Կարեն Անդրեասյանը Դիլիջանում եռօրյա փարթի է կազմակերպում
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ իր շռնդալից, կայծակնային մուտքից հետո սկսել է դատավորների ճանաչողական գործընթացը՝ հասկանալու համար՝ ինչպես և որ ուղղությամբ մոտենա նրանց: Եվ եթե, օրինակ, նրա նախորդը Սերգեյ Չիչոյանից առաջ՝ Գագիկ Ջհանգիրյանը, բավարարվում էր դատավորներին տարատեսակ թե՛ անձնական, և թե՛ համակարգային փոփոխությունների խոստումներով, որոնցից կատարում էր միայն առաջինը, Կարեն Անդրեասյանը, բացի խոստումներից, որոնք արդեն իսկ տվել է դատավորների հետ պաշտոնական հանդիպումների ժամանակ, նաև մերձեցման երեկոներ է կազմակերպում:
Այսպես, 168.am-ի տեղեկություններով՝ Կարեն Անդրեասյանն ընդարձակ կազմով նոյեմբերի 25-27-ը հավաք է կազմակերպում Դիլիջանի հյուրանոցներից մեկում: Անունը դրել է «ՀՀ Բարձագույն դատական խորհրդի նախագահի, դատարանների նախագահների և պաշտոնակատարների ժողով»:
Բացի իրենից, եռօրյա հավաքին ներկա կգտնվեն Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը, ԲԴԽ անդամներ Երանուհի Թումանյանցը, Նաիրա Հովսեփյանը, Սերգեյ Չիչոյանը, Դավիթ Խաչատուրյանը, Մեսրոպ Մակյանը, Վիգեն Քոչարյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Նաիրի Գալստյանը, նրա տեղակալներ Արուս Հայրապետյանը, Արեն Մեսրոպյանը, ԲԴԽ և Դատական դեպարտամենտի վարչության պետեր:
Ըստ օրակարգի՝ ԲԴԽ ղեկավար կազմն ու Գրիգոր Մինասյանը դատավորների հետ կքննարկեն քրեական և հակակոռուպցիոն արդարադատության խնդիրները, դատական պրակտիկայի վերլուծության մեխանիզմների արդիականացման և կազմակերպական-վարչական այլ հարցեր:
Հասկանալի է, որ երեք օր գիշեր-ցերեկ հավաքը նաև մասնավոր հանդիպումների և մասնավոր հարցեր քննարկելու լավ հնարավորություն է, և փաստորեն Կարեն Անդրեասյանը նաև դա է նկատի ունեցել՝ անմիջական շփման դաշտ բացելով դատական համակարգի ղեկավարների ու դատավորների համար:
Բնականաբար, կքննարկվեն նաև բարձրագույն իշխանությանը մտահոգող հարցեր, որոնք, իհարկե, ավելի նեղ ֆորմատով ու ավելի զգուշությամբ կշոշափվեն՝ անկանխատեսելի սցենարներից խուսափելու համար:
Ուշադրության կենտրոնում, իհարկե, կլինեն քրեական արդարադատություն իրականացնող դատավորները, որոնց վրա է և իշխանությունների տարատեսակ ճնշումների հիմնական կենտրոնը:
Թե ինչ արդյունք կտա ԲԴԽ նախագահի կազմակերպած փարթին, կերևա հետագայում: Այս պահին նշենք, սակայն, որ ԲԴԽ-ում, մեր տեղեկություններով, Կարեն Անդրեասյանն ունի լիակատար իշխանություն: ԲԴԽ անդամները հլու-հնազանդ ծառայում են նրան, անհնազանդներ չկան:
«Դե, Մեսրոպ Մակյանն էլ, ով նախագահ է դառնում, արագորեն տեղավորվում է նրա հովանու ներքո, մյուսներն էլ իրենց շահերն ունեն՝ մեկը՝ առաջխաղացման հեռանկար, մյուսի տարիքն այն չէ: Միակ լավ բանը, որ Կարեն Անդրեասյանն արել է, Դավիթ Խաչատուրյանին մեկուսացնելն է»,- ասաց ԲԴԽ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը: