Բաժիններ՝

«Այդ շենքերը պետության կողմից պահպանվող հուշարձաններ են. այս դեպքում իրենք իրենց պետք է տուգանեն». Մկրտիչ Մինասյան

Այս տարի մայրաքաղաքի ամանորյա զարդարանքի համար ոչ միայն տրամադրվել է 650 հազար դոլար, այլև դրան զուգահեռ՝ քաղաքի հատուկ պահպանվող շենքերի պատերն են վնասվում։ Բանն այն է, որ զարդարելու ընթացքում լույսերը շենքի վրա հարմարեցնելու համար դրանք ծակում են, մասնավորապես՝ մեծ աղմուկ է հանել Կառավարության շենքի և հարակից շենքերի քարերը ծակելը և տեղում հատուկ մեխեր տեղադրելը։ Շատ դեպքերում շենքերի վրայի զարդանախշերն են ծակում։

168.am-ի հետ զրույցում վաստակավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ դեռևս չի տեսել, թե ինչ են անում շենքերը զարդարելիս, սակայն նույնիսկ մեկ դետալ ծակելու իրավունք չունեն։

«Այդ շենքերը պետության կողմից պահպանվող հուշարձաններ են, և հուշարձանների օգտագործման ու պահպանության վարչությունը պետք է տա իր թույլտվությունը, սակայն թույլտվություն տալը ծակելու համար չէ, պետք է նման բան չանեն։ Այդ հուշարձանների պատը, քարը ամեն անգամ ծակելուց այդպես մնում են, ու ստրուկտուրան ամբողջովին փոխվում է, այդպիսով շենքի արտաքին տեսքն աղավաղվում է, այն փչացնում են։ Իրենք այդ ամենը պետք է անեն, բայց շենքին չկպնեն, անջատ անեն»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը՝ եթե որևէ քաղաքացի նույնիսկ թուղթ է փակցնում այդ հուշարձաններին, անմիջապես տուգանվում է, իրենց դեպքում ո՞վ պետք է տուգանի, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց.

«Այս դեպքում իրենք իրենց պետք է տուգանեն։

Ես այդ ամենը դեռ չեմ նայել, բայց անպայման կնայեմ, կարծում եմ՝ անթույլատրելի է, որ շենքերն այդպես ծակեն ու նման միջամտություն անեն, անթույլատրելի է։

Մի ժամանակ օդափոխիչներ տեղադրելիս շատ զարդանախշեր էին փչացնում, սա ուղղակի վայրենություն է»։

 

Տեսանյութեր

Լրահոս