Երբեմն միջազգային ամսագրերի պահանջներին համապատասխանող հետազոտություն հնարավոր չէ կատարել, քանի որ մեր լաբորատորիաների նյութատեխնիկական բազան չի բավարարում. գիտաշխատող
«Նախատեսվում է ունենալ առնվազն 4 բուհ, որոնք ընդգրկված կլինեն աշխարհի բուհերի լավագույն 500-յակում: Դրա առաջին նախապայմաններից է միջազգային չափանիշներին համապատասխանող հոդվածներ ու ծրագրեր ունենալը: Կարևոր է, որ գիտական աստիճան հայցողները տպագրվեն ոչ միայն տեղական, այլև միջազգայնորեն ճանաչված գիտատեղեկատվական պարբերականներում, որպեսզի գիտությամբ զբաղվողները մրցունակ լինեն աշխարհում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը՝ հավելելով, որ հնարավորություն կստեղծվի արտերկրից ունենալ համաղեկավար՝ ապահովելու Հայաստանի և օտարերկրյա գիտնականների համագործակցության ակտիվ դաշտ:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի բարձրմոլեկուլային միացությունների լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, օրգանական քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ Նաղաշ Միրաքյանի փոխանցմամբ՝ երիտասարդ գիտնականներից շատերն ունեն հոդվածներ՝ ԲՈԿ-ի կողմից ընդունելի շտեմարանների արտասահմանյան ամսագրերում հոդվածներ:
«Ես անձամբ միջազգային ամսագրերում տպագրված 5 հոդվածների համահեղինակ եմ, որոնցից 4-ը՝ ազդեցության գործակից ունեցող ամսագրերում: Յուրաքանչյուր հետազոտող գիտի, որ արտասահմանյան ամսագրերում տպագրվելը շատ բարդ է, որոշ ամսագրերում՝ նույնիսկ անհնար: Դա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Երբեմն ամսագրերի կողմից պահանջվող չափանիշների հետազոտություն հնարավոր չէ կատարել, քանի որ մեր լաբորատորիաների նյութատեխնիկական բազան չի բավարարում նման մակարդակի հետազոտություններ կատարելու համար: Բայց համապատասխան ամսագիր ընտրելու դեպքում, կարծում եմ, տպագրվելը հնարավոր է: Սուբյեկտիվ պատճառներից հիմնականը, կարծում եմ, այն է, որ երբեմն ամսագրի խմբագիրը տեսնելով, թե որտեղ է հետազոտությունը կատարված, անմիջապես մերժում է՝ նույնիսկ առանց հոդվածը կարդալու: Օրերս Գիտության կոմիտեն հայտարարեց համաղեկավար ունեցող դրամաշնորհի հաղթողների ցուցակը: Գովելի է, որ այդ ցանկում որպես արտասահմանյան համաղեկավարներ՝ կային բազում այլազգի գիտնականներ, որոնց փորձը և գիտելիքները վստահաբար կզարգացնեն մեր երկրում գիտության որոշ նորաստեղծ ուղղություններ: Կարծում եմ՝ գիտության մեջ հաջողության հասնելու լրացուցիչ գրավական է նաև արտասահմանյան կոլեգա ունենալը»,- մեզ հետ զրույցում ասաց Նաղաշ Միրաքյանը:
Դիտարկմանը՝ գրագողության դեմ պայքարի հարցում ծրագիր է ներդրվելու, արդյո՞ք այն կօգնի, գիտաշխատողը նշեց, որ կօգնի, բայց 100 տոկոսով չի վերացնի:
«Կարծում եմ՝ գրագողության դեմ պայքարի ամենամեծ ջատագովները պետք է լինեն հենց գիտնականները: Մարդիկ պետք է նույնիսկ չմտածեն կեղծելու մասին, այսինքն՝ հոգեբանությունը պետք է փոխվի: Իսկ ցանկության դեպքում ցանկացած ծրագիր էլ կարելի է շրջանցել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Ավելի վաղ թեմայի առնչությամբ զրուցել էինք նաև ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանի հետ, որ կարևորել էր ծայրահեղությունից խուսափելը:
«Դրական է, երբ խրախուսվում է դրսում հրապարակվելը: Իրոք, մեր գիտական միտքը պետք է դուրս գա միջազգային հարթակ, և նվաճումները ներկայացվեն, սակայն, մյուս կողմից, երբ հետազոտողը պատրաստվում է հրապարակում ունենալ դրսում, լրացուցիչ խթան է, որ նա ուսումնասիրում է դրսում եղած հրապարակումները, ծանոթանում նորություններին: Հումանիտար ոլորտում հիմնական խնդիրը, կարծում եմ, կարծրատիպն է, երբ մենք մտածում ենք, որ այդքան կարևոր չէ միջազգային ամսագրերում հրապարակելը:
Կարծում եմ, այդ կարծրատիպը պետք է կոտրել, բայց ոչ ծայրահեղությունների մեջ ընկնելով. հայերենը, իբրև գիտության լեզու, չպետք է իր դիրքերը զիջի: Վերջերս մասնագետներից մեկն ասում էր, որ իր հոդվածները ստիպված օտար լեզվով է գրում, և դա նշանակում է, որ եթե մի ոլորտից մի քանի մասնագետ սկսի օտար լեզվով գրել՝ հայերենն այդ հատվածում դառնում է երկրորդական լեզու: Այլ կերպ ասած, եթե ամբողջ գիտությունը շուտով գնա դեպի օտար լեզուներ՝ անգլալեզու դառնա, հայերենը կմնա իբրև հաղորդակցման տնային լեզու. մենք չենք ուզում, որ այդպես լինի: Հայերենը եղել է, կա ու պետք է լինի գիտության լեզու: Ուրիշները, եթե ուզում են տեղեկություն ստանալ, նրանք ևս պետք է կարողանան կարդալ հայերեն»,- ընդգծել էր Վիկտոր Կատվալյանը: