«Եկել՝ գերեզմանոցի վիճակը նայել են, պետք է ավերածությունները վերացնեն». Կեչուտ բնակավայրի վարչական ղեկավար

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու արդյունքում Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի մի շարք  գյուղեր ավերածությունների էին ենթարկվել։

Ադրբեջանական կողմը թիրախավորել էր խաղաղ բնակչությանն ու բնակավայրերը։

Վայոց ձորում թշնամին թիրախավորել ու գնդակոծել էր Կեչուտի ջրամբարը և գյուղի գերեզմանոցը։

168.am-ի հետ զրույցում Կեչուտ բնակավայրի վարչական ղեկավար Արտակ Բագրատյանն ասաց, որ սեպտեմբերի 13-ի հարձակման ժամանակ գյուղի բնակչության մոտ 30 տոկոսին տեղափոխել էին անվտանգ վայր, մի քանի օր անց բոլորը վերադարձել են գյուղ։

Կարդացեք նաև

«Եկել գերեզմանոցի վիճակը նայել են, պետք է այդ ավերածությունները վերացնեն»,-նշեց Արտակ Բագրատյանը։

Ըստ նրա, թեպետ գյուղը մեծ վնասներ չի կրել, սակայն գյուղի կրած ոչ մեծ վնասներն արդեն  հաշվարկվել են ու վերացվում են։

Վարչական ղեկավարը նաև փոխանցեց, որ սեպտեմբերի 13-ից հետո ադրբեջանական զինված ուժերը Կեչուտն առայժմ չեն թիրախավորել, մարդիկ անցել են իրենց բնականոն աշխատանքին։

Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին իր ելույթում անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը և դրա հետևանքով հայկական կողմի կրած վնասներին, ասել էր.

«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ։ Օգտագործելով ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր՝ ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գնդակոծել է 36 բնակելի տարածքներ և համայնքներ, այդ թվում՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը, Կապանը, Գեղամասարը։

Ադրբեջանական հարձակումը միտումնավոր թիրախավորել է խաղաղ բնակչությանը և կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքները. Ջերմուկը Հայաստանի հիմնական առողջարանային և զբոսաշրջային վայրերից մեկն է, և այժմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ջերմուկի բոլոր հյուրանոցները, առողջարանային և հանգստի կենտրոնները փակ են։ Այս քաղաքի բոլոր բնակիչները տեղահանված են։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 7600 մարդ, հիմնականում՝ կանայք և տարեցներ, որոնցից՝ 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։

Շուրջ 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն մասնակի կամ ամբողջությամբ ավերված են։ Վնասվել են 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազատար խողովակ, 1 կամուրջ։ Գնդակոծվել է 2 շտապօգնության և 4 մասնավոր ավտոմեքենա։ Թիրախավորվել և գնդակոծության է ենթարկվել Կեչուտի ջրամբարը։ Հարձակման թիրախ են դարձել նաև լրագրողներն ու շտապօգնության մեքենաներ»։

Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ խոսել էր նաև գերիների, անհետ կորածների և զոհերի մասին, ոնց թիվը հետագայում փոփոխության է ենթարկվել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի ժամանակ հայկական կողմն այս պահին 16 անհետ կորած ունի։

Տեսանյութեր

Լրահոս