
Թեհրանում հրաժեշտ են տալիս Իսրայելի հարձակման հետևանքով զոհված բարձրաստիճան զինվորականներին ու գիտնականներին

Թեհրանում հրաժեշտ են տալիս Իսրայելի հարձակման հետևանքով զոհված բարձրաստիճան զինվորականներին ու գիտնականներինԻրանի մայրաքաղաք Թեհրանում ընթանում է Իսրայելի հարվածների հետևանքով զոհված բարձրաստիճան զինվորականների, միջուկային ոլորտի գիտնականների և քաղաքացիական այլ անձանց հուղարկավորության արարողությունը։
Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվականը՝ մանրամասնելով, որ արարողությանը մասնակցում է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշիքանը։ Լրատվականի փոխանցմամբ՝ արարողությունն անցկացվում է երկրի մայրաքաղաք Թեհրանի կենտրոնական Էնղելաբ հրապարակում, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել են՝ սգալու իսրայելական հարձակումների զոհ դարձած հայրենակիցներին։
«Նախագահ Փեզեշքիանը մասնակցել է Իրանի համար իրենց կյանքը զոհաբերած մոտ 60 անձանց հուղարկավորությանը»,-նշել է լրատվամիջոցը։
Հաղորդվում է, որ հրաժեշտի երթի մասնակիցները դուրս են եկել փողոցներ՝ քայլելով քաղաքի կենտրոնում և իրենց ձեռքերում պահելով միջուկային ոլորտի զոհված գիտնականների և ռազմական առաջնորդների պաստառներն և պատկերները։
Հունիսի 13-ին Իսրայելի օդային ուժերը հարձակում են սկսել Իրանի վրա՝ հարվածելով միջուկային, ռազմական և այլ օբյեկտներին, ինչի հետևանքով իրանական կողմը հայտարարել է ավելի քան 600 մարդու զոհվելու մասին, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորական հրամանատարների, գիտնականների և քաղաքացիական անձանց:
Այդ հարձակումից ժամեր անց Իրանը սկսել է հակահարվածներ հասցնել Իսրայելի տարածքին։ Մի քանի օր տևած փոխադարձ հրթիռային հարվածներից հետ Միացյալ Նահանգները հունիսի 22-ին ռմբակոծեց Նաթանզի, Սպահանի և Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտները: Հունիսի 24-ին կողմերը հայտարարեցին հրադադարի հաստատման մասին։