«Զորամասից շուրջ 5 օր ասում էին՝ Միքայելը ողջ է, կապ չկա․ 10 օր անց Էջմիածնի դիահերձարանում գտանք երեխուն»․ 19-ամյա Միքայելը զոհվել է Իշխանասարում
2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Միքայել Գարիկի Պողոսյանը Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքից էր, ընտանիքի միակ որդին։
Զոհված զինծառայողի հորեղբոր կինը՝ Գայանե Բադալյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Միքայելը ծառայության էր մեկնել 2022 թվականի հունվարին։ Սկզբում ծառայել է Գորիսում, կարճ ժամանակ անց տեղափոխվել Խնձորեսկ, ապա՝ Իշխանասար։
«Միքայելը ծնվել է Նոր Գեղիում, հաճախել գյուղի դպրոց, 9-րդ դասարան ավարտելուց հետո ընդունվել էր Նոր Գեղիի Գ․ Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ, իրեն տարկետում էր հասնում, բայց հրաժարվեց ու մեկնեց ծառայության։
Միքայելը պետք է 2021 թվականի դեկտեմբերին զորակոչվեր, բայց խնդիր առաջացավ, և 2022 թվականի հունվարին մեկնեց ծառայության, ընդամենը 8 ամսվա ծառայող էր․․․ Որ 6 ամիսը լրացավ՝ արձակուրդ եկավ, իրեն անընդհատ խրախուսումներ էին տալիս։ Միքայելի ծնողները Հայաստանում չէին, արտերկրում աշխատում էին, եթե այս դեպքը չլիներ, մի շաբաթ անց հայրը պետք է գար, Միքայելին խոստացել էին 1 շաբաթով արձակուրդ տալ, բայց․․․»։
Զոհված զինծառայողի հորեղբոր կնոջ խոսքով՝ երկար ժամանակ փնտրել են Միքայելին։ Մի քանի օր զորամասից հարազատներին փոխանցում էին, թե Միքայելը ողջ է, պարզապես նրա հետ կապ չեն կարողանում հաստատել։ Դեպքից միայն 10 օր հետո է պարզվել, որ Միքայելը զոհվել է․
«Քանի որ ծնողներն այստեղ չէին, իմ ամուսինը՝ Միքայելի հորեղբայրը, քեռին ու մորաքրոջ ամուսինը գնացել էին Գորիս։ Զորամասից մեզ շուրջ 5 օր ասում էին՝ Միքայելը ողջ է, բայց, որտեղ որ ինքը գտնվում է, կապ չկա։ Հետո պարզվեց, որ այդպես չէ, մենք երեխուն Էջմիածնի դիահերձարանում գտանք՝ դեպքից շուրջ 10 օր անց։ Ինքը Ադրբեջանի փոխանցած 95 մարմինների մեջ է եղել, ԴՆԹ-ի կարիք չի եղել, դեմքը լրիվ ճանաչելի է եղել․․․»։
Գայանե Բադալյանն ասաց, որ Միքայելը թշնամու հարձակումից 1 ժամ առաջ խոսել էր և հայրիկի, և մայրիկի հետ, տրամադրությունը լավ է եղել, որևէ կասկածելի բան ծնողները նրա խոսքում չեն նկատել։ Հարազատներն ավելի ուշ պարզել են, որ Միքայելը չի նահանջել, մինչև վերջ մնացել և կռվել է թշնամու մեծաքանակ զորքի, ինչպես նաև կիրառվող զինտեխնիկայի դեմ․
«Ինքը շատ նվիրված էր ծառայում, շատ ծառայողներ լքել են դիրքերը, բայց ինքը մնացել է իր մարտական դիրքում և մինչև վերջին վայրկյանը կռվել է, պարզ հասկանալով, որ իր ձեռքի զենքով ոչինչ չի կարող անել այդ ահռելի քանակի դեմ։ Հիմա, որ մենք լսում ենք՝ Իշխանասար, չեք պատկերացնի, թե մեզ հետ ինչ է կատարվում։
Միքայելը նպատակ ուներ ուսումը շարունակել Գյուղատնտեսական ակադեմիայում, շատ էր սիրում գյուղատնտեսությունը, ջերմոցային տնտեսությամբ զբաղվել, ավաղ․․․»։
19-ամյա Միքայել Պողոսյանը հուղարկավորվել է Նոր Գեղիի զինվորական պանթեոնում։
Նշենք, որ 168.am-ը ինչպես 44-օրյա պատերազմում, այնպես էլ 2022 թվականի սեպտեմբերին զոհված զինծառայողների մասին շարք է պատրաստել։