2 միլիոն դոլարով «Նարինե»-ի շտամը վաճառվեց ճապոնացիներին, հայ հեղինակն ի՞նչ ստացավ, գիտե՞ք․ ոչ մի բան․ Հրաչյա Հովհաննիսյան

«Չունենք իրավաբաններ, ովքեր կաշխատեն գիտնականի ու արտադրողի հետ»,- ասում է ՀՀ ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, առաջատար գիտաշխատող Հրաչյա Հովհաննիսյանը։

Գիտնականի հետ զրուցել ենք կատարած հետազոտությունների, ցուցաբերած արդյունքների և խնդիրների մասին։

Նրանք, ովքեր դարձել են կենսաբան, սկզբնական շրջանում երազել են բժիշկ դառնալու մասին։ Դուք ինչպե՞ս եք ընտրել մասնագիտությունը։

Խորհրդային իշխանությունների ժամանակ կային գիտական ճյուղեր, որոնք արգելված էին, օրինակ, կիբերնետիկան, գենետիկան։ Սովորում էի Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանում, որը հիմա կոչվում է համալսարան։ Եղբայրս ևս այնտեղ էր սովորել, ավարտել էր բժշկական ինստիտուտը։ Նա ունեցել էր դասախոս, ով իրենց «Գենետիկա» էր դասավանդել, և որպես գենետիկ՝ Սիբիր էին աքսորել, իսկ աքսորից վերադառնալուց հետո ընդհատակում էր զբաղվում գենետիկայով։ Ես հասկացա, որ դա է իմ ուզածը։ Գենետիկայի շնորհիվ դարձա կենսաբան, մոլեկուլյար գենետիկ և հիմա զբաղվում եմ բակտերիաների գենետիկայով։

Կարդացեք նաև

Շատերին կհետաքրքրի, թե ո՞վ է Ձեր եղբայրը։

– Եղբայրս՝ Միքայելը, դեղագործ էր, մոլեկուլյար գենետիկայի հիմնադիրն էր, իրեն Վիկտոր Համբարձումյանն է հրավիրել Հայաստան։ Այն ժամանակ բնակարան ստանալը մեծ պրոբլեմ էր, 20-30 տարի կարող է քո հերթին սպասեիր, բայց Համբարձումյանն իր հզորությունը կիրառելով՝ երկու սենյականոց բնակարան էր տվել եղբորս։ Նրա ղեկավարը գենետիկ Սոս Ալիխանյանն էր, ով մոտ էր Վիկտոր Համբարձումյանի հետ և խորհուրդ էր տվել, որ եթե ուզում է, որ գենետիկան զարգանա Հայաստանում, ինքն ունի մի շատ տաղանդավոր ասպիրանտ, կարող է հրավիրել աշխատանքի։ Համբարձումյանն այդպես էլ արել էր։ Բարձր դիրք ուներ, բայց երիտասարդների հանդեպ Համբարձումյանը շատ լավ էր տրամադրված։ Ցանկացած հարց լուծում էր։ Միշտ հետևում էր մասնագետներին, ու եթե ինչ-որ խնդիր էր լինում՝ լուծում էր, չէր թողնում, որ վնասեին։ Իր հրահանգով այլ ինստիտուտ տեղափոխվեցի, ու ինձ համար լաբորատորիա բացեցին, դարձա վարիչ։

Երկար տարիներ եղել եք կաթնաթթվային բակտերիաների հետազոտման բաժնի վարիչ։ Որո՞նք էին առաջին ուսումնասիրությունները։

– Ընդհանարպես մոլեկուլյար գենետիկան ի սկզբանե բակտերիաների և դրանց վիրուսների գենետիկան ու բիոքիմիան էր, հատկապես աղիքային ցուպիկը և նրա լյամբլյա բակտերիոֆագը։ Հետո մանրէաբանության և կենսատեխնոլոգիաների ինստիտուտները միացրեցին։ Ի դեպ, Չարենցավանում հիմնել ենք կենսատեխնոլոգիական գործարան, որտեղ մանրէների միջոցով արտադրում էինք ամինաթթուներ, հատկապես՝ լիզին, և գործարանը կոչվում էր «Լիզին» գործարան։ Այնտեղի բակտերիալ վիրուսները հենց մեր արտադրած բակտերիան ոչնչացնում էին։ Գործարանի աշխատանքը կանգ էր առել, և քանի որ վիրուսների հետ աշխատանքի փորձ ունեի, ինձ հաջողվեց աշխարհում առաջին անգամ ցույց տալ, որ այդ բակտերիայի հանդեպ վիրուս գոյություն ունի, և ստացա կայուն շտամ, որն անմիջապես ներդրվեց գործարանում։ Փաստորեն, ինձ հաջողվեց գործարանը երկու շաբաթում ոտքի կանգնեցնել։

Ասպիրանտուրայում էլ ինձ հաջողվել էր աղիքային ցուպիկի մոտ հայտնաբերել նոր գեն, որը Մոսկվայում խանդի տեսարան էր առաջացրել, քանի որ կողքին գրում էին, թե ով է հայտնաբերել։

Իսկ Կաթնաթթվային լաբորատորիան ղեկավարել էր պրոֆեսոր Լևոն Երզինկյանը, որը հայտնի է «Նարինե» կաթնամթերքով, և ես դարձա այդ լաբորատորիայի վարիչը։ ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն եկել էր ինստիտուտ, և ես ասացի, որ ճիշտ կլիներ՝ ինստիտուտում գիտնականների հսկողության ներքո արտադրենք «Նարինե», որը կլինի էտալոն։ Հիմա շատ արտադրություններ կան ՀՀ-ում, որոնք մանրէաբաններ չունեն։ Ճիշտ «Նարինե» ստանալը շատ դժվար է։ Հաճախ վարակներ, շաքարասնկեր են լինում։

Անհրաժեշտություն կար, որ մի տեղ լինի իսկական «Նարինե», որ եթե պետք լինի՝ արտադրողներին տան մերանները, որ կարողանան ճիշտ արտադրել, որովհետև կարող էր լինել նույն տեսակը, սակայն նույն ազդեցությունը չթողնել։ Մինչ օրս փոքր արտադրություն ունենք։

Շուկայում վաճառվում է «Նարինե»։ Ինչպե՞ս մարդը համոզվի, որ դա իրականն է։

– Իսկական «Նարինե»-ն, երբ մի անգամ խառնում եք, ձգվում, մեղրի պես ծորում է և, եթե լավ չծորաց, ուրեմն մի բան այն չէ։ Ասեմ, որ այդ ժամանակներն այնպիսին էին, որ այդքան հնարավորություն չունեինք ճիշտ նկարագրել շտամը, պրոցեսները։ Ընդհանրապես նարինեատիպ կուլտուրաները կոչվում են պրոբիոտիկներ։ Առաջինը Մեսնիկովն է առաջարկել պրոբիոտիկների տեսությունը։ Երբ նա ուսումնասիրում էր լեռնաբնակ երկարակյացների սննդակարգը, հայտնաբերեց, որ հիմնականում նրանք օգտագործում են կաթնամթերք։ Որպես լավ միկրոբիոլոգ՝ գիտեր, որ դա խմորված է, նմուշները տարավ լաբորատորիա և անջատեց այդ բակտերիաները, որոնք կոչվեցին ացիդոֆիլուս։ Նա դրեց հիմքը, որ եթե օգտագործում ես այդ բակտերիաները, այն նպաստում է քո առողջությանը, երկարակեցությանը։ Նրանից հետո զարգացած երկրներում՝ ԱՄՆ, Ճապոնիա, Ֆրանսիա, Գերմանիա, սկսեցին պրոբիոտիկների տեսությունն ավելի զարգացնել։ Ի շնորհիվ պրոֆեսոր Երզինկյանի՝ այդ մշակույթը ներդրվեց Հայաստանում։ Ժողովուրդն արդեն 50 տարի օգտագործում է այդ մթերքը։

Ի՞նչն է պատճառը, որ ՀՀ սահմաններից դուրս չեկավ «Նարինե»-ն։

– ԽՍՀՄ յուրահատկությունն էր, արտասահման ինչ-որ բան բարդ էր արտահանել։ Օգտագործվում էր ու հայտնի էր սոցիալիստական երկրներում։ Արտադրվում է Թաթարստանում, Նովոսիբիրսկում։ Մի ժամանակ հետաքրքրվեցին նաև ճապոնացիները և գնեցին այդ կուլտուրան՝ դրա համար վճարելով 2 միլիոն դոլար։ Խոսքը 30 տարի առաջվա մասին է։ Այստեղ ունենք կազմակերպություն, որ չորացնում է «Նարինե» մածունը, ուղարկում Ճապոնիա և այնտեղ խառնում են բրնձի թեփի հետ։ Ի դեպ, ճապոնացիներին ասել են, որ գնելուց հետո կարող են այլ անուն տալ մթերքին, սակայն նրանք ասել են, որ գեղեցիկ անուն է, ու չեն փոխել։ «Նարինե»-ի շտամը շատ հզոր է, նա շատ խորն է տանում կաթի խմորումը։

– ՍԱՏՄ-ն պարբերաբար հայտնում է, որ աղիքային ցուպիկ են հայտնաբերում կաթնամթերքի մեջ։ Սա պայմանավորված է նրանով, որ քի՞չ մանրէաբաններ ունենք, թե՞ պարզապես ուշադրություն չեն դարձնում։

Ասեմ, որ աղիքային ցուպիկն այնքան շատ չէ կաթնամթերքի մեջ, ինչքան այլ մթերքները, օրինակ աղացած մսի, թռչնամսի մեջ կա, եթե պահում ենք սառնարանում։ Դրանք կոչվում են սննդածին ինֆեկցիաներ։ Սալմոնելան, օրինակ, բազմանում է այնտեղ, եթե լավ ջերմամշակման չի ենթարկվում մթերքը։ Մեթոդ ենք մշակել վարակիչ բակտերիաների դեմ։ Օգտագործում ենք օգտակար պրոբիոտիկ բակտերիաներ, հատկապես կաթնաթթվային բակտերիաներ։ Մշակել ենք բիոմեթոդ․ անջատել ենք կաթնաթթվային բակտերիաներ, որոնք սինթեզում են ջրածնի պերօքսիդ։ Ի տարբերություն աղացած մսի՝ թռչնամսի դեպքում «վաննա»-ներ ենք սարքում, հոսքագիծը գալիս է, իրենք պատվում են այդ բակտերիայով, դուրս են գալիս ու հետո նոր փաթեթավորում են։ Այդ բակտերիաներն ախտածին մանրէներին ճնշում են, չեն թողնում զարգանան։

– Ջրածնի պերոքսիդը թռչնաֆաբրիկաները կամ մսի կոմբինատներն օգտագործո՞ւմ են։

Ոչ, Հայաստանում չեն օգտագործում այդ նոր տեխնոլոգիաները։ Գերմանական երշիկները, նրբեշիկները շատ համեղ են, և դրանք ֆերմենտացվում են կաթնաթթվային մանրէներով։ Դրանք հետո ջերմամշակում են անցնում եռացրած ջրի մեջ, եփվում են իրենց փաթեթի մեջ։ Մերոնք այդ ամենը չեն անում, ասում են՝ դե, վաճառվում են…

– Կարո՞ղ ենք ասել, որ արտադրող և գիտնական կապը խզված է։

Մի քանի ծրագրերի մասնակցեցի, որոնք գիտնականների համար էին, թե ինչպես կարելի է առևտրայնացնել ստացված արդյունքները։ ԽՍՀՄ տարիներին մի քիչ ճիշտ չէր հասկացվում դա։ Էլի հիշեմ պրոֆեսոր Երզինկյանին։ 2 միլիոն դոլարով «Նարինե»-ի շտամը վաճառվեց ճապոնացիներին, չէ՞։ Հեղինակն ի՞նչ ստացավ, գիտե՞ք։ Ոչ մի բան։ Ուղղակի ինստիտուտն իրեն նվիրեց «06» մակնիշի ավտոմեքենա։ Այդ գնով վաճառվեց, ու ամբողջն անցավ պետությանը։

Առևտրայնացումն արվում է լիցենզիա վաճառելով։ Որպես հեղինակ՝ ես արտադրողին պետք է լիցենզիա տամ, պայմանագիր պետք է լինի, սակայն մենք նույնիսկ իրավաբաններ չունենք, որոնք կտիրապետեն այդ ամենին, պայմանագիր կկնքեն այնպես, որ քո գյուտը կիրառելուց ինչ օգուտ ստանան՝ տարեկան 3 տոկոսը քեզ տան։ Կամ՝ միանգամից 10.000 դոլար վճարեն և այլն։ Տարբեր մոտեցումներ կան, բայց չունենք իրավաբան, ով կաշխատի գիտնականի հետ։

Երբ աստղագետներն աստղ են հայտնաբերում, այն կոչում են իրենց անունով Դուք տարբեր աշխատանքներ եք կատարել, որևէ բան Ձեր անունով կոչվե՞լ է։

– Երբ մեկը բույս, բակտերիա է հայտնաբերում, որևէ տեսակ նկարագրում, իր ազգանվան առաջին տառը գրվում է։

– Որպես գիտնական՝ կարծում եք, կատարե՞լ եք բոլոր ուսումնասիրությունները, թե՞ կա մի բան, որը ձգտում եք հայտնաբերել։

– Նույնիսկ փոքրիկ միկրոօրգանիզմներն այնպես են, որ այնքան հանելուկներ կան։ Գիտության նյութն անսպառ է, միշտ ուսումնասիրության նյութ կա։ Աշխատանքն արդյունավետ և արգասաբեր պետք է լինի, որի դեպքում շատ հարցեր են ծագում։ Հիմա ես կարող եմ այդ բակտերիայով աղացած մսի պահպանման ժամկետը մոտ երկու անգամ երկարաձգել ու սա արտադրողին պետք է բացատրեմ։ Միսը կարելի է երկար պահել առանց քիմիական հավելումների՝ կաթնաթթվային բակտերիաների նոր շտամի շնորհիվ։ Սովորաբար աղացած միսը չորս օր է կարելի պահել սառնարանում, իսկ այս դեպքում՝ 10-12 օր։ Երբ ուտեստը պատրաստում եք, տաքացնում, եռացնում, պերոքսիդը գոլորշիանում է, առողջության վրա ազդեցություն չի թողնում։

Տեսանյութեր

Լրահոս