«Արցախի, այնտեղի մշակութային ժառանգության թեման մեր պետական քաղաքականությունը զգուշորեն, զգոնորեն հեռացնում է իրենից». Համլետ Պետրոսյան

Ադրբեջանական ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ Մեհրիբան Ալիևան բարի կամքի դեսպանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ նոյեմբերի 15-ին նամակ է գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին։

«Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան նամակ է գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) բարի կամքի դեսպանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մեհրիբան Ալիևան, որ 2017 թվականին ամուսնու կողմից նշակավել էր Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնին, ՅՈՒՆԵՍԿՕ-ում իր տիտղոսը զբաղեցնելուց հետո մշտապես հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ կոռուպցիոն գործարքներ իրականացնելու պատճառով։ Ըստ տարբեր լրատվամիջոցների, նա մշտապես գումար է հատկացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կառույցի ծրագրերն իր ուզածով իրականացնելու համար։

ՅՈՒՆԵՍԿՕ-ից Ալիևայի դուրս գալը հնարավորություններ կստեղծի՞, որպեսզի կառույցն անկողմնակալ անդրադարձ կատարի Արցախում Ադրբեջանի օկուպացրած տարածքներում հայկական հուշարձանները ոչնչացնելու քաղաքականությանը և այցեր կատարի այդ վայրեր՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Արցախում Տիգրանակերտի պեղումների հնագիտական արշավախմբի ղեկավար, հնագետ Համլետ Պետրոսյանն անդրադառնալով այս հարցին, պատասխանեց՝ իրատեսական չէ։

«Այդ հրաժարականի ձևական մոտիվն այն էր, որ իբր թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի այցելում, չի ստուգում «հայերի կատարած վանդալիզմն Արցախում»։ Այսինքն՝ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ երկու կողմերն էլ ակտիվորեն բողոքում են՝ հայերն ասում են, որ ամբողջ վանդալիզմն անում է Ադրբեջանը, իսկ Ադրբեջանը նույն ձևի պատասխանում է, որ ամբողջ վանդալիզմն արել են «հայ օկուպանտները», հատկապես՝ իսլամական հուշարձանների հանդեպ։ Այսինքն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցելել-չայցելելը ձևական մի բան է, ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է այցելել Արցախ, եթե դա թույլատրի Ադրբեջանը։ Իսկ Ադրբեջանը կառույցին առաջարկում է այցելել ու նայել միայն այն հուշարձանները, որոնք իրենք են ուզում նայել։ Համաձայն չէ, որ գան ու ստուգեն այն հուշարձանները, որ հայերն են հայտ ներկայացրել։ Այնպես որ, կարծում եմ՝ այդ ամենն ուղղակի շարունակվելու է»,- նշեց Համլետ Պետրոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ միշտ մոռանում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետությունների կազմակերպություն է և ոչ թե վերպետական մի մարմին։ Այն  հազար թելերով կապված է Թուրքիայի, Պակիստանի և հազար ու մի երկրների հետ։

«Անընդհատ թմբկահարել, թե ահա գալու է Աստված ու իր արդար վճիռն է կայացնելու, կարծում եմ՝ այդքան էլ լուրջ չէ։ Ինչ վերաբերում է Ալիևային, ապա խնդիրն այն էր, որ իր մասնակցությունը նշանակում էր ֆինանսական հոսքեր, և հիմա ինքը, գոնե արտաքնապես ակնարկում է, որ այլևս այդ աջակցությունը չի լինելու։ Վերջապես Արիֆ Յունոսովը գրառում էր կատարել, որ խնդիրը նաև կապված է ֆինանսական որոշ բաների հետ, որի պատճառով կարծես թե Ալիևային առաջարկել են ազատման դիմում գրել։ Եվ դա անելու համար պետք է ինչ-որ պատճառ լիներ, և նա պատրվակ է բերել այն, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի այցելում և չի վավերացնում «հայերի կատարած վանդալությունները» հուշարձանների հանդեպ։

Որ ասեմ՝ որևէ բան փոխվելու է, օրինակ, Արցախի մշակութային ժառանգության հարցը, վերաբերմունքն արմատապես փոխվելու է՝ ոչ»,- հավելեց հնագետը։

Ըստ նրա, մյուս կողմից էլ միանշանակ է, որ Արցախի մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի վարած քաղաքականությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին քաջ հայտնի է, նաև միջազգային մշակութապահպան տարբեր կազմակերպություններին։ Եվ եթե հաշվի առնեն, որ մի քանի որոշում են ընդունել, որտեղ հատուկ շեշտվել է հենց Ադրբեջանի հանցակցությունը նման գործերում՝ միանշանակ է, ինչն էլ հայ ինտելեկտուալների կատարած աշխատանքի արդյունքն է։

«Ես որպես օրինակ՝ կարող եմ բերել մեր «Monument Watch»-ը, մարդիկ քանի անգամ են ներկայացրել փաստաթղթեր՝ վկայակոչելով այն ամենը, ինչը մենք ենք անում։ Մեզ ուղղակի հարկավոր է շատ ավելի նպատակային… ինչպես ասեմ՝ անկեղծ ասած՝ այդ ասպարեզում չկա պետությունը, եթե Ադրբեջանի պետությունն է ամեն ինչ անում միջազգային կառույցներում ցույց տալու, ապա Հայաստանի դեպքում, որպես կանոն, անում են մասնավոր մարդիկ, առանձին խմբեր։ Իհարկե, գիտեմ, որ Հայաստանում  արտգործնախարարությունը և Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն աշխատանքներ են անում, բայց այն ներկայացուցչական աշխատանք է, մնացած հիմնական աշխատանքն արվում է անհատների ու խմբերի կողմից»,- շեշտեց նա։

Հարցին՝ եթե այստեղ չկա պետության մասնակցությունը, ապա մեծ արդյունք չպե՞տք է ակնկալել, Համլետ Պետրոսյանը պատասխանեց.

«Դժվարանում եմ ասել։ Մենք քանիցս դիմել ենք և՛ Կառավարությանը, և՛ Անվտանգության խորհրդին՝ ասելով՝ տեսեք, մենք «Monument Watch»-ն անում ենք և տարեկան 40 հազար դոլար ենք ծախսում, մի քիչ էլ դուք օգնեք, բայց իրենք մեր նամակներին չեն պատասխանում։ Արցախի, այնտեղի մշակութային ժառանգության թեման մեր պետական քաղաքականությունը զգուշորեն, զգոնորեն հեռացնում է իրենից։ Իսկ Ադրբեջանի դեպքում վարվում է ընդգծված, մանրամասն մշակված բազմառեսուրս մշակութային քաղաքականություն, որն ունի ագրեսիվ հարձակողական բնույթ, և դա միանշանակ է»։

Տեսանյութեր

Լրահոս