«Ստացվում է՝ մեզ ուղղակի խաբել են այդ սերտիֆիկատ կոչվածով». Տեղահանված բնակիչները չեն կարողանում տուն գնել

Օգոստոսի 25-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված բնակիչների մի մասը ստացել է  բնակարանների սերտիֆիկատները, սակայն չի կարողանում բնակարան ձեռք բերել, բանկերում նրանք բախվում են մի շարք խնդիրների, որի արդյունքում էլ հասկանում են, որ սերտիֆիկատներն առոչինչ են։

168.am հետ զրույցում «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ նախագահ Կարինե Մովսիսյանը ներկայացրեց ծագած խնդիրներր, պարզվում է՝ տեղահանվածների մի մասը ստացել է սերտիֆիկատը, սակայն դրանցով որևէ գործարք չեն կարողանում իրականացնել։

«Մենք ընկնում ենք բանկային համակարգի տակ, և սերտիֆիկատը փաստացի դառնում է թղթի կտոր, որը որևէ բանով ապահովված չէ, նախ տունը պետք է գնահատեն, կանխավճար տան, որևէ սեփականություն ունենան, որոշակի վճարներ անեն և այլն։ Հիմա մարդիկ չեն կարողանում տեղավորվել կանխավճարային գումարի չափի մեջ, նաև կադաստրային վճարների առումով, թեպետ ասում են՝ պետությունը մեկ ամսվա ընթացքում փոխհատուցելու է, բայց ինքս նման որոշում չեմ տեսել, հետևաբար՝ չեմ կարող պնդել, որ կփոխհատուցի։ Բացի այդ, բանկերը չեն տրամադրում իրենց ասած՝ 8,10,14 մլն դրամը, սրանից զատ՝ շահառուի վարկային պատմությունը պետք է մաքուր լինի։ Այսինքն՝ տվյալ պահին նա չպետք է ունենա ժամկետն անց վարկ, ինչ տեղահանվածների 80 տոկոսի համար անհնարին է, քանի որ գրեթե բոլորն ունեն չմարված վարկեր։ Պատերազմից հետո Արցախի կառավարությունը որոշում կայացրեց վարկերը փակելու մասին, բայց որոշ մարդկանց վարկեր մնացել են օդում կախված։ Իսկ եթե շահառուն ունենում է  չմարված վարկեր, բանկերն այդ սերտիֆիկատով ոչ մի գումար էլ չեն տրամադրում»,- նշեց Կարինե Մովսիսյանը։

Նրա խոսքով՝ պետությունը պարտավորվում է բանկի տրամադրած գումարի չափը փակել, սակայն պետության հետ որևէ պայմանագիր կնքված չէ։

Կարդացեք նաև

Ըստ մեր զրուցակցի, կա՛մ ռիսկային որևէ բան կա, կա՛մ բանկերը պետության հետ որևէ համաձայնության չեն եկել, քանի որ կոմերցիոն կազմակերպություններ են ու պետությանը չեն վստահում և գնահատում են իրենց ռիսկերը։

«Այդ ամենին զուգահեռ՝ բանկերն ուզում են նաև աշխատանքի տեղից տեղեկանք, որոշ բանկեր նույնիսկ նպաստ ստանալու վերաբերյալ թղթեր են ուզում, յուրաքանչյուր բանկ իր կանոնադրությամբ ինչ-որ թղթեր է պահանջում։ Չկա հստակեցված կարգ, որ, օրինակ, շահառուն մտնի, բանկին տա սերտիֆիկատը, և առանց որևէ խոչընդոտի իրեն նշված գումարը հատկացնեն  տուն գնելու համար»,- հավելեց Կարինե Մովսիսյանը։

Այս բոլոր խնդիրները հաշվի առնելով՝ նոյեմբերի 24-ին «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ն նախատեսել է բողոքի ակցիա կիրականացնել Կառավարության շենքի մոտ՝ պահանջելու բոլոր խնդիրների լուծում, հակառակ դեպքում տեղահանվածները կմնան առանց բնակարանների։

«Մենք պահանջելու ենք, որպեսզի տեղահանվածներին չդիտարկեն՝ որպես շարքային քաղաքացի, որը մտնում է բանկ՝ հիփոթեքով բնակարան գնելու համար։ Երկրորդը՝ ամբողջ պատասխանատվությունը պետությունը պետք է վերցնի իր վրա, և թղթի վրա պետք է լինի պետության ստորագրությունը։ Ենթադրենք՝ մեկ տարի հետո պետությունը չի կարողանում այդ վարկերը փակել, կամ կառավարություն է փոխվում, ու հաջորդ կառավարությունը որոշում է, որ սա հիմար որոշում է, և չեղյալ է համարում։ Սրա համար են բանկերը բազմաթիվ թղթեր պահանջում, որպեսզի նման իրավիճակի առաջացման դեպքում իրենք կարողանան իրենց գումարները ստանալ։ Սերտիֆիկատը ընդամենը A4 չափի գունավոր թուղթ է, որը մեզանից յուրաքանչյուրը կարող է տպել ու տանել բանկ։

Մեր տեղեկատվությամբ նույն իրավիճակը նաև Արցախում է»,- շեշտեց Կարինե Մովսիսյանը, ապա շարունակելով միտքը՝ տեղեկացրեց, որ պետությունը սահմանամերձ գոտիներում արտոնություն է տրամադրել ու հատկացնում է 14 մլն դրամ՝ տուն գնելու, և 16 մլն դրամ՝ տուն կառուցելու համար։

«Եթե նայում ենք, այսօր ամբողջ Հայաստանն է  սահմանամերձ, չսահմանամերձ գոտի չունենք։ Այդ, որ բանկը կտրամադրի 14 մլն դրամ, ենթադրենք՝ Շուռնուխում տուն առնելու համար, կամ տուն կառուցելու համար՝ 16 մլն դրամ, սա աբսուրդի թատրոն է։ Քաշաթաղից կան շահառուներ, որոնք այնտեղ էին եկել հենց սահմանամերձ շրջաններից և, բնականաբար, իրենք իրենց բնակավայրերում են տուն առնելու, չեն գնալու ուրիշ տեղ առնեն։ Հիմա, եթե մարդկանց ուղարկում են սահմանամերձ գոտի, ապա սահմանամերձի պայմանները լրիվ ուրիշ պետք է լիներ։ Այսինքն, մարդը պետք է ինքն էլ գումար վճարի, որ գնա սահմանամերձում տուն առնի, չէ, եղբայր, այդպես չեն անում, պետությունը պետք է պետական մակարդակով սահմանամերձում ու Արցախում այնպես անեն, որ մարդիկ ցանկանան գնալ»,- ընդծեց նա։

Կարինե Մովսիսյանը տեղեկացրեց, որ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել Սոցապ նախարարության ներկայացուցիչների, ԱԺ  առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հերիքնազ Տիգրանյանի հետ, այդ թվում՝  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմի ղեկավարի հետ։ Բացի այդ, գրավոր նամակներ են գրել տարբեր պետական կառույցների, սակայն դրանք բոլորը մնացել են անպատասխան, նաև հանդիպումների ընթացքում հաշվի չեն առնվել տեղահանվածների որևէ առարկություն։

«Քիչ առաջ մի տեղահանված էր զանգահարել, 10 միլիոնով տուն է գտել գյուղում, պայմանավորվել են, գնացել են, որ արդեն գործարք անեն, գնահատող կազմակերպությունը  տունը գնահատել է 6 մլն, բանկն էլ ասել է, որ 4 միլիոնից ավելի գումար չի տա։ Խնդիրներ կան նաև տների գների հետ կապված, քանի որ 10 միլիոնից պակաս Հայաստանում անհնարին է տուն գտնել։

«Այն, ինչ կատարվում է, խայտառակություն է, ստացվում է՝ մեզ ուղղակի խաբել են այդ սերտիֆիկատ կոչվածով, չնայած ի սկբանե գիտեինք, որ խաբելու են, չէինք հավատում, որ հարթ ամեն ինչ առաջ է գնալու։ Հենց մարդիկ սկսեցին սերտիֆիկատները ստանալ, ավելի պարզ դարձավ, թե որտեղ են մեզ խաբում։

Բանկերի տրամադրած ցուցակով, որտեղ կարող ենք գործարք կատարել, գրեթե 90 տոկոսն այս պահին գործարք չի անում, հայտնելով, որ 10-20 օրից մոտենան կամ հունվարի վերջին»,- եզրափակեց Կարինե Մովսիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս