
Թեհրանում հայտարարել են Վաշինգտոնի հետ միջուկային գործարքի շուրջ շփումների մասին

Իրանի իշխանություններն ԱՄՆ-ի հետ տեղեկատվության մշտական փոխանակում են կատարում իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման վերաբերյալ: Այդ մասին նոյեմբերի 16-ին հայտարարել Է Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Նա նշել է, որ Իրանը մշտապես հաղորդագրություններ է փոխանակում ամերիկյան կողմի հետ, վերջին փոխանակումը կայացել է անցած 72 ժամվա ընթացքում:
«ԱՄՆ-ն մի շարք արտգործնախարարների կողմից ուղարկված հաղորդագրոթյունների միջոցով ազդարարել է, որ շտապում է ԳՀՀՊ-ի վերականգնման հարցում, սակայն ամերիկացի պաշտոնյաները լրատվամիջոցներին հարցազրույցների ժամանակ հայտարարում են, թե ԳՀՀՊն-ն Վաշինգտոնի առաջնահերթությունը չէ, և շարունակում են աջակցել Իրանում տեղի ունեցող խռովություններին», – Իրանի ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում իրանական Tasnim գործակալությունը:
Աբդոլլահիանը շեշտել է, որ Իրանը երբեք ամերիկյան ճնշման տակ չի հատի իր կարմիր գծերը, կպաշտպանի իր ազգային շահերը և կշարունակի ջանքեր գործադրել բանակցությունների ընթացքում:
Անցյալ տարվանից Վիեննայում ԳՀՀՊ-ն ստորագրող երկրների միջև տեղի են ունեցել բազմաթիվ բանակցություններ, որոնց նպատակն է վերականգնել համաձայնագիրը և չեղարկել Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները։
Միջուկային համաձայնագիրը կնքվել էր 2015 թվականին Իրանի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» ու Գերմանիայի միջև: 2018 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնող Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս էր եկել համաձայնագրից: Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Թեհրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու պատրաստակամության մասին: