«Մեր երկիրն այսօր չունի բավարար փորձագիտական ներուժ՝ ուսուցիչների համար առաջադրանքներ կազմելու համար». Ժաննա Անդրեասյան
Այսօր ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց, թե ուսուցիչների ատեստավորման համար արդյունքների միայն 70 տոկոսը դրական համարելը արդյո՞ք բարձր շեմ չէ։
Պատասխանելով, Ժաննա Անդրեասյանը նախ հստակեցրեց, որ այստեղ խոսքը վերաբերում է կամավոր ատեստավորմանը և դրույքաչափի, հավելավճարի փոփոխության համար սահմանված առնվազն 70 տոկոս շեմին։
«Սանդղակն ունի որոշակի տրամաբանություն, ինչը, իհարկե, ցանկացած իրավիճակում քննարկելի է։ Տրամաբանությունը հետևյալն է՝ կամավոր ատեստավորման գործընթացի արդյունքում մենք խրախուսում ենք ուսուցչի մասնագիտական զարգացումը և դրան համարժեք փորձում ենք որոշակի վարձատրության փոփոխության գնալ։ Այստեղ խնդիրը հետևյալն է՝ ո՞ր շեմը համարել խրախուսման համար ընդունելի շեմ, և այստեղ առաջանում է շատ տրամաբանական հարց՝ մեր պահանջը կամավորական ատեստավորման ժամանակ միայն դասավանդվող առարկայի իմացությունն է»,- նշեց ԿԳՄՍ փոխնախարարը։
Ըստ նրա, այստեղ կա առնվազն 3 շեմ։ Առաջինն այն շեմն է, որից հետո որոշում են, որ ուսուցիչն ուղղակի չի անցել ատեստավորումը, և սա 60 տոկոսն է, եթե նա չի հաղթահարել, ապա խնդիր է։ Տվյալ դեպքում պետք է վերապատրաստվի և անցնի պարտադիր ատեստավորում։ Հաջորդը՝ ատեստավորումն անցնելու շեմն է, երբ համարում են, որ ուսուցիչն ունի իմացության բավարար շեմ, սակայն դա այն չէ, որի համար նրան պետք է խրախուսեն։
«Երբ ատեստավորման գործընթացը նոր պետք է սկսվեր՝ 2021 թվականի գարնանը, ամռանը մենք ի սկզբանե շեմը սահմանել էինք 80 տոկոս։
Ցավոք, մեր երկիրն այսօր չունի բավարար փորձագիտական ներուժ՝ ուսուցիչների համար առաջադրանքներ կազմելու համար, հատկապես որոշ ուղղություններով։ Այս իմաստով ունենք խիստ սահմանափակ կարողություններ, սա զարմանալի չէ, որովհետև գործընթացը նոր է սկսվում։ Տարեցտարի գործընթացը կբարելավվի»,- հավելեց Ժաննա Անդրեասյանը։