ԼՂՀ ինքնորոշման իրավազորությունը ԽՍՀՄ-ում Ադրբեջանի սահմանադրական սուբյեկտության դադարեցման պայմաններում
Գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան, քաղաքական գիտությունների դոկտոր (կոնֆլիկտաբանություն, անվտանգության ռազմավարական հետազոտություններ),
Արթուր Աթանեսյան, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ
Վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եվրոպական անվտանգությանը նվիրված մամուլի ասուլիսում պնդում արեց, թե Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները «ցանկանում են խաղաղության պայմանագիր ստորագրել՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Ալմա Աթայի հռչակագրով։ Իսկ ԱՊՀ-ի ստեղծման մասին Ալմա Աթայի հռչակագիրը հստակորեն ասում է, որ նորաստեղծ պետությունների միջև սահմանները պետք է հիմնվեն նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների միջև վարչական սահմանների վրա։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ-ի մաս էր»։
Արձագանքելով հայ, ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների խնդրանքին՝ մեկնաբանելու Սերգեյ Լավրովի այս պնդումը, ինչպես նաև ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնի նմանատիպ դատողությունները Լեռնային Ղարաբաղի սուբյեկտության մասին, որոնք հարցի իրավական էությունն ու դետալները տեղափոխում են ընթացիկ քաղաքական իրողությունների ոլորտ, մեր մասնագիտական պարտքն ենք համարում ևս մեկ անգամ ներկայացնել արցախյան հակամարտության իրավաքաղաքական նույնականացման համակարգը, որը հիմնվում է արժանահավատ իրավական-նորմատիվ աղբյուրագիտության վրա։ Մասնավորապես, ապացուցվում է, որ ԱՊՀ-ի ստեղծման մասին Ալմա Աթայի հռչակագրի ստորագրման պահին ԼՂԻՄ-ն այլևս Ադր. ԽՍՀ մաս չէր։
Նման պնդման իրավական ելակետը միութենական հանրապետության՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու իրավունքն է, որն ամրագրված է 1977 թ․ ԽՍՀՄ սահմանադրության 72-րդ հոդվածում։ Այդ իրավունքի իրացման կարգը սահմանվել է 1990 թ․ ապրիլի 3-ին ընդունված՝ «Միութենական հանրապետության՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» օրենքով։ Ըստ այդ օրենքի 3-րդ հոդվածի՝ ինքնավար կազմավորումներին և կոմպակտ բնակվող ազգային փոքրամասնություններին իրավունք է տրվում դուրս գալու հանրապետության կազմից և ինքնուրույն որոշելու սեփական ճակատագիրը այն դեպքում, երբ միութենական հանրապետությունը որոշում է ընդունել ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին։ Ընդ որում, հանրապետությունը պարտավոր է անկախության հանրաքվե անցկացնել նաև ինքնավար կազմավորումներում և կոմպակտ բնակվող ազգային փոքրամասնություններով տարածքներում՝ ձայների առանձին հաշվումով։
1991 թ․-ի օգոստոսի 19-21-ին ԽՍՀՄ-ում հեղաշրջման տապալումից հետո Ադրբեջանի Գերագույն խորհուրդն օգոստոսի 30-ին ընդունում է Անկախության հռչակագիր։ Հենց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին Ադրբեջանի այդ հռչակագիրն է հայկական բնակչության մեծամասնություն ունեցող ԼՂԻՄ-ին և Շահումյանի շրջանին իրավունք տվել ինքնուրույն որոշելու սեփական ճակատագիրը՝ համաձայն 1990 թ․-ի ապրիլի 3-ի օրենքի։ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդները, հետևելով 1990 թ․-ի ապրիլի 3-ի օրենքին, 1991 թ․-ի սեպտեմբերի 2-ի համատեղ նիստի ժամանակ որոշում են ընդունում Ադրբեջանական ԽՍՀ-ի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի սահմաններում հռչակելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որի տարածքում շարունակում էին գործել ԽՍՀՄ Սահմանադրությունն ու օրենսդրությունը, ինչպես նաև այլ խորհրդային օրենքներ, որոնք չէին հակասում ԼՂՀ Անկախության հռչակագրի նպատակներին և սկզբունքներին։
1991 թ․-ի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը, ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի իշխանության մարմինների հետ չհամաձայնեցնելով հանրաքվեի մասին որոշումը, որի նպատակը պիտի լիներ այնտեղ կոմպակտ բնակվող հայկական բնակչության կարծիքի վերհանումը, խախտելով 1990 թ․-ի ապրիլի 3-ի համապատասխան պահանջները, ընդունում է Անկախության մասին սահմանադրական ակտ, որը հռչակում էր Ադրբեջանի ոչ իրավազոր որոշումը՝ դուրս գալու խորհրդային պետաիրավական համակարգից, և օրենսդրորեն ամրագրում էր նրա մերժումը Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի հարցն իր հետ համաձայնեցնելու անհրաժեշտության հարցում։
1991 թ․-ի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն օրենք է ընդունում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին, որը ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողության կոմիտեի կողմից ճանաչվում է հակասահմանադրական՝ ԽՍՀՄ Սահմանադրությանը չհամապատասխանելու հիմքով։ Ադրբեջանում նման օրենք ընդունելու հիմքով Արցախում 1991 թ․-ի դեկտեմբերի 10-ին, միջազգային իրավունքի պահանջներին և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, միջազգային դիտորդների ներկայությամբ, անցկացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվե։ Հատկապես կարևոր է արձանագրել, որ հանրաքվեին ադրբեջանական փոքրամասնության մասնակցության համար ստեղծվել էին բոլոր պայմանները։
Ուշագրավ է, որ ի տարբերություն Հայաստանի, որը Վերակառուցման գործընթացում սահմանափակվեց միայն Անկախության հռչակագրով, ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին Ադրբեջանի հռչակագիրը լրացվեց անկախության մասին սահմանադրական ակտով, ինչն օրենսդրորեն ամրագրեց Ադրբեջանի իրավասուբյեկտության կորուստը ԼՂԻՄ-ի տարածքի և բնակչության նկատմամբ։ Ընդգծենք, որ դրա հաշվառմամբ՝ անկախություն հռչակած Ադրբեջանական Հանրապետության տարածքում ԽՍՀՄ Սահմանադրությունը և օրենքները դադարեցին գործել 1991 թ․-ի օգոստոսի 30-ից, այսինքն՝ 1991 թ․-ի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագրից չորս ամիս առաջ։ Իրավաքաղաքական առումով՝ այս օրենսդրական ակտը Ալմա Աթայի հռչակագրից երկու ամիս առաջ Ադրբեջանին դուրս դրեց նաև ԽՍՀՄ իրավասուբյեկտության տարածքից։ Այլ կերպ ասած, Ադրբեջանն Ալմա Աթայում ԽՍՀՄ սուբյեկտների բանակցային սեղանի շուրջ նստել է՝ չունենալով այդ սուբյեկտության կարգավիճակը։
1991 թ․-ի դեկտեմբերի 21-ին 11 խորհրդային հանրապետությունների առաջնորդները Ալմա Աթայի հռչակագրով ազդարարեցին Խորհրդային Միության կազմալուծումը, ինչին հաջորդեց այդ քաղաքական իրողության օրենսդրական ամրագրումը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից։ Դրա արդյունքում վերացավ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների հետ հանրաքվեի արդյունքների համաձայնեցման հնարավորությունն ու անհրաժեշտությունը։
Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշումն անխոցելի իրավազոր փաստ է՝ միջազգային իրավունքի նորմերին, ԽՍՀՄ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։
ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների համալսարանի այս հետազոտությունը փորձաքննվել է ՀԱՊԿ Գիտական-փորձագիտական խորհրդում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ, արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Բորդյուժայի ղեկավարությամբ, ինչպես նաև՝ ԱՄՆ Պաշտպանության ազգային համալսարանի ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, Հարվարդի համալսարանի Պետության դպրոցի և Քաղաքական գիտության ռուսաստանյան միավորման կողմից։
Որպես ամփոփում՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի օբյեկտիվ փորձագիտական վերլուծության կարևորությունը՝ հարկ ենք համարում ընդգծել, որ պետական հաստատությունների կոնֆլիկտաբանական վերլուծությունները չպետք է բխեն իրավիճակային շահերից։