«Մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ աճել է». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ քննարկման ժամանակ իշխանության կողմից հնչեցրած թեզերը բազմիցս լսել են, և առանձնապես ցանկություն չունի դրանց անդրադառնալու։
«Մեր ժողովրդի հիշողությունը կարճ չէ, նա ամենատաբեր փուլերում տեսել է՝ ով է արել, ինչ է արել, արածն ու չարածը։ Կարծում եմ՝ այս թեմային ևս մեկ անգամ անդրադառնալու կարիք չկա։ Կա մեկ կարևոր հարց, որը սրա հետ կապված է։
Ադրբեջանը վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին ակտիվ տեղեկատվական, քարոզչական, դիվանագիտական, ռազմական նախապատրաստություն է իրականացնում, որը շատ նման է մարտական գործողությունների վերսկսմանը։ Ադրբեջանը վերջին մեկ ամսվա ընթացքում թիրախավորում է՝ ինչպես Արցախի ու Հայաստանի առաջնագծում տեղակայված մարտական դիրքերը, ռազմական օբյեկտները, այլև՝ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակիչներին։ Ակնհայտորեն մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ աճել է։ Այս իրավիճակում շատ կարևոր է հասկանալ,, թե ինչ է իրականում անում պետությունը, իշխանությունը, զսպելու, կանխելու կամ, Աստված ոչ անի, հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանի մռութին հասցնելու համար»,- իր խոսքում նշեց Տիգրան Աբրահամյանը։
Ըստ պատգամավորի, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախի ու Հայաստանի նկատմամբ տեղի է ունեցել 5 ագրեսիա, տարածքային կորուստների մասին խոսել է նաև իշխանությունը, մարդկային կորուստների մասին էլ բոլորը գիտեն։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ Հայաստանի ԱԺ հայտարարությունը», որին ՔՊ պատգամավորները նախ դեմ արտահայտվեցին, այնուհետև ձեռնպահ մնացին քվեարկելուց, այդպիսով՝ հայտարարությունը չընդունվեց։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում