
Այս ֆոնին բյուջե մեծացնելու, բարեփոխումների մասին հայտարարությունները ծայրահեղ ցինիզմ են. Կարեն Վրթանեսյան

Իշխանություններն ու իշխանամերձ շրջանակները 2023 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումների ընթացքում պարբերաբար ընդգծում են պաշտպանության ոլորտին ուղղվող հատկացումների աննախադեպությունը:
Հերթական դրվագը երեկ էր: «Ուզում եմ այս փաստն ընդգծենք՝ 4,5 տարի անց, անցած լինելով պատերազմի և քովիդի միջով՝ առաջարկում ենք բյուջե, որը 2018 թվականի բյուջեից ավելի է 75 տոկոսով։ Ընդ որում, պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 մլրդ դրամ, աճը 2018 թվականի նկատմամբ՝ 113 տոկոս, այսինքն՝ կրկնապատիկից ավելի, և 2022 թվականի նկատմամբ՝ 47 տոկոս»,- խորհրդարանում երեկ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով ԶՈՒ-ում բարեփոխումների իրենց քաղաքականության մասին:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը 168.am–ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններն առաջարկեց դիտարկել ընթացիկ տարվա պաշտպանական ոլորտի բյուջեի ծախսերի թերակատարման համատեքստում:
«Տարին գրեթե ավարտվում է, բայց կեսից էլ քիչ չափով է բյուջեն կատարված: Այսինքն՝ խոսում են բյուջեի ավելացման մասին, սակայն ստացվում է, որ բյուջեի մեծ մասն ուղղակի չի օգտագործվել՝ այն դեպքում, երբ ՀՀ-ն այսօր հենց պաշտպանական ոլորտում անհապաղ լուծելու ահռելի խնդիրներ ունի:
Այսօր մարդիկ ստիպված դրամահավաքներ են անում. Զինված ուժերի համար ինչ-որ սարքավորումներ են գնում, բահեր-քլունգներ, ի դեպ, այդ թվում՝ նաև իշխանամերձ ակտիվիստները: Այս ֆոնին բյուջե մեծացնելու, բարեփոխումների մասին հայտարարությունները ծայրահեղ ցինիզմ է, նշանակում է՝ քաղաքացիներին ծաղրել»,- մանրամասնեց ռազմական փորձագետը՝ հիշեցնելով, որ Պետական բյուջեն օրենք է, իսկ բյուջեն չկատարելը՝ օրենքի խախտում:
Ի պատասխան հարցին՝ արդյոք առկա խնդիրներն արհեստավարժության բացակայության հետևա՞նք են, թե՞ միտումնավոր գործընթաց, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Իմ խորին համոզմամբ՝ սա արվում է միտումնավոր. այս գործողությունների նպատակը ԶՈւ-ն՝ որպես ինստիտուտ, հնարավորինս թուլացնելն է: Փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանը միջոցներ չի խնայում Ազգային գվարդիայի անվան տակ ոստիկանական ինչ-որ նոր ուժային կառույց ստեղծելու համար, որն ուղիղ ենթարկվելու է իրեն, և նույնիսկ հրամանատարն է նշանակվելու իր ուղիղ հրահանգով: Այսինքն՝ ըստ էության, թուլացնելով զինված ուժերը՝ կառուցում է իր համար անձնական օգտագործման բանակ»:
Ի դեպ, նախօրեին պաշտպանական ոլորտի ընթացիկ տարվա բյուջեի թերակատարման մասին խորհրդարանում արձանագրումներ էր արել նաև ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ շեշտելով. «Թվում է, թե բաշխումը համապատասխանում է Հայաստանի առջև ծառացած այսօրվա մարտահրավերներին․ բյուջետային ծախսերի զգալի մասն ուղղվում է երկրի պաշտպանությանը և հայաստանցիների սոցիալական պաշտպանությանը։ Այո, խոստովանենք, որ կես տրիլիոն դրամն իրոք տպավորիչ է։ Բայց վերջնական կարծիք կազմելու համար այցելենք ֆինանսների նախարարության կայք։ Պարզվում է, որ պաշտպանության նախարարությունը ծախսել է այս տարվա համար նախատեսված շուրջ 360 մլրդ դրամից ընդամենը 170 մլրդ դրամը։ Մնացել է ընդամենը 1,5 ամիս և չծախսված 190 մլրդ դրամ»: