Կրեմլը «կողոպուտ» է որակել Ուկրաինային փոխհատուցում տրամադրելու մասին ՄԱԿ-ի ԳԱ բանաձևը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Ուկրաինային փոխհատուցում տրամադրելու շուրջ ընդունված բանաձևը Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների «կողոպուտի պաշտոնականացումն է»։ Պեսկովն ընդգծել է, որ որոշումն իրավաբանորեն պարտավորեցնող չէ, և Ռուսաստանը դեմ է դրան։

ՌԴ նախագահի խոսնակը հավելել է, որ «ռազմական գործողությունների հետևանքով տուժած ուկրաինական օբյեկտների վերականգնման մասին խոսք չկա»։

«Բնականաբար, այս գործընթացի կազմակերպիչները (ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը Ուկրաինային փոխհատուցում վճարելու մասին – խմբ.») փորձում են ավարտին հասցնել մեր ոսկեարժութային պաշարների կողոպուտը։ Կողոպուտի պաշտոնականացում՝ օգտագործելով ՄԱԿ-ը: Որոշումն իրավաբանորեն պարտադիր չէ։ Մենք դեմ ենք»,- Պեսկովի խոսքերն է փոխանցում «Коммерсантъ» պարբերականը։

Հարցին՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ է մասնակցել ռազմական գործողությունների հետևանքով վնասված օբյեկտների վերականգնմանը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում նման աշխատանքներ արդեն իսկ իրականացվում են։ Ռուսաստանից դուրս օբյեկտների վերականգնման մասին «խոսք չկա»:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով կոչ է արվում Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի նկատմամբ միջազգային իրավունքը խախտելու համար, որը ենթադրում է նաև հատուցումների վճարում: Քվեարկությանը մասնակցող 181 երկրներից 94-ը կողմ է քվեարկել բանաձևին, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 73 երկիր: Գլխավոր ասամբլեայի որոշումները իրավաբանորեն պարտադիր փաստաթղթեր չեն՝ ի տարբերություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի։

Բանաձևի համահեղինակներն են Կանադան, Գվատեմալան, Նիդեռլանդները և Ուկրաինան։ Փաստաթղթում առաջարկվում է ստեղծել «Ուկրաինայում Ռուսաստանի անօրինական գործողությունների հետևանքով վնասների, կորուստների փոխհատուցման կամ ավերածությունների վերականգնման միջազգային մեխանիզմ»:

Տեսանյութեր

Լրահոս