Եթե ամբողջ գիտությունը շուտով գնա դեպի օտար լեզուներ՝ հայերենը կմնա իբրև հաղորդակցման տնային լեզու. մենք չենք ուզում, որ այդպես լինի. Վիկտոր Կատվալյան
«Որակական պահանջների համար առանցքային է «ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը». այդ շրջանակում նախատեսվում է ունենալ առնվազն 4 բուհ, որոնք ընդգրկված կլինեն աշխարհի բուհերի լավագույն 500-յակում: Դրա առաջին նախապայմաններից է միջազգային չափանիշներին համապատասխանող հոդվածներ ու ծրագրեր ունենալը: Կարևոր է, որ գիտական աստիճան հայցողները տպագրվեն ոչ միայն տեղական, այլև միջազգայնորեն ճանաչված գիտատեղեկատվական պարբերականներում, որպեսզի գիտությամբ զբաղվողները մրցունակ լինեն աշխարհում»,-լրագրողների հետ զրույցում ասել էԿԳՄՍ նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը:
Նա տեղեկացրել է, որ բնական գիտությունների ոլորտում գիտությունների թեկնածուի աստիճան հայցողների 60-70 տոկոսը միջազգային հրապարակումներ ունի, այնինչ հումանիտար և հասարակագիտական ոլորտում այն կազմում է ընդամենը 2-4 տոկոսը:
Հնարավորություն կստեղծվի արտերկրից ունենալու համաղեկավար, ապահովելու Հայաստանի և օտարերկրյա գիտնականների համագործակցության ակտիվ դաշտ:
ԲՈԿ նախագահը հայտնել է նաև, որ կներդրվի գրագողության բացահայտման նոր ծրագիր:
«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր ու հետազոտող Վաչիկ Խաչատրյանի կարծիքով՝ արտերկրի պարբերականներում հոդվածներ տպագրելու արդյունքում ավելի մրցունակ ես դառնում:
«Ես տպագրվել եմ միջազգային պարբերականներում, երբ Ֆիզիկայի ինստիտուտում էի, բայց երբ թեմաս փոխեցի և եկա տիեզերական սարքաշինության ոլորտ, արդեն մի փոքր բարդ է միանգամից լուրջ հոդվածներ ունենալը, դրա համար գրեթե երկու տարի աշխատում ենք, որ մեկ հոդված կարողանանք գրել: Հիմա հոդվածը պատրաստ է, ցանկանում ենք ուղարկել արտերկրիպարբերականի: Ի դեպ, շատ բարդ է, որովհետև միջազգային հոդվածները պետք է կարդաս, հասկանաս, որպեսզի նոր բան անես և ամբողջ արածին ավելացնես, որ կարողանաս տպագրել»,- մեզ հետ զրույցում ասաց Վաչիկ Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է համաղեկավարին, ապա, հետազոտողի խոսքով՝ ստացվում է, որ կարողանում ես և՛ նոր տեխնոլոգիա Հայաստան բերել, և՛ նրանց օգնությամբ հնարավոր կլինի լավ ամսագրերում տպագրվել:
Անդրադառնալով գրագողությանխնդրին՝ մեր զրուցակիցը նշեց. «Միջազգային ամսագրերում տպագրվելու ժամանակ գրագողություն համարյա չես կարող անել, իսկ հայկական ամսագրերում, այո, շատ են լինում գրագողության դեպքեր»:
ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը կարծում է, որ ծայրահեղությունների մեջ պետք չէ ընկնել:
«Չպետք է այնպես անել, որ իբր թե մերհիմնական նպատակը միջազգային ամսագրերում հրապարակվելն է, չնայած անհրաժեշտ է խուսափել նաև մյուս ծայրահեղությունից:
Դրական է, երբ խրախուսվում է դրսում հրապարակվելը: Իրոք, մեր գիտական միտքը պետք է դուրս գա միջազգային հարթակ, և նվաճումները ներկայացվեն, սակայն, մյուս կողմից, երբ հետազոտողը պատրաստվում է հրապարակում ունենալ դրսում, լրացուցիչ խթան է, որ նա ուսումնասիրում է դրսում եղած հրապարակումները, ծանոթանում նորություններին: Հումանիտար ոլորտում հիմնական խնդիրը, կարծում եմ, կարծրատիպն է, երբ մենք մտածում ենք, որ այդքան կարևոր չէ միջազգային ամսագրերում հրապարակելը:
Կարծում եմ, այդ կարծրատիպը պետք է կոտրել, բայց ոչ ծայրահեղությունների մեջ ընկնելով. հայերենը, իբրև գիտության լեզու, չպետք է իր դիրքերը զիջի: Վերջերս մասնագետներից մեկն ասում էր, որ իր հոդվածները ստիպված օտար լեզվով է գրում, և դա նշանակում է, որ եթե մի ոլորտից մի քանի մասնագետ սկսի օտար լեզվով գրել՝ հայերենն այդ հատվածում դառնում է երկրորդական լեզու: Այլ կերպ ասած, եթե ամբողջ գիտությունը շուտով գնա դեպի օտար լեզուներ՝ անգլիալեզու դառնա, հայերենը կմնա իբրև հաղորդակցման տնային լեզու. մենք չենք ուզում, որ այդպես լինի: Հայերենը եղել է, կա ու պետք է լինի գիտության լեզու: Ուրիշները, եթե ուզում են տեղեկություն ստանալ, նրանք ևս պետք է կարողանան կարդալ հայերեն»,- ընդգծեց Վիկտոր Կատվալյանը:
Դիտարկմանը, որ, օրինակ, հարևան, հատկապես թշնամի երկրներն ամեն ինչ անում են միջազգային ամսագրերում տպագրվելու համար, ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենը նշեց, որ երբեմն պայմանները, աշխարհում տեղի ունեցող գործողությունները ստիպում են, որ կատարվեն գործողություններ, քայլեր նաև այդ առումով և, անշուշտ, հրապարակումներն արտերկրի պարբերականներում պետք է շատ լինեն:
«Մեր ինստիտուտում այս պահին 10-15 հոդված արդեն ուղարկված է միջազգային հանդեսներին: Որոշների մասով պատասխան ստացել ենք, որ ընդունել են: Այս պահին ճիշտ է դրսում հոդված հրապարակելը, սակայն կարծում ենք, որ մեր աշխատանքի հիմնական գնահատականը չպետք է դա լինի»,- շեշտեց Վիկտոր Կատվալյանը:
Խոսելով գրագողության մասին՝ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենն ասաց, որ համացանցը թույլ է տալիս հեշտորեն գրագողությամբ զբաղվել, և ճիշտ է գրագողության դեմ պայքարելու համար ծրագիր ներդնել: