«Եթե թշնամու զորքը հետ գնա, բնակչությունը կվերադառնա գյուղ, բայց դժվար թե հետ քաշվի». Փառուխի գյուղապետ

Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները Արցախի տարբեր գյուղերի ուղղությամբ իրականացրած սադրանքներից հետո ներխուժեցին Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ գյուղեր՝ գրավելով ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ կոչվող բարձունքը։ Դեռ այդ ժամանակ անվտանգությունից ելնելով՝ երկու գյուղերի կանանց և երեխաներին հանել և տեղափոխել էին այլ վայր։

Մարտից մինչև օրս Փառուխի բնակիչները գյուղ չեն վերադարձել՝ այս պահին բոլորը տարբեր տեղերում են բնակվում։

168.am հետ զրույցում Փառուխի գյուղապետ Վարդան Միքայելյանն ասաց, որ Փառուխում իրավիճակի փոփոխություն չի եղել։

«Գյուղի վիճակն ինչպես կար, այդպես էլ մնացել է, բնակիչներն էլ տարբեր տեղերում են բնակվում։ Փառուխում այս պահին բնակչություն չկա։ Չեմ կարող ասել՝ իրավիճակն ինչպես կլուծվի, մարդիկ տարբեր բաներ են մտածում, չգիտեմ»,- նշեց Վարդան Միքայելյանը։

Կարդացեք նաև

Ըստ գյուղապետի՝ փառուխցիներից ոչ մեկն էլ չի ուզում թողնել իր գյուղը, այսօր էլ պատրաստ են վերադառնալ, եթե ադրբեջանական զորքը հետ քաշվի։

«Եթե թշնամու զորքը հետ գնա, բնակչությունը կվերադառնա գյուղ, բայց դե, այսպես որ իրավիճակը վերլուծում եմ՝ դժվար թե հետ քաշվեն: Հենց մեր գյուղի վերևի հատվածում Քարագլուխ կոչվող բարձունքն է, այն ռազմավարական նշանակություն ունի, այնտեղ թշնամին ամբողջ տարածքն է դիտարկում»,- հավելեց Վարդան Միքայելյանը։

Ըստ գյուղապետի, չեն տեսնում, թե ադրբեջանական զորքի ներկայացուցիչներն իրենց գրաված հատվածում ինչ են անում, տեսանելի չէ, բայց ինչպես առաջ են եկել, այնպես էլ նույն վայրում մնում են։

Տեսանյութեր

Լրահոս