«Անդրանիկ Քոչարյանը սրբություն չունի. պետությունը պաշտպանելը նրա համար պատիժ է». Արմինե Ադիբեկյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն այն կարծիքին է, որ խորհրդարան վերադառնալու ընդդիմադիր խմբակցությունների որոշումը տրամաբանական էր, որովհետև փողոցով նրանք չկարողացան հասնել իշխանափոխության:
«Հիմա, ըստ իրենց պնդման, սեփական օրակարգով վերադառնում են ԱԺ, չնայած՝ այստեղ էլ ես կասկածներ ունեմ, որովհետև չեմ պատկերացնում՝ մի քանի հոգով նրանք ոնց են դիմակայելու, և ոնց է նրանց հաջողվելու որոշակի օրակարգ իրագործել՝ ընդդիմանալով մի քանի տասնյակ ՔՊ-ական չուզողների: Ես չեմ պատկերացնում՝ ընդդիմությունն ինչ արդյունք է ակնկալում և ինչպես է այդ արդյունքին հասնելու՝ ԱԺ վերադառնալով: Դա տրամաբանական որոշում է, եթե նրանք ուզում են մնալ քաղաքականության մեջ, ապա կամ պետք է փողոցում կառավարեն ըմբոստ ուժը, կամ ԱԺ-ում որոշումների մեջ մասնակցություն ունենան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ փողոցային պայքարը տապալվեց վատ կազմակերպվածության պատճառով:
Արմինե Ադիբեկյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից և սպասվող ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստից որևէ սպասելիք չունի: Միևնույն ժամանակ, ռուսամետներից ավելի նողկալի է համարում արևմտամետների հայտարարությունները. «Արևմուտքը երբեք իր սեփական շահերը չի զոհաբերի, որ գոհացնի կամ հաճոյանա Հայաստանում բնակվող արևմտամետ քաղաքացիներին: Քաղաքականությունը կոշտ և հումանիզմից հետո հասկացություն է: Դադարեք հավատալ այդ դատարկ խոստումներին: Արևմուտքից ո՞վ եկավ և ասաց, որ մենք ձեզ հենց հիմա զենք ենք տալիս:
Դատարկ խոստումները փոխարինել մի կառույցով, որը, քիչ թե շատ, լավ կամ վատ փորձում է օգտակար լինել… Ուրիշ հարց, որ ես դժգոհ եմ օգնության այդ մակարդակից: Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, Ադրբեջանն է մտնելու այնտեղ: Ռուսաստանն այստեղ արդեն ներկայացված է, զորք հանելը, զորք բերելը երկար պրոցես է, որի ժամանակ ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Ասածս այն է, որ մի ձին մյուսով փոխելուց առաջ մի հատ սկզբից մյուսը գնա՝ գնիր, բեր՝ դռանդ կապիր, նոր մտածիր՝ ինչ ես անում մյուս ձիուն: Դրա համար, ես ո՛չ ռուսամետ կեցվածք դրսևորող քաղաքացիներին եմ համակրում, ո՛չ նրանց հակառակորդներին»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, նա նկատեց՝ Ադրբեջանը մշտապես հայտարարում է, որ Հայաստան չպետք է լինի, իսկ Հայաստանի իշխանությունները դրան չեն ընդդիմանում. «Ադրբեջանի ծրագրերը միշտ հնչեցվել են, մեզ համար ոչ մի բացահայտում չկա: Արցախը Նիկոլ Փաշինյանը դավաճանաբար հանձնեց թշնամուն, եկավ երկրորդ փուլը՝ Սյունիքի փուլը: Փաշինյանը, հանձնողական ուղին բռնելով, մինչև վերջ գնալու է, որովհետև նա չգիտի՝ ինչպես դիմադրել այդ ագրեսիային, նա չի ուզում ռեսուրս ծախսել երկիրը պաշտպանելու վրա, որովհետև հակառակ դեպքում՝ իր կինն ի՞նչ գումարով է գնալու ամբողջ աշխարհով զվռնի, բայց դրա համար նա ամբողջ աշխարհում գանգատվում է, որ Ադրբեջանն օկուպացրել է մեր տարածքները: Իսկ դու ի՞նչ ես արել, որ այդ օկուպացիային դիմադրես: Փաշինյանը չի հասկանում մի կարևոր բան՝ Հայաստանի Հանրապետության երաշխավորողը եղել է ՀՀ բանակը, որը Նիկոլ Փաշինյանը քանդեց, արժեզրկեց և բարոյազրկեց»:
Ըստ Ադիբեկյանի՝ Նիկոլ Փաշինյանը խոչընդոտ չէ Ադրբեջանի համար, և Ալիևը ստանալու է այն ամենը, ինչ ուզում է. «Ասեմ ավելին, վաղը չէ մյուս օրը գալու են՝ մտնեն Արարատյան դաշտ, Նիկոլ Փաշինյանը սեղանի տակից կստորագրի այն ամենը, ինչ նրանից պահանջում են: Նա չգիտի՝ ինչ բան է պաշտպանվել: Նա միայն կարող է միլիոնավոր դրամների աշխատավարձեր վճարել ոստիկաններին, որ նրա ջանուջանդակը պաշտպանեն, նրա համար երկիրը սկսվում և ավարտվում է իր մաշկով. Ի՞նչ Ջերմուկ, ի՞նչ Սյունիք, ի՞նչ Արցախ, ինչի՞ մասին ենք խոսում, դա արժեք չէ այս վարչակազմի համար»:
Այս իրավիճակում ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին և օպերատորներին սպառնում է 25-օրյա հավաքներ ուղարկելով: Ըստ Արմինե Ադիբեկյանի՝ Անդրանիկ Քոչարյանի համարը հարցը մեկ լուծում ունի՝ ուղարկեք սահման՝ թող մահանան այնտեղ. «Նա հարցի ուրիշ լուծում չի տեսնում: Մարդ, որն իր կյանքում սահմանում չի եղել, մարդ, որի համար պետություն, պետության սահմաններ, ժողովրդի անդորր պաշտպանելը պատիժ է, այլ ոչ թե քաղաքացու պարտականություն: Մարդիկ հատուկ կազմաքանդում են մեր բանակը: Անդրանիկ Քոչարյանի համար գոյություն չունի սրբություն, պետականություն՝ որպես արժեք և հասարակություն, որին պետք է պաշտպանել, նրա համար գոյություն ունեն մարդիկ, որոնց կարելի է տանել սարեր, որտեղ նրանք կսպանվեն կա՛մ ցրտից, կա՛մ սովից, կա՛մ հիվանդություններից, կա՛մ էլ հակառակորդի գնդակից, ուրիշ նպատակ նրանք չունեն: Այսինքն՝ բանակը ծառայեցնում են այդ խնդրին, ոչ թե պետության անվտանգությունը պաշտպանելուն»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում