Փաշինյանը պետական բյուջեն ծախսում է, ինչպես ինքն է ուզում․ քաղաքացուն հաշվի առնող չկա

Բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ կոչ արեց ՀՀ քաղաքացիներին պետական բյուջեն համարել իրենց սեփական ձախ գրպանը. «Ես ուզում եմ, որ մենք բոլորս՝ ՀՀ քաղաքացիները, եթե իրենք իրենց դրամը պահում են աջ գրպանում, ՀՀ պետական բյուջեն համարեն իրենց սեփական ձախ գրպանը»:

ՀՀ քաղաքացիները, դժվար է ասել, թե ինչքանով են պետական բյուջեն համարում իրենց սեփական գրպանը, բայց իշխանությունները հենց այդպես էլ անում են. ոնց ուզում, ինչպես ուզում, այնպես էլ ծախում են բյուջեի փողերը։ Կարծես քաղաքացին աշխատել ու հարկ է վճարել, աջ գրպանից, ինչպես պատկերավոր ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, փողը հանել, դրել է ձախ գրպանը, որպեսզի իշխանությունները սրտի ուզածի պես այն վատնեն։

Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեն համարում է բոլորի ընդհանուր գրպանը, բայց ծախսում է՝ ինչպես ինքն է ուզում։ Չի էլ հարցնում, թե ՀՀ քաղաքացին ինչպե՞ս և ինչի՞ վրա է ուզում ծախսել իր փողերը։

Կենսաթոշակառուին մի քանի հազար դրամ են տալիս, իսկ իրենց աշխատավարձերը բարձրացնում են հարյուր հազարավոր դրամներով։ Չհաշված, որ թոշակառուին՝ թոշակից բացի, ոչինչ չեն տալիս, իսկ պաշտոնյաներին մի բան էլ պարգևատրում են՝ չգիտես որ լավ աշխատանքի համար։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ է ստանում՝ քիչ է, հիմա էլ որոշել են, որ նրա աշխատավարձը պիտի բարձրացնեն ևս 665 հազար դրամով, խորհրդի անդամներինը՝ 500 հազար դրամով։ Ու դրա համար պատրաստվում են «ՀՀ քաղաքացու գրպանից» վճարել տարեկան շուրջ 62 մլն դրամ։

Կենսաթոշակառուն ամբողջ տարվա ընթացքում ստանում է հազիվ 500-550 հազար դրամ, իսկ ԲԴԽ նախագահի կամ անդամի միայն մեկ ամսվա աշխատավարձն են այդքանով ավելացնում։

Մեկը հարցրե՞լ է քաղաքացուն՝ կո՞ղմ է, որ իր գրպանի հաշվին այս մարդիկ այդքան աշխատավարձ ստանան, իսկ իրենք հազիվ գոյություն քարշ տան։

Բոլորովին վերջերս էլ, երբ տարվա ավարտին հաշված օրեր են մնացել, վերցրին ու պետական պաշտոնյաների արտասահման անհասկանալի գործուղումների համար լրացուցիչ մի քանի հարյուր միլիոն դրամ հատկացրեցին «քաղաքացու գրպանի» հաշվին, առանց քաղաքացուն հարցնելու կամ գոնե բացատրություն տալուն, թե ինչո՞ւ են ավարտվել եղած գումարները, որ էլի պիտի ավելացնեն։ Կամ ի՞նչ են տվել այդ գործուղումները պետությանն ու քաղաքացուն, որ հիմա էլ նոր միլիոններ պիտի հատկացվեն։

Հայտնի է, որ շատերի համար այդ գործուղումները «շրջագայության» նման մի բան են, գնում են արտասահմաններում ժամանակ անցկացնելու, երկիր տեսնելու, ֆուտբոլային խաղեր դիտելու, ու նման բաներ։

Տեսնում ենք, թե ինչ արդյունք են տվել այդ գործուղումները, չնայած որ տարեկան հարյուրավոր միլիոն դրամներ են տանում պետական բյուջեից կամ «քաղաքացու գրպանից»։

«Քաղաքացու գրպանի» հաշվին միլիոններ են ծախսում Երևանում տոնական լուսավորություն անցկացնելու, մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար և համարում են, թե մեծ լավություն են անում քաղաքացուն։

Նախկինները, երբ ամանորի տոնական զարդարանքների ու մշակութային միջոցառումների համար մի քանի անգամ ավելի քիչ գումարներ էին ծախսում, մեծ իրարանցում էին սարքում, աղմուկ էին բարձրացնում, անարգում ու անպատվում, թե ինչպես կարելի է այսպիսի աղքատ երկրում, երբ մարդիկ հացի փող չունեն, այդքան փող ծախսել ու նման ճոխություններ թույլ տալ։

Հիմա աղքատությունը մեր երկրում ավելի խորն է, սոցիալական իրավիճակը՝ ավելի լարված, բազմաթիվ այլ ու շատ կարևոր խնդիրներ են ի հայտ եկել, քան քաղաքային տոնական լուսավորությունն է, բայց դրան ուշադրություն դարձնող չկա, կարող են իրենց թույլ տալ սրտի ուզածի չափ մտնել «քաղաքացու գրպանը» և ուզած ձևով ծախսել քաղաքացու փողերը։

Միայն Երևանի տոնական լուսավորության համար ծախսել են 191 մլն դրամ։

Եվս 285 միլիոն պատրաստվում են ծախսել մշակութային միջոցառումների համար։

Դեկտեմբերի 31-ի գիշերվա համերգը քաղաքացու գրպանի վրա կնստի 75 մլն դրամ։

Ոչ միայն տոնական լուսավորության ու մշակութային միջոցառումներ կոչվածի համար են հարյուրավոր միլիոններ ծախսել, այլև միլիարդներ են հատկացրել «Մանկական եվրատեսիլի» կազմակերպման համար։

Այդ միջոցառման անցկացումն էլ «քաղաքացու գրպանին» կարժենա շուրջ 5 մլրդ դրամ, որը համարժեք է գրեթե 12 մլն դոլարի։

Այդքան գումարով քաղաքացուն կարող էին Ամանորին ընդառաջ մի քանի հազար դրամ լրացուցիչ թոշակ տալ։ Բայց քաղաքացուն ո՞վ է հարցնողը։

Ասում են՝ երեխաների համար ենք անում։

Երեխաների համար եք անում, սահման կահավորեք, զենք գնեք, որպեսզի վաղն այդ երեխաների «լույսն» էլ չմարի։

Մեկ այլ դեպքում, որպեսզի ցույց տան, թե իբր ջրի սակագինը, ինչպես խոստացել էին, կայուն են պահել, չնայած նրան, որ սակագինն էլի բարձրացել է, կրկին ձեռքը տարել են քաղաքացու գրպանը. քաղաքացու գրպանից որոշել են քաղաքացուն լավություն անել։

Ջրի սակագինը սուբսիդավորելու համար «քաղաքացու գրպանից» որոշել են «Վեոլիա ջրին» տալ, մոտավոր հաշվարկներով, շուրջ 1,3-1,4 մլրդ դրամ։

Ու այդ գումարը պատրաստվում են բաշխել բոլորին՝ կապ չունի, որ մեկն ամսական 2-3 խորանարդ ջուր է օգտագործում, մյուս՝ 100 խորանարդ։ Բոլորին դրել են նույն կաթսայի մեջ՝ ունևոր-չունևոր հաշիվ չէ։

Հաշվի չեն առնում, որ մեկը կարող է իրեն թույլ տալ խմելու ջրով այգի ու պարտեզ ոռոգել, շաբաթը մեկ լողավազանի ջուրը փոխել, այլ նպատակներով տասնյակ խորանարդ մետր ջուր օգտագործել, իսկ մյուսը՝ ոչ։

Ոչ մի մոտեցում, ոչ մի սոցիալական ուղղվածություն ու սոցիալական արդարություն։ Այսքանից հետո ո՞նց սովորական քաղաքացին պետական բյուջեն համարի իր սեփական գրպանը, երբ այդ գրպանի փողը կառավարությունը ոնց ուզում, այնպես էլ ծախսում է, իսկ քաղաքացուն հաշվի տակ դնող չկա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս