Բաժիններ՝

Ստեղծագործական աշխատանքի մեջ ատեստավորումն աբսուրդ է. հանդիսատեսն է որոշում՝ ով է լավ կամ վատ ստեղծագործող. Կարո Շահբազյան

Թատրոնների դերասանների շրջանում խոսակցություններ են պտտվում, որ առաջիկայում ատեստավորվելու են նաև իրենք: Ոմանք դրական են արձագանքում, ոմանց կարծիքով էլ՝ սխալ որոշում է:

«Լավ կլիներ, որ նման բան լիներ, որովհետև տարբերություն չկա: Հաշվի չեն առնում՝ ասենք, 15 տարի թատրոնում աշխատել ես, ի՞նչ ես խաղացել, և մեկ տարվա ընդունված ես, ի՞նչ ես խաղացել: Նույնը՝ ռեժիսորների դեպքում: Հաշվի պետք է առնեն, թե ի՞նչ են բեմադրել, քանի՞ տարվա ռեժիսոր են և ի՞նչ որակի: Մարդ կա՝ 14 տարի թատրոնում է՝ 68.000 դրամ է ստանում, ոչ մեկը չի հետաքրքվում քեզանով: Մարդիկ էլ կան՝ ամիսը մեկ են գործի գալիս, էլի նույն փողն են ստանում»,- մեզ հետ զրույցում ասաց դերասաններից մեկը:

Մյուսն էլ հավելեց. «Եթե արդար կլինի ատեստավորումը՝ թող անեն, միգուցե աշխատավարձն էլ բարձրանա»:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն էլ փոխանցեց, որ ատեստավորման հետ կապված պաշտոնական որևէ բան չկա:

Կարդացեք նաև

«Մեր ոլորտում մեծ մասամբ բոլորը հանրահայտ մարդիկ են, թեկուզև երիտասարդները, և կարծում եմ, որ ատեստավորումը սուբյեկտիվ է: Նախ՝ ո՞վ է ատեստավորողը: Պետք է լինի չափանիշ, որ որոշեն՝ սա լավն է, նա՝ վատը: Ո՞վ է որոշելու՝ ով է լավ, ով է վատ:

Դա սուբյեկտիվ է, որովհետև ստեղծագործական արվեստ է: Իմ կարծիքով՝ ստեղծագործական աշխատանքի մեջ ատեստավորումն աբսուրդ է: Կա շնորհքով մարդ, կա անշնորհք մարդ: Կա շնորհքով դերասան, կա անշնորհք դերասան: Դա հանդիսատեսն է որոշում: Սա սպեցիֆիկ ոլորտ է»,- ասաց Կարո Շահբազյանը:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենը հավելեց՝ իր համար ընդունելի չէ նաև այն, որ ասում են՝ «Թատրոնի մասին» օրենք:

«Այդ բառն արդեն ինձ համար ընդունելի չէ: Թատրոնն օրենքից դուրս է, ստեղծագործական աշխատանքը օրենք չի ճանաչում: Եթե օրենք, ապա դա պետք է լինի թատրոններին պետական աջակցության մասին օրենք»,- եզրափակեց Կարո Շահբազյանը:

Տեսանյութեր

Լրահոս