Մեր թիվ 1 խնդիրը Փաշինյանն է. պետք է վերացնենք այդ խնդիրը, ու ամեն ինչ իր տեղը կընկնի. Գերասիմ Վարդանյան
«Մեր ժողովրդին բաժանել են տարբեր խմբերի՝ ինքներս մեզ ենք բաժանել տարբեր խմբերի, և հենց սա է մեր ամենակարևոր խնդիրներից մեկը, որի մասին կուզեմ խոսել։ Մենք մեզ բաժանել ենք նիկոլականների, քոչարյանականների, դաշնակցականների, ՀՀԿ-ականների և այլ ուժերի ներկայացուցիչների, բայց չէ՞ որ այդ բոլոր խմբերը միասին վերցրած մեր ժողովուրդն են, մեր ազգը, չէ՞ որ մենք բոլորով ապրում ենք նույն հայրենիքում, որտեղ չի կարելի սիրել միայն քո կողմնակիցներին։ Մեր հայրենիքում նույն հայ ժողովուրդն է. հայ ժողովրդի մասնիկ է քոչարյանականը, նիկոլականը, դաշնակցականը, ՀՀԿ-ականը, այլ ուժի ներկայացուցիչը, ուստի, երբ խոսում ենք հայրենասիրությունից, բոլորին պետք է նկատի ունենանք։ Մենք ունենք մեկ խնդիր, այդ խնդիրը Նիկոլ Փաշինյանն է, ուստի պետք է վերացնենք այդ թիվ 1 խնդիրը, ու ամեն ինչ իր տեղը կընկնի։ Մեզ պետք չի բաժանարար գծերն այնքան խորացնել, որ վախենանք անգամ մոտենալ միմյանց»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ Գերասիմ Վարդանյանը։
Դիտարկմանը՝ երբ «Դիմադրության» շարժման ժամանակ հարթակից հնչեցնում են «Ով մեզ հետ չէ, Նիկոլ է» ձևակերպումը, ինչն արեց Իշխան Սաղաթելյանը, արդյո՞ք դրանով չեն խորանում ազգի մեջ առանց այդ էլ առկա բաժանարար գծերը, Գերասիմ Վարդանյանն արձագանքեց.
«Զուտ որպես այդպիսի ձևակերպում, ես դրա հետ համաձայն չեմ։ Գուցե ընդհանուր կոնտեքստից կտրված է այս ձևակերպումը, բայց առաջարկում եմ չմտնել այդ դաշտ, ավելին՝ ես չեմ ցանկանում մեկնաբանել Իշխան Սաղաթելյանի ասածները։ Սաղաթելյանն իմ ընկերն է, և կապ չունի, եթե անգամ սխալ է ասել, ես պատրաստ եմ նրա այդ սխալի համար կանգնել նրա կողքն ու նրա հետ լինել մինչև վերջ»,- ասաց Վարդանյանը։
Հարցին՝ իսկ ՀՅԴ-ն որպես կուսակցություն՝ կարողանո՞ւմ է ապահովել այդ միասնությունը, Գերասիմ Վարդանյանը պատասխանեց.
«Եթե կարողացած լինեինք, այս վիճակում չէինք լինի»։
Հիշեցնենք, որ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցը գրավով փոխվեց 2022 թվականի նոյեմբերի 17-ին։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, բեկանեց ստորադաս դատարանի որոշումը և Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինեց 10 միլիոն դրամ գրավով:
Դաշնակցական գործիչը կալանավորվել էր 2022թ. մայիսի 12-ից: Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` զանգվածային անկարգությունների և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գործով:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում