Արմեն Աշոտյանը՝ Ալիևի ուշագրավ հայտարարության մասին
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրերս Եվրոպական միության Արևելյան գործընկերության գծով հատուկ բանագնաց Դիրկ Շուբելի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի ուշագրավ հայտարարություն է արել, որը դուրս է մնացել հանրային-հասարակական քննարկումներից:
Ալիևը հայտարարել է, որ՝ «Мы готовы говорить с людьми, которые живут в Карабахе и хотят там жить. Мы готовы к этому. Кстати, этот процесс начался. Если не будет вмешательства извне некоторых стран, о которых я только что упомянул, и не будут предприниматься попытки остановить этот процесс, то, считаю, он мог бы идти более динамично. Однако к Пашиняну и его правительству это не имеет никакого отношения. Как я уже сказал, должен быть консенсус между Азербайджаном, Европейским Союзом, Соединенными Штатами и Россией, то есть между теми странами и структурами, которые Азербайджан считает способными оказать содействие в этом деле.»
Ինչո՞վ է ուշագրավ այս հայտարարությունը:
Ադրբեջանի նախագահը, բարձրաձայնում է մի ձևաչափ, որը փաստացի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն է (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ, ի դեմս՝ Ֆրանսիայի):
Միակ խանգարող հանգամանքը, պարզվում է, Հայաստանն է, և առիթից առիթ արտահայտվելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ինստիտուտների դեմ, Ալիևն այդուհանդերձ, փաստացի, արձանագրում է, որ այդպիսի միջազգային ձևաչափը կարևոր է Արցախի ապագայի քննարկումների համատեքստում:
Ուրիշ բան, որ՝
1. ելնելով սեփական շահերից, նա փորձում է կտրել այդ ձևաչափից Հայաստանը,
2. Արցախի սուբյեկտայնությունը լղոզելու համար հարցադրումները ձևակերպում է այնպես, կարծես՝ Ադրբեջանը մետրոպոլիա է:
Բայց փաստը մնում է փաստ. Ալիևի արտահայտած մտքում ԵՄ, ԱՄՆ, ՌԴ համատեղ ջանքերի կարևորության մասին, իրեն ցանկալի ենթատեքստում, այնուամենայնիվ, երևում է ՄԽ համանախագահների ֆորմատի հետագա կենսունակության խոստովանությունը:
Դեռ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանին զգուշացնում էինք, որ սարսափելի վտանգավոր է Մինսկի Խմբի համանախագահության ձևաչափից դուրս, շնչակտուր «երկկողմ» կամ «եռակողմ» ձևաչափերով քննարկել Արցախի հիմնախնդրի հանգուցալուծումն այն դեպքում, երբ, առնվազն դե յուրե, գոյություն ունի ՄԽ մանդատային ձևաչափը:
Փաստորեն, Ալիևի վերոնշյալ արտահայտությունը, եթե ունենայինք նորմալ իշխանություն, կարելի էր օգտագործել ՄԽ համանախագահների ինստիտուտի կենսունակությունը, աշխատանքի ֆրոնտը ընդգծելու և ապահովելու համար, իհարկե, Հայաստանի մասնակցությամբ եւ ԵԱՀԿ ՄԽ մանդատին համահունչ»։