
Մեզանից հարկ են հավաքում, որ 191 միլիոն դրամ վճարեն պատմամշակութային շենքերը ծակոտելով լույսեր տեղադրողին․ Հովհաննես Ավետիսյան

Տնտեսապան, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այնքան գրեցիք, որ հետաքրքրեց պայմանագիրը կարդալ: Գնումների armeps համակարգում, այս ընկերությունը երևում է միայն մեկ տեղ՝ Երևանի քաղաքապետարանի հետ այս աղմուկ հանած ծառայությունների մասով:
Կարելի է ենթադրել, որ առաջին անգամն են պետական գնման մասնակցում, ընդ որում ՄԱ տարբերակով:
Փաստորեն ինչ է ստացվում:
Մեզանից հարկ են հավաքում, որ վճարեն ինչ-որ միջին կարողություններով ընկերության (ով լույս քաշելու ժամանակակից միջոց չգիտի), որ պատմամշակութային շենքերը ծակոտելով է տեղադրում լույսերը:
Հետո էլ ասում են դարդ մի արեք, մենք հոգացել ենք (այսինքն ավել են վճարել կրկին մեր հարկերի հաշվին), որ անցքերը լցնեն (ճիշտ են ասում, պայմանագրում նման կետ կա, տես նկարը):
Ի դեպ, Պայմանագրի գինը (առանց մրցույթի գնում է) 191 միլիոն դրամ է, և ամբողջը կանխավճար է արվելու ու երեք փուլով մարվի և վերջին փուլի շուրջ 52 միլիոնը ապամոնտաժման համար է, ենթադրվում է ներառյալ ծակերի լիցքը:
Կարճ ասած, հո պայմանագիր չէ, տեղով գանձ է: Բայց ամեն դեպքում, սրա պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է, իսկ շենքերը ծակծկել թույլատրելու պատասխանատուն՝ Կառավարությունը»,-գրել է նա` հրապարակելով գնումների համակարգում տեղադրված տվյալների պատկերները:
Պայմանագիրը կնքվել է «Սինեմարտ» ՍՊԸ տնօրեն Ռ. Շահինյանի և Երևանի քաղաքապետարանի միջև:
Ֆեյսբուքում Հովհաննես Ավետիսյանի այս գրառման ներքո քաղաքացիները տեղեկացրել էին, որ նշյալ ընկերությունը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում` 1000 դրամների հիմնադրամում միայն մեկ վճարում է արել, այս տարվա հոկտեմբերին` ընդամենը 8500 դրամ:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացման համար քաղաքային բյուջեից ստույգ 191 մլն 6 հազար դրամ է ծախսում։ Երևանի քաղաքապետարանը «մեկ անձից գնման» ընթացակարգով է պայմանագիր կնքել «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ։ Ըստ Գնումների պետական համակարգի՝ այս ընկերությունն առաջին անգամ է պետական գնման մասնակցում և միանգամից «մեկ անձից գնման» ընթացակարգով` առանց մրցույթի, ինչն էլ իր հերթին կոռուպցիոն լուրջ ռիսկեր է պարունակում: