Զգուշացումներ և հորդորներ Փաշինյանին. ինչո՞ւ Բլինքենը չի զանգահարում Ալիևին կամ Զելենսկիին
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը սեպտեմբերից սկսած ստանձնել է Հայաստան-Ադրբեջան գործընթացում միջնորդական ակտիվ առաքելություն, օրերս հեռախոսազրույց էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Հայկական կողմն անմիջապես հայտարարություն էր տարածել ստանդարտ ձևակերպումներով.
- Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես, նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և դրան հետևած եռակողմ հանդիպման վերաբերյալ:
- Պետքարտուղար Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:
- Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը և պետքարտուղար Բլինքենի անձնական ներգրավվածությունը:
- Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի, այդ թվում՝ հումանիտար հարցերի կարգավորման վերաբերյալ:
Ամերիկյան կողմը հեռախոսազրույցին անդրադարձավ մեկ օր անց Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի միջոցով և Բլինքենի թվիթերյան գրառմամբ: Նեդ Փրայսի տարածած հայտարարության համաձայն, Էնթոնի Բլինքենը երեկ զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ և ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ աջակցելու երկկողմ խաղաղության քննարկումներին նոյեմբերի 7-ին կայացած բանակցություններից հետո: Փրայսի փոխանցմամբ, Բլինքենն ընդգծել է, որ երկու կողմերին անհրաժեշտ է պահպանել բանակցությունների թափը և խուսափել սադրանքներից:
«Նա նաև հորդորել է շարունակել առաջընթացը կոնկրետ արդյունքների ուղղությամբ՝ աջակցելու խաղաղ գործընթացին»,- նշել է Նեդ Փրայսը:
Պետքարտուղարի թվիթերյան գրառման մեջ ևս շեշտը դրված էր Նիկոլ Փաշինյանին արված հորդորների ու զգուշացումների վրա: Բլինքենը մասնավորապես գրել է. «Վարչապետ Փաշինյանին հորդորել եմ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացած արտգործնախարարների հանդիպումից հետո պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքը: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ջանքերին»:
Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ֆոնին ԱՄՆ-ը իսկապես փորձեց իրավիճակին ավելի արձագանքող դիրքորոշում ստանձնել, ինչ-որ հորդորներ փոխանցել ադրբեջանական կողմին, անել հայտարարություններ, որոնք կարող էին դիտարկվել՝ որպես ի աջակցություն Հայաստանի տարածքային ամբողջականության ձևակերպումներ:
Սակայն ուշադրություն հրավիրենք այն հանգամանքի վրա, որ ամերիկյան կողմի հարավկովկասյան նախապատվություններում կարծես ինչ-որ բան է փոխվել, կամ արտահայտվում են իրական մտադրությունները: Սա, թերևս, վատ նորություն է Հայաստանի արևմտամետների համար:
Վերադառնալով հեռախոսազրույցի թեմային՝ Բլինքենն Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց չի ունեցել, ինչը սովորաբար տեղի է ունենում Բլինքենի հեռախոսազրույցների դեպքում, որով միջնորդը հավասարություն է պահպանում կողմերի միջև: Ակտիվ բանակցային փուլերում միջնորդները սովորաբար առաջնորդվում են հենց այս դիվանագիտական պրակտիկայով: Սակայն նախկինում եղել են նաև դեպքեր, երբ Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ և չի զրուցել Փաշինյանի հետ, ինչպես նաև՝ հակառակը: Սա նման մակարդակով զանգերի դեպքում պատահում է, երբ կարիք կա «աշխատել» կողմերից միայն մեկի վրա ինչ-որ նպատակով, քանի որ մյուս կողմն այդ պահին խնդրահարույց չի դիտարկվում, կամ կա հրատապ թեմա: Նման բան վերջին ամիսներին եղել է, երբ Բլինքենը սահմանային լարված փուլում զրուցել է Ալիևի հետ՝ ներկայացնելով ամերիկյան կողմի հորդորները:
Ներկայումս թե իրականում ինչու է Բլինքենը որոշել զգուշացումներ և հորդորներ ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ բարդ է ենթադրելը փակ բանակցային գործընթացի պատճառով: Բայց դիվանագիտական բառապաշարին ծանոթ վերլուծաբանները գիտեն, որ այս մակարդակով որևէ պատահական ձևակերպում, առավել ևս՝ հորդոր չի արվում: Ակնհայտորեն խնդիրը բանակցային գործընթացն է, որը վերջին շաբաթների ընթացքում փակուղային է թվում և ըստ միջազգայնագետների, խորը տարաձայնությունների պատճառով, այսպես կոչված, Խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգվում է: Այն պայմանագրի, որը բանակցվում էր արևմտյան հարթակում և պետք է ստորագրվեր, ամենայն հավանականությամբ, Բրյուսելում՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի «հովանավորությամբ» և հովանու ներքո, ու որի «գաղտնի» արևմտյան նպատակներից մեկը Հարավային Կովկասում ՌԴ ազդեցությունը վերացնելն է: Ամերիկյան կողմը կարծես մտավախություններ ունի և այս հորդորներով նպատակ ունի առաջ մղել ստորագրման գործընթացը՝ մի պայմանագրի, որին ադրբեջանական կողմը փորձում է հասնել ուժի սպառնալիքի ու անընդհատ ռազմական սպառնալիքի, ռազմական ներխուժումների պայմաններում և մի իրավիճակում, երբ ադրբեջանական զինված ուժերը դուրս չեն գալիս ՀՀ տարածքներից:
Սակայն անհանգստացնողն այն է, որ Բլինքենն Ալիևի նոյեմբերի 8-ին Շուշիում արած սպառնալիքները ու ՀՀ տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմատենչ հռետորաբանությունը փոփոխելու և Ալիևին հորդորներ ուղղելու անհրաժեշտություն չի տեսնում, այլ կարծում է, որ հայկական կողմը «գլուխը կախ» պետք է պայմանագիր ստորագրի ալիևյան հրապարակային ու ռազմական սպառնալիքների ներքո: Կամ՝ գուցե ամերիկյան կողմին անհանգստացնում են հայկական կողմից հնչող հայտարարությունները ռուսական առաջարկների ընդունելիության ու ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի երկարաձգման շուրջ, որոնք, սակայն, միանշանակ բնույթ չեն կրում, հաշվի առնելով ՀՀ իշխանությունների անկայուն աշխարհաքաղաքական դեգերումները: Սակայն դժվար է պատկերացնել, որ որևէ իրավիճակում Բլինքենը կամ արևմտյան որևէ առաջնորդ, դիվանագետ նման հորդորներ կուղղեր Ուկրաինային, ում դեմ Ռուսաստանը ռազմական գործողություն կամ պատերազմ է սկսել:
Ստացվում է, որ Հայաստանի դեպքում աշխարհաքաղաքական որևէ սկզբունք չի գործում, Հայաստանի դեպքում աշխարհում բնական է ընկալվում զգուշացումներ ուղղել կողմին, որն անընդհատ ու անընդմեջ ռազմական ագրեսիայի է ենթարկվում Ադրբեջանի կողմից: Ինչո՞ւ նման հորդորներ չեն ուղղվում Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, կամ անընդհատ զսպման քաղաքականություն չի կիրառվում Ադրբեջանի նախագահ Ալիևի նկատմամբ: Այսօր էլ գոնե չկա արևմտամետների արդարացման առիթը, թե Հայաստանը լիովին ռուսական ուղեծրում է, և ՀՀ-ն Արևմուտքից չպետք է պահանջի, այլ Ռուսաստանից:
Վերջին ամիսների զարգացումները ցույց են տալիս, որ չնայած հայ-ռուսական հարաբերությունները խզված չեն, դրանցում էական լարվածություն կա, ՀԱՊԿ-ում կան լուրջ խնդիրներ, ինչպես նաև ՀՀ-ն բոլոր մակարդակներում Արևմուտքին ցույց է տալիս արտաքին քաղաքական վերաֆորմատավորման ցանկություն: Փաստորեն Հայաստանին նույնիսկ լիարժեք արևմտամետացումը «չի փրկի»:
Սրան զուգահեռ՝ ուշագրավ է դիտարկել Պետքարտուղարության հակաիրանական ու ադրբեջանամետ շեշտադրումները վերջին օրերի ընթացքում իրանաադրբեջանական աննախադեպ սրացման ֆոնին:
Օրերս ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել էր Իրան-Ադրբեջան հարաբերություններին այն համատեքստում, որ վերջերս Թեհրանը հայտարարել էր՝ Իրանում ահաբեկչություն իրականացրած անձանցից մեկն Ադրբեջանի քաղաքացի է:
Լրագրողի հարցին՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա՞ կանգնել և պաշտպանել հարևան երկրներին, եթե Իրանը շարունակի իր հռետորաբանությունը նրանց դեմ, նա պատասխանել է. «Մենք շատ պարզ ասել ենք, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար: Մենք կշարունակենք կանգնել մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց և, ի վերջո, դիմակայել այն ապակայունացնող ազդեցությանը, որը ներկայացնում է Իրանը և իր տարածաշրջանում, և, գուցե, դրանից դուրս»:
Հիշեցնենք նաև, որ ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպանը Ալիևի նոյեմբերի 8-ի ելույթից հետո երկու անգամ կանչվել էր Իրանի ԱԳՆ, վերջին այցի ժամանակ փոխանցվել էր նաև բողոքի նոտա: Միևնույն ժամանակ Ադրբեջանում Իրանի դեսպանն էր հրավիրվել Ադրբեջանի ԱԳՆ: Տեղեկատվական դաշտում ևս իրանաադրբեջանական փոխադարձ «հարվածները» աննախադեպ բնույթ են կրում, և այս հարապատկերին ԱՄՆ-ը իր հաստատուն աջակցությունն է հայտնում Ադրբեջանին: Սա կարծես իր ազդեցությունն է ունենում նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացում ԱՄՆ նախապատվությունների վրա: