![](/banners/BeFunky-design.jpg)
Առաջնային շուկայում գները դեպի վերև են բարձրանում երեք տարբեր գործոններով պայմանավորված. Արմեն Սաքապետոյան
![](https://168.am/wp-content/uploads/2022/09/Armen-Saqapetoyan-2.jpg)
2022 թվականի երրորդ եռամսյակում անշարժ գույքի առքուվաճառքի նվազումը, ըստ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանի, պայմանավորված է սեպտեմբերյան դեպքերով:
«Մասնավորապես առաջնային շուկայում մոտավորապես մինչև հոկտեմբերի վերջ պասիվացել էր ու դրանից հետո որոշակի վերաակտիվացում տեղի ունեցավ»,- հավելեց նա:
Հիշեցնենք՝ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած շուկայի վերլուծության համաձայն՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում նվազել են առքուվաճառքի և օտարման գործարքները: 2022 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում իրականացվել է առք ու վաճառքի 12.715 գործարք, ինչը վերջին 4 տարիների ամենացածր ցուցանիշն է. համեմատության համար նշենք, որ 2021թ. նույն ժամանակահատվածում իրականացվել էր առք ու վաճառքի 14.967 գործարք, 2020թ.՝ 15.301, իսկ 2019թ. երրորդ եռամսյակում՝ 13.144:
Չնայած արձանագրված պասիվացմանը՝ անշարժ գույքի գների նվազում չի արձանագրվել և չի կանխատեսվում: Դարձյալ ըստ կոմիտեի վերլուծության, Երևանի կենտրոն վարչական շրջանում անշարժ գույքի մեկ քառակուսի մետրի միջին շուկայական գինը 2022-ի հոկտեմբերին 760500 դրամ է կազմել: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճը 14.4% է, 2021-ի հոկտեմբերին արժեքը 665 հազար դրամ է եղել։ Իսկ այս տարվա սեպտեմբերի նկատմամբ աճը կազմել է 1.4%, անշարժ գույքի միջին շուկայական գները Երևանի կենտրոնում մեկ քառակուսի մետրի համար եղել են 750 հազար դրամ։
Արմեն Սաքապետոյանը թվարկեց պատճառները, որոնք ազդում են շուկայում գնաճի պահպանման միտումների վրա:
«Առաջնային շուկայում գները դեպի վերև են բարձրանում երեք տարբեր գործոններով պայմանավորված:
Մեկը՝ ՌԴ-ից ներհոսքի արդյունքում վարձակալության բնակարանների պահանջարկի և վարձակալության գների բարձրացումն է, որն իր հերթին բերում է բնակարանների գների բարձրացման, որովհետև հետգնողունակությունը բարձրանում է: Այսինքն՝ եթե նախկինում մի բնակարանը տարեկան 3000 դոլար եկամուտ էր բերում, այսօր այդ նույն բնակարանը բերում է 5000-6000-ի եկամուտ, հետևաբար, դրան համապատասխան էլ գները բարձրանում են, որովհետև անշարժ գույքի հետգնողունակությունը տատանվում է 8-12 տարվա մեջ:
Մյուսը՝ արտարժույթի ցածր լինելն է. եթե մենք դոլարով ենք արտահայտում, ապա եթե նախկինում 1000 դոլարը համարժեք էր 480 հազար դրամի, այսօր արդեն այդ նույն գույքը դոլարով գնանշման դեպքում արժե 1200 դոլար: Իսկ 480 հազարանոցն էլ՝ այժմ բարձրացել-դարձել է 530-550 հազար դրամ. մոտավորապես 15 տոկոս դրամով արտահայտված գնաճ ունենք: Վերջինն էլ պայմանավորված է արդեն շինարարության աշխատանքների և շինարարության մեջ օգտագործվող ապրանքների գնի բարձրացմամբ՝ առաջին հերթին ցեմենտի գնի բարձրացմամբ: Այժմ ցեմենտի գինը 50 հազար դրամ է դարձել արդեն»: