Ո՞վ կստանձնի գլխավոր միջնորդի դերը. Հարավային Կովկասը՝ աշխարհաքաղաքական մրցակցության թիրախում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն այցով տարածաշրջանում է:

Նոյեմբերի 28-ին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կայացած հանդիպման ընթացքում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հաղորդում է, որ Ռիքերն ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին, քանի որ երկու կողմերն աշխատում են կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ:

Նա մեջբերել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերը, որ ուղիղ երկխոսությունը խաղաղության լավագույն ճանապարհն է։

Ռիքերն ընդգծել է Վաշինգտոնի աջակցությունը խաղաղ գործընթացին և հորդորել երկու կողմերին՝ պլանավորել հետագա բանակցությունները և կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղության համար հարթակ ստեղծելու ուղղությամբ։

Իլհամ Ալիևը ևս ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին, հանդիպմանը մտքեր էին փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ հանդիպման առնչությամբ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Վաշինգտոնում կայացել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Նրանք մտքեր էին փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։ Երկու կողմերը վերահաստատել էին հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները։ Հավելենք, որ հոկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող Միրզոյանը հանդիպում էր ունեցել Ֆիլիպ Ռիքերի հետ։

Նախարարը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները։ Սրան նախորդել էր Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այցը Բաքու:

«Մի քանի միտք անցած շաբաթվա վերջին Ադրբեջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ.

1. Ադրբեջանի նախագահի կարևոր հանձնառությունը ԵՄ կողմից աջակցվող ձևաչափին.

2. Շատ մարտահրավերներ մնում են չլուծված: Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար»,- թվիթերյան միկրոբլոգում գրել էր ԵՄ պաշտոնյան: Նոյեմբերի 24-ին էլ Բաքվում էր ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը, ով ավելի վաղ Հայաստանում էր:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ այս պահին ԵԱՀԿ Մինսկի խումբը չի գործում, բայց համանախագահ երկրները կամ հիմնական խաղացողները, այդ թվում՝ Եվրոպական միությունը ջանքեր են ներդնում, որպեսզի կողմերը բանակցեն իրենց օրակարգով ու իրենց առաջարկներով:

Նրա խոսքով, թեև այդ փաթեթները շատ փոքր դետալներով են տարբերվում միմյանցից, Արևմուտքը ցանկանում է, որպեսզի կողմերը բանակցեն Բրյուսելում, իսկ Ռուսաստանը՝ Մոսկվայում:

«Իրենք՝ կողմերը, ճոճանակի նման այս ու այն կողմ են նետվում, բարդ դիվանագիտական գործընթացներ են, որոնցից հերթականը Բրյուսելում կայանալիք հանդիպման չեղարկումն էր Մակրոնի մասնակցության պատճառով:

Ինձ համար հարց է մնում՝ ինչո՞ւ Վաշինգտոնում նախարարական հանդիպմանը Հայաստանը նոր առաջարկներով հանդես եկավ և ինչո՞ւ Բրյուսելում սպասվող հանդիպման այլ ձևաչափ առաջարկվեց:

Ակնհայտ է նաև այն, որ Վաշինգտոնը գոհ չէ գործընթացից, Բլինքենն արտահայտվեց, իսկ ԱՄՆ ներկայացուցիչն Ադրբեջանում նույն ուղերձը փոխանցեց կողմերին, այսինքն՝ գործընթացը փակուղում է հայտնվել, դեմ է առել պատին: Սրանք ընդհատակյա ու բարդ գործընթացներ են: Մոսկվան այս պահին հայտնվել է բանակցային առաջին պլանում, չկա շտապողականություն, քանի որ չկան նաև պատրանքներ, որ կողմերն ինչ-որ բանի հեշտ համաձայնելու են: Բայց անձամբ ՌԴ նախագահը զբաղվում է, բանակցում է, ինչպես տեսնում եք, ադրբեջանական կողմի հետ ինչ-որ հարցերի շուրջ, որոնց մասին կարելի է միայն ենթադրել: Բայց ապակայունացման տարրերով այս դիվանագիտական մրցակցությունը, առճակատումը շարունակվում է նաև Հարավային Կովկասում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս