«Մեր խոսույթը չի համապատասխանել մեր իրական արածներին». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ այսօրվա արտահերթ նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ Հայաստանի ԱԺ հայտարարությունը», որին նախ ՔՊ պատգամավորները դեմ արտահայտվեցին, այնուհետև ձեռնպահ մնացին քվեարկելուց։

Քննարկման ընթացքում արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ քննարկումը լավն է, երևի այն պատճառով, որ դահլիճում ներկաները միմյանց հասցեին փոխադարձ մեղադրական տոնայնությամբ վիրավորանքներ չեն հնչեցնում։

«Իսկապես խորքային քննարկում է ընթանում, ըստ էության մենք այսօր բոլորս քննության առանք և քննության ենք առնում նախորդ 30 տարիների՝ բառիս  ոչ նախկիններին մեղադրելու իմաստով, թվաբանորեն 30 տարիների ընթացքում մեր քաղաքական համակարգում օգտագործված լեզուն, եզրույթները, դրանց համապատասխանությունը իրականությանը։ Բնականաբար, դրանք որոշ տեղերում համապատասխանել են իրականությանը, որոշ տեղերում՝ չեն համապատասխանել իրականությանը։ Ես կարծում եմ՝ մեր խմբակցությունից նաև շեշտերը, այդ տեղ-տեղ անհամապատասխանությունները խնդիր են առաջացրել և՛ մեզ համար, և՛ Հայաստանի համար դիվանագիտության մեջ»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշեց, որ արդեն խոսվել է այն մասին, որ նախ Հայաստանի անկախության Հռչակագիրն է ընդունվել, որտեղ խոսվել է վերամիավորման մասին, այնուհետև Լեռնային Ղարաբաղն անկախություն է հռչակել, որը, ըստ Ռուբեն Ռուբինյանի, իր նշած տրամաբանությունից շեղում էր, բայց եղել է օբյեկտիվ պատճառների բերումով։

Կարդացեք նաև

«Հետագա տարիներին եղել է, օրինակ, իրավիճակ, երբ Արցախը 7 շրջանները սահմանադրորեն ամրագրել էր՝ որպես իր մաս, բայց Հայաստանի նախագահները «իքս» պայմաններում բանակցում էին այդ շրջանները կամ դրանց մի մասը Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մասին, կրկնում եմ՝ «իքս» պայմաններում։ Մեր ընդդիմադիր գործիչները 2020 թվականի պատերազմից հետո միշտ ասում էին՝ հանձնվել է Արցախի 75 տոկոսը, ինչը նշանակում է, որ նրանք կարծում են, որ այդ 7 շրջանները ՀՀ մաս են սահմանադրորեն, բայց միևնույն ժամանակ նույն գործընկերները 2010 թվականին, ինչպես մենք բոլորս գրեթե անգիր գիտենք, քվեարկել են մի նախագծի կողմ, որտեղ այդ շրջանները համարվել են Ադրբեջանի Հանրապետություն։ Այսինքն՝ խնդիր է առաջացել, երբ մեր խոսույթը չի համապատասխանել մեր իրական արածներին, երբ ասում եմ՝ մեր, բացարձակ չեմ տարանջատում նախորդ իշխանության տարիները, մեր իշխանության տարիները»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս