեսության մեջ ներդնելու տեղ չկա, կամ մարդիկ չեն վստահում տնտեսությանը, դրա համար էլ իրենց գումարները պահում են բանկերում և թեկուզ ցածր, տոկոսային եկամուտներ ստանում։

Կարդացեք նաև

Դրա վկայությունն է բանկային ավանդների ու վարկերի խորացող անհամապատասխանությունը, որը տեսնում ենք վերջին 1 տարվա ընթացքում։

Պաշտոնական տվյալներով, բանկային ավանդները հասել են գրեթե 4 տրիլիոն 882 մլրդ դրամի։ Չշփոթել բնակչության ավանդների հետ։ Սրա մեջ մտնում են նաև իրավաբանական անձանց գումարները, որոնք ավանդադրված են բանկերում։

Անցած մեկ տարվա ընթացքում բանկային ավանդներն ավելացել են 987 մլրդ դրամով։

Եթե այն վերածենք տարադրամի, ապա այսօրվա փոխարժեքով կստացվի 2,4 մլրդ դոլար։

Բայց սա ամբողջը մերը չէ, կեսից ավելին ոչ ռեզիդենտների փողերն է։ Թեև բանկերի կամ տնտեսության համար ոչ մի կապ չունի, թե դրանք ում են պատկանում։

Կտրուկ աճել են ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի բանկային համակարգում պահվող ավանդները։ Դրանք անցել են 1 տրիլիոնի սահմանը և կազմել 1 տրիլիոն 439 մլրդ դրամ։ Գերակշիռ մասը տարադրամային ավանդներն են։ Կան, իհարկե, նաև դրամային, բայց քիչ, ինչը նշանակում է, որ ոչ ռեզիդենտներն այնքան էլ չեն վստահում մեր արժույթին։

Հայաստանյան բանկերում ոչ ռեզիդենտների բանկային ավանդներն անցնում են 3 մլրդ դոլարից։

Մեկ տարվա ընթացքում դրանք ավելացել են 573 միլիարդ դրամով կամ գրեթե 1,4 մլրդ դոլարով։ Գումարի հիմնական մասը բանկային համակարգ է մուտք եղել վերջին 2 ամիսներին. 573 մլրդ դրամից 448 միլիարդը ստացվել է սեպտեմբեր-հոկտեմբերին։

Հայաստանի բանկային համակարգը չափազանց հագեցած է ֆինանսական միջոցներով։ Թվում է, թե մյուս կողմից՝ դա պիտի ուղեկցվեր վարկային շուկայի ակտիվությամբ։ Բայց վարկային շուկայում ակտիվություն գրեթե չկա. բանկերի վարկային կապիտալն այս տարվա 10 ամսում ավելացել է ընդամենը 44 միլիարդ դրամով, իսկ ավանդները՝ 858 միլիարդով։

Ավանդների աճի տեմպը 195 անգամով գերազանցել է վարկերի աճի տեմպին։

Պատկերացրեք, թե ինչ ահռելի տարբերություն է գոյացել վարկերի ու ավանդների միջև։

Բանկային ավանդներն անհամեմատ արագ են աճել, ինչի արդյունքում մեծապես գերազանցել են տեղաբաշխված վարկերին. 4 տրիլիոն 882 մլրդ դրամ ավանդների դիմաց՝ բանկերի վարկային պորտֆելը կազմել է 3 տրիլիոն 625 մլրդ դրամ։

Ավանդները 1 տրիլիոն 257 միլիարդով գերազանցել են վարկերին։ Սա աննորմալ երևույթ է բանկային համակարգի գործունեության համար։ Բանկերում մեծ քանակությամբ փող կա, բայց չեն կարողանում այն տեղաբաշխել տնտեսության մեջ։

Հազիվ թե կարելի է կարծել, որ տնտեսությունը փողի պահանջարկ չունի։

Տնտեսությունը միշտ էլ փողի պահանջարկ ունենում է, այլ բան, թե ինչքանով է ի վիճակի այն կլանել։ Այստեղ է, որ առաջանում է հիմնական խնդիրը։

Լավ օրից չէ, որ բանկերում փողը կուտակվել է և չի ծառայում տնտեսությանը։

Տնտեսության առանձին ոլորտներում և հատկապես իրական հատվածում կրճատվել են վարկային ներդրումները։ Անցած տարվա վերջին արդյունաբերության մեջ բանկերի վարկային պորտֆելը կազմում էր 522 մլրդ դրամ, այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 507 միլիարդ։

Այդքան փող կա կուտակված բանկերում, այնինչ ունենք արդյունաբերությանը տրամադրված վարկերի կրճատում։ Եթե Հայաստանում արժեթղթերի շուկան կայացած լիներ, սա դեռ ինչ-որ կերպ կարելի էր հասկանալ։ Բայց այդ խողովակը այդպես էլ չի ծառայում տնտեսությանը ֆինանսական միջոցներ մատակարարելու իր հիմնական գործառույթի կատարմանը։

Այսպիսի պայմաններում կապիտալի պահանջարկը տնտեսությունը փորձում է բավարարել վարկերի միջոցով։ Սակայն տեսնում ենք, թե ինչպիսին է իրավիճակը վարկերի շուկայում։ Տնտեսությունը կորցրել է վարկունակությունը։

Եվ դա միայն արդյունաբերության մեջ չէ։ Նույնը նաև գյուղատնտեսության պարագայում է. անցած տարվա վերջին գյուղոլորտի վարկային պորտֆելը 212 միլիարդ էր, այս տարվա հոկտեմբերի վերջին կազմել է 207 մլրդ դրամ։

Այս ցուցանիշների վրա, իհարկե, կա նաև փոխարժեքի ազդեցությունը։ Սակայն նույնիսկ դա հաշվի առնելու պարագայում տեսնում ենք, որ շուկան շատ թույլ է արձագանքել բանկային համակարգում տեղի ունեցող փողի այդպիսի հսկայական կուտակմանը։

Կրճատվել է նաև առևտրային վարկերի պորտֆելը։ Մի փոքր աճ կա սպառողական վարկերի պարագայում, թեև վերջին մի քանի ամիսներին այդ վարկերն էլ են սկսել նվազել։

Վարկային շուկայի հիմնական հատվածը հիփոթեքն է, որ մեծ տեմպերով ավելանում է։ Անցած տարվա վերջին 654 միլիարդ էր, հիմա հասել է 798 մլրդ դրամի։ 10 ամսում ավելացել է 136 միլիարդով կամ գրեթե 21 տոկոսով։ Այս աճը կապված է հիմնականում եկամտային հարկի վերադարձի հետ, ինչի հետևանքով պետական բյուջեի վրա արդեն հսկայական գումարներ են կուտակվել։ Այս տարի արդեն կառավարությունը ստիպված կլինի դրա համար բյուջեից ծախսել գրեթե 100 մլն դոլար։ Հաջորդ և հետագա տարիներին այն կշարունակի ավելանալ ու ծանրանալ բյուջեի վրա։

Կառավարությունը հսկայական գումարներ է ծախսում, որպեսզի խթանի հիփոթեքի միջոցով իրականացվող բնակարանային շինարարությունը։ Բայց չի պատկերացնում, թե դրանով ինչ հարվածի տակ է դնում ոչ միայն պետական գանձարանը, այլև քաղաքացիներին ու նաև բանկային համակարգը։

Հիփոթեքի շուկայում տրամադրվող վարկերն ավելացել են, սակայն միայն դա ի վիճակի չէ կլանել ավանդների տեսքով բանկերում կուտակված ահռելի ֆինանսական միջոցները։ Տնտեսության մյուս ոլորտները, որոնք իբր թե բումի մեջ են, այնքան ծանրաբեռնված են, որ ի վիճակի չեն ավելի մեծ ֆինանսական բեռ վերցնել։ Դրա համար փողը մնացել է բանկերում ու չի գնում տնտեսություն։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս