«Սա շատ վտանգավոր թեզ է և մեզ տանում է ֆիզիկական բնաջնջման». Մենուա Սողոմոնյան

«Այսպիսի սադրանքները, ցավոք, շարունակվելու են, դրանք կազմակերպված են Ադրբեջանի իշխանությունների կողմից: Սա առնվազն կարելի է դիտարկել՝ որպես կառուցվածքային բռնության դրսևորում, այսինքն՝ այն նպատակը, որ իրենց առաջ դրել են, բացի կոշտ ռազմական ուժի կիրառումից, իրագործում են նաև այսպիսի գործողություններով, փորձում են խափանել Արցախի և Հայաստանի միջև միակ պորտալարը, Արցախն առնել շրջափակման մեջ, արցախցիների մոտ ստեղծել վախի, ահաբեկման մթնոլորտ և նպաստել, որպեսզի արցախցիները լքեն իրենց բնակավայրերը»,- 168TVի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց 5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանցի «բնապահպանների» և «լրագրողների» սադրանքներին Արցախում:

Նա նկատեց՝ թուրք-ադրբեջանական տանդեմն այս պահին իրականացնում է նաև զորավարժություններ, ակտիվ պատրաստվում են պատերազմական գործողությունների. «Այսպիսի միջադեպերը նաև վկայություններն են տարածաշրջանում ուժային բալանսի փոփոխության՝ ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ նաև ավելի մեծ տրամաչափի խաղացողների միջև, հատկապես Ռուսաստանի դերակատարության շարունակական նվազումն է սա ցույց տալիս: Սա հենց Ռուսաստանի թուլության ցուցիչներից մեկն է, Ռուսաստանի ռազմական կոնտինգենտը վարկաբեկող գործողություն է»:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների անելիքներին, նա նկատեց, որ նրանք ոչինչ չեն անում. «Հայաստանի իշխանությունները ձեռքերը ծալած՝ նստած են, և Արցախի հարցն այլևս Հայաստանինը չէ»:

Դիտարկմանը՝ Հայաստանի իշխանություններն ասում են, որ Արցախը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, և նրանք են այս պահին Արցախի անվտանգության երաշխավորը, նա արձագանքեց. «Շատ լավ, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, իսկ կարելի՞ է Արցախի հետ կապված Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, դրանց Թուրքիայի աջակցության վերաբերյալ բարձրաձայնել: Կարո՞ղ էր Հայաստանը կազմակերպված ձևով միջազգային իրավունքի մասնագետների թիմով տարբեր կառույցներում հանդես գալ, լոբբիստական գործունեություն իրականացնել, պառլամենտական խմբերը գնային գործուղումների՝ ոչ թե զվարճանալու, այլ պառլամենտական դիվանագիտություն իրականացնեին: Մի քանի օր ուրախացանք Ֆրանսիայի Սենատի հակաադրբեջանական բանաձևի հետ կապված, ինչո՞ւ զարգացում տեղի չի ունենում այս ուղղությամբ, ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները քայլեր չեն անում: Դուք՝ որպես իշխանություն, ոչ մի անելիք չունե՞ք: Այս իշխանությունների համար խնդիրն Արցախի հարցը ոչ թե լուծելն է, այլ՝ թաղելը, այդ գլխացավանքից ազատվելը»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին, նա նկատեց, որ խաղաղության պայմանագրեր հիմա չեն ստորագրվում, այդ պրակտիկան այլևս չի աշխատում. «Միջազգային իրավունքն այլևս չի ճանաչում խաղաղության պայմանագիր կնքելու պրակտիկան, որովհետև խաղաղության պայմանագրեր կնքվում էին նախկինում, երբ պատերազմն արտաքին քաղաքականության իրականացման լեգիտիմ միջոց էր, իսկ հիմա այն համարվում է ոչ լեգիտիմ միջոց, ռազմական հանցագործություն: Եթե պարտվող կողմը խաղաղության պայմանագիր է ստորագրում, դրանից բխում են շատ հետևանքներ. Այդ պարագայում ռազմական հանցագործ ճանաչվելու է ոչ թե Ադրբեջանը, այլ մենք՝ իրենից բխող բոլոր հետևանքներով»:

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ նա ընդգծեց, որ դրանք ուղղված են և՛ Հայաստանի, և՛ Իրանի դեմ. «Սա ուժով սպառնալիքի գործադրում է հայ ժողովրդի նկատմամբ, նաև ի ցույց է դնում ուժային բալանսի փոփոխությունը, ուղղված է նաև Իրանի դեմ, հատկապես, Իրանի ներքին անկայունության ֆոնին, որ գուցե կարող է Իրանի արտաքին քաղաքականությամբ զբաղվող ստրուկտուրաների վրա ազդեցություն ունենալ: Երրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Թուրքիան նախաձեռնել է մի շատ մեծ պրոյեկտ, և ադրբեջանաթուրքական ռազմական և անվտանգային ինտեգրացիան լավ օրինակ կարող է հանդիսանալ, որպեսզի Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետությունները ևս մտնեն այդ ինտեգրացիոն բլոկի մեջ: Այս կառույցը կա, այն տարբեր կոմպոնենտներ ունի, և փորձում են հատկապես ռազմական և անվտանգային համագործակցությունը վերածել ինտեգրացիայի, ստեղծվի մի կառույց, որտեղ որոշումները մի կետից են կայացվելու»:

Նա անդրադարձավ նաև այն խոսակցություններին, թե Հայաստանի և Արցախի ճակատագիրը դրսում որոշել են, և հայ ժողովուրդը որևէ բան անել չի կարող. «Սա շատ վտանգավոր թեզ է և մեզ տանում է ֆիզիկական բնաջնջման: Այսինքն՝ մենք ոչինչ չենք անելու, պետք է ձեռքերս ծալած՝ սպասենք, թե երբ են գալու մեզ վերացնե՞ն: Եթե մենք այսպես նստենք, բնականաբար, մեզ կվերացնեն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս