«Ես չգիտեմ՝ ո՞վ է հայտարարել, որ մենք հետախուզական նպատակով ենք օգտագործելու արբանյակը. մեր տիեզերական գործունեությունը բացառապես խաղաղ բնույթ է կրում». ԲՏԱ փոխնախարար

Ամիսներ առաջ իշխանական շրջանակներն ակտիվորեն տարածում էին լուրը, թե մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը, և, որ արբանյակից արված լուսանկարները կօգտագործվեն նաև սահմանների պաշտպանության համար։

Մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը տարածել էր «SpaceX»-ի տեսանյութը՝ կից գրառմամբ, որ SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով թողարկվել է Transporter-5 տիեզերանավը, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակներ:

Նշենք, որ խոսքն իսպանական «Satlantis» ընկերության պատրաստած, ՀՀ-ի կողմից վճարված և առաջիկայում օգտագործման իրավունքն ամբողջությամբ ձեռք բերելու նպատակով ՀՀ-ի կողմից գնված արբանյակի մասին էր, կարող է տրամադրել լուսանկարներ մեկ պիքսելի վրա՝ 1.65մ*1.65մ разрешение-ով։

Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել էր այս թեմային՝ հայտնելով, որ արբանյակի արձակումը հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «Սանտլանտիս» ընկերությունների համագործակցության արդյունք է, և, որ արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն նաև սահմանների հսկողության նպատակով:

Կարդացեք նաև

Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, թե գործ ունենք միջին ցուցանիշ ցույց տվող արբանյակի հետ, և, ըստ էության, մեկ պտույտի ընթացքում ընդգրկող տարածքի լայնությունը 26 կմ է:

«ՀՀ-ն ստանում է ռազմավարական հետախուզության սեփական միջոց: Տվյալ դեպքում խոսքը տեխնիկական միջոցի մասին է: Ցանկացած պետություն պիտի իր ռազմավարական աչքերն ունենա, և ոչ միայն՝ արբանյակի տեսքով, այլև հետախուզական այլ միջոցների»,- շեշտել էր Հովհաննիսյանը և հավելել, որ այս միջոցը չի կարելի համարել զուտ ռազմական, կամ զուտ քաղաքացիական:

«Ռեգիոնալ առումով մեր շրջապատը կարող ենք դիտել և կատարել համապատասխան եզրակացություն՝ մեզ հետաքրքրող օբյեկտները, շարժերը, պրոցեսները, այդ թվում՝ ռազմական նշանակության, և ստիպված չլինել մեկ ուրիշից կախված լինել: Հասկանում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը: Մենք տարիներ շարունակ վիզուալ կամ փոքր ԱԹՍ-ներով կատարել ենք հետախուզություն հակառակորդի տարածք մինչև 1-2 տասնյակ կմ խորության վրա: Հիմա մենք կարող ենք տեսնել ավելի լայն, արագ և խորը: Ռազմավարական հետախուզությունը պետության համար չափազանց կարևոր ոլորտ է, և ցանկացած պետություն այն իրականացնում է ինքը՝ անկախ՝ ինչ չափի պետություն ես: Լավ է՝ եթե ունես դաշնակից, որը կտրամադրի, բայց ինքնաբավությունը տվյալ ոլորտում կարևոր է»,- ընդգծել էր Հովհաննիսյանը՝ բերելով Իսրայելի օրինակը, որն անհրաժեշտության դեպքում ռազմավարական համապատասխան տվյալներ ԱՄՆ-ից է ստանում, բայց գերազանցապես ինքնաբավ է:

Այդ ժամանակ մասնագետներից նշեցին, որ արբանյակը մեծ լուծողականությամբ քարտեզներ ստանալու համար չէ, նրա դիտակներն այդքան մեծ կարողություններ չունեն: Այսինքն, հնարավորությունները բավարար չեն օգտագործելի հետախուզական լուսանկարներ կատարելու համար:

Մասնագետների այս կարծիքը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է նաև ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:

«Ես չգիտեմ՝ ով է հայտարարել, որ մենք հետախուզական նպատակով ենք օգտագործելու արբանյակը, մեր տիեզերական գործունեությունը բացառապես խաղաղ բնույթ է կրում: Բայց անվտանգային նպատակով մոնիտորինգի համար կօգտագործենք»,- շեշտել է Պողոսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կարողացանք լուսանկարները ստանալ և ապացուցել, թե ով է սեպտեմբերին նախահարձակ եղել:

Իշխանական շրջանակներից ասում էին, որ արբանյակը կարող է ունենալ նաև սահմանազատման նշանակություն, այս մասին լրագրողների հիշեցմանը և հարցին՝ արդյո՞ք սա կարող է ազդեցություն ունենալ Հայաստան-Ադրբեջան սահմանագծման և սահմանազատման գործընթացում, ԲՏԱ փոխնախարարը նաև այստեղ է ակամա թե կամա խոստովանում այն, ինչ կա և արվում է իրականում:

«Սահմանազատումը և սահմանագծումը տարբեր գործընթացներ են, կարող է կիրառվել դրա մեջ, տեխնիկապես այդ հնարավորությունները կան, բայց այդ որոշումներն այլ դաշտում են կայացվում»,- ընդգծել է Ավետ Պողոսյանը՝ միաժամանակ շարունակելով, որ արբանյակային տեխնոլոգիաներն օգտագործում են քարտեզագրության, օդերևութաբանական հետազոտության, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում:

Ի դեպ, 168.am-ը դեռ 2021-ի նոյեմբերին էր գրել, որ Ադրբեջանի ռազմական գործողությունները նաև նպատակ են հետապնդում վերահսկել ՀՀ-ի և Արցախի ջրային ռեսուրսները:

Արդյոք ՀՀ իշխանությունները գործնականում գիտակցո՞ւմ են այս կարևորագույն խնդիրը ջրային ռեսուրսների կառավարման համատեքստում:

Դատելով գործող իշխանությունների գործողություններից, նրանց դեպքում կարևորը պահի թելադրանքով հանրության ուշադրությունը շեղող PR «ակցիաներն» են:

Տեսանյութեր

Լրահոս