«Եթե չլիներ Նիկոլի իշխանությունը, մենք այս դժբախտությունների ականատեսը չէինք լինի». Արծվիկ Մինասյան
«Ակնհայտ է, որ քանի ՀՀ գործող իշխանությունը կա՝ որպես իշխանություն, որպես Հայաստանը ներկայացնող խմբավորում, այս լարվածությունները ոչ միայն թեժանալու են, այլև նոր սպառնալիքներ են ձևավորելու: Եվ գլխավոր խնդիրը շարունակում է մնալ իշխանություններից ազատվելը՝ կամավոր, թե հանրային ճնշման ներքո»,- «Նոր ռազմական գործողությունների ռիսկեր և չարչրկված խաղաղություն. ի՞նչ իրավիճակում ենք այս պահին» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա վստահ է՝ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները չէին հայտնվի Ջերմուկում, Կապանում, Վարդենիսում, ՀՀ այլ հատվածներում, չէինք ունենա Եռաբլուրի ընդլայնումը և կշարունակեինք ունենալ ուժեղ Արցախը:
«Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մենք այս դժբախտությունների ականատեսը չէինք լինի և այսօր էլ մտահոգ հայացքներով չէինք քննարկի՝ ինչ է պետք անել, բայց, ինչպես ասում են, պատմությունը եթե-ներ չի սիրում. պատմությունը պահանջում է վճռականություն, որը պետք է արտահայտվի շատ հստակ գործողությունների մեջ՝ միացյալ ուժերով դուրս շպրտել այս իշխանությանը,- նկատեց պատգամավորը՝ հավելելով, որ դա կարող է լինել ինչպես փողոցով, այնպես էլ՝ խորհրդարանի, միջազգային հարթակների միջոցով,- Ի վերջո, մեր ողջ ժողովրդի կարողականությունը պետք է կարողանանք գտնել, որպեսզի ազգովի այս խնդիրը լուծենք:
Սա մեկ կամ երկու ուժի խնդիր չէ, ոչ էլ այդ ուժերի կարողությունների սահմաններում է, որովհետև գործ ունենք հակահայկական միջազգային դավադրությունների մեջ մտած թշնամի պետությունների և դրանց ծրագրերը սպասարկելու պատրաստ անձանց խմբի հետ: Ու մտածել, որ միայն Դաշնակցությունը, կամ Հանրապետականը, կամ «Բարգավաճ Հայաստանը», կամ՝ զուտ քաղաքացիական նախաձեռնությունները կհասնեն ինչ-որ արդյունքի, ինքնախաբեություն է»:
Արծվիկ Մինասյանը համոզված է՝ ժողովրդի մի հատվածը մանիպուլյացիաների ազդեցության տակ է, և եթե ստացվի այդ հատվածին ներկայացնել իրականությունը, համոզված է, որ դուրս կգա այդ նիրհից ու կպայքարի:
Մանրամասները՝ տեսանյութում