Իրանին անհանգստացնում են այլ դերակատարներ, ոչ թե ՀՀ-ում գտնվող դիտորդները. Փաշինյան

«Իրանը և Ադրբեջանը շատ խորը մշակութային, տնտեսական կապերով իրար հետ կապված բարեկամական երկրներ են, և եթե որևէ հարց կա, բանավեճ կա, իսկ շատ երկրների հարաբերություններում կան այդ բանավեճերը, եկեք՝ չափազանցությունների գիրկը չընկնենք»,-Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությանը, թե ԱՄՆ-ը մտադիր է Ադրբեջանին պաշտպանել Իրանի «սպառնալիքներից»։
Փաշինյանը անդրադարձավ Հայաստանում ԵՄ դիտորդների գործունեությանը, ապա՝ դրա վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը:

«Չեմ կարծում, թե դիտորդներն այստեղ են ամեն օր հայտարարություններ անելու համար: ԵՄ դիտորդներն իրենց գործունեության արդյունքում ավելի խորը հետևություններ պետք է անեն և դրանք փոխանցեն դելիմիտացիայի գործընթացում ներգրավված պաշտոնյաներին, միջազգային հանրությանը: Վստահ եմ, որ այդ հետևությունները կլինեն օբյեկտիվ: Նրանք հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ չեն իրականացնում, նրանց առաքելությունը ավելի խորն է: Պրահայի հայտարարության համատեքստում, երբ կա ճանաչված սահման, պետք է ճշտեն հարաբերությունները այդ ճանաչված սահմաններում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Իրանի անհանգստություններին, ասաց, որ նման հարց իր հետ հանդիպմանը չի բարձրացվեց.

«Եթե Արևմուտքի ներկայությունը ՀՀ-ում, ապա Արևմուտքը Հայաստանում միշտ էլ ներկա է եղել՝ դեսպանատներ կան մեր երկրում, առաքելություններ կան, ներդրումներ կան մեր երկրում և այս դիտորդական առաքելության վերաբերյալ ես կարևոր եմ համարել, որ ծագումնաբանությունը նաև ի հայտ գա, թե ինչպես և ինչու է դիտորդական առաքելությունը եկել Հայաստան: Ես հույս ունեմ, որ մեր տված տեղեկատվությունը բավարար է Իրանի մեր գործընկերների համար, բայց ես չեմ կարծում, թե քաղաքացիական առաքելության ներկայությունը Իրանում որևէ անհանգստություն առաջացնում է: Ես այդպիսի տպավորություն չստացա: Կարծում եմ, որ այլ դերակատարների ներկայությունն է անհանգստացնում Իրանին մեր տարածաշրջանում, և այդ դերակատարները ամենևին էլ Հայաստանի Հանրապետության տարածքում չեն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս